Լուրեր

Մեկնարկել են ԱԺ հերթական քառօրյա նիստերը

22.02.2016

Փետրվարի 22-ին ՀՀ Ազգային ժողովն սկսել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ներկայացրել է նստաշրջանի, ապա նաեւ՝ քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաեւ մի շարք նախագծեր հետաձգելու մասին որոշումը: Քվեարկությամբ խորհրդարանը հաստատել է օրակարգերի նախագծերը եւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին ԱԺ որոշման նախագիծը:

Այնուհետեւ խորհրդարանը քվերակությամբ վավերացրել է նախորդ քառօրյա նիստում քննարկված ՀՀ նախագահի ներկայացրած ՀՀ եւ Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջեւ 2015 թ օգոստոսի 26-ին ստորագրված «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:

Պատգամավորներն այնուհետեւ սկսել են քննարկել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը տեղեկացրել է, որ հանձնաժողովը ՄԻՊ պաշտոնում առաջադրել է Արման Թաթոյանի թեկնածությունը: Հովհաննես Սահակյանը վստահություն է հայտնել, որ Արման Թաթոյանը կկարողանա լիարժեք իրականացնել Մարդու իրավունքների պաշտպանին առաջադրվող խնդիրներն ու գործառույթները: Այնուհետեւ հանձնաժողովի նախագահը ներկայացրել է ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանի կենսագրությունը, ստացած կրթությունն ու աշխատանքային ուղին, գիտամանկավարժական գործունեությունը:

ՄԻՊ թեկնածու Արման Թաթոյանն իր ելույթում նշել է հայեցակարգային այն մոտեցումներն ու սկզբունքները, որոնց իրացումը հնարավորություն կտա առավել բարձրացնել իրավունքների պաշտպանության վիճակը Հայաստանում: Ըստ նրա՝ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանությունը յուրաքանչյուր պետության ամենազգայուն եւ կարեւորագույն ոլորտներից է, որը կարող է ունենալ անմիջական ազդեցություն ինչպես երկրի զարգացման, այնպես էլ յուրաքանչյուր անձի պաշտպանվածության վրա: Իրավունքների պաշտպանությանն ուղղված գործունեությունը, ըստ Արման Թաթոյանի, լի է մարտահրավերներով, որոնք անընդհատ փոփոխվում են ՝ պահանջելով նոր մոտեցումներ:

Արման Թաթոյանի ձեւակերպմամբ` մարդու իրավունքների պաշտպանը պետք է ընկալվի ոչ թե որպես պետությունից օտարացած, այլ այնպիսի սուբյեկտ, որը, լրացնելով պետական ինստիտուտների համակարգը եւ վեր լինելով որեւէ գերատեսչական շահից՝ նպաստի իրավունքների պաշտպանության ողջ համակարգի ուժեղացմանը:

Արման Թաթոյանը նկատել է, որ մեր երկրում շարունակում են չլուծված մնալ այնպիսի խնդիրներ, որոնք պատճառ են դառնում մարդու իրավունքների կամ ազատությունների բազմաթիվ խախտումների:

ՄԻՊ թեկնածուի խոսքով՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է քրտնաջան եւ համագործակցված աշխատանք իրավական համակարգի բոլոր մասնակիցների հետ:

Արման Թաթոյանի կարծիքով՝ ՄԻՊ-ի սահմանադրական գործառույթները վկայում են, որ ինստիտուտի իրավապաշտպան գործունեությունը պետք է խարսխված լինի երկու հիմնարար ուղղությունների վրա՝ իրավունքների եւ ազատությունների պահպանմանը հետեւելը, իսկ խախտման դեպքում՝ դրանց վերականգմանը նպաստելը՝ անհատական բողոքների քննարկման միջոցով:

ՄԻՊ պաշտպանը, Արման Թաթոյանի ձեւակերպմամբ՝ որպես պետական պաշտոնատար անձ, պետք է պահպանի բացարձակ անաչառություն եւ իր գործառույթներն իրականացնի արդարության եւ հավասարության պայմաններում:

Նա կարեւորել է նաեւ ՄԻՊ-ի համագործակցությունը քաղաքացիական հասարակությունների, խորհրդարանի եւ դատական իշխանության հետ:

ՄԻՊ թեկնածուին ԱԺ պատգամավորները բազմաթիվ հարցեր են ուղղել, որոնք առնչվել են մարտիմեկյան դեպքերի վերաբերյալ զեկույցի հարցում ՄԻՊ թեկնածուի դիրքորոշմանը, Հայաստանում քաղաքական հետապնդման հնարավոր դեպքերին, ոլորտում առկա օրենսդրական բացերին, դատական եւ արտադատական գործընթացների ընթացակարգերին, սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում հանդիպող խնդիրներին, հանրային գերակա շահ ճանաչված շինությունների քանդմանը, «ՄԻՊ մասին» ՀՀ օրենքի փոփոխությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի վերաբերյալ գործերի քննության հարցում որպես ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ՝ պարոն Թաթոյանի մասնակցությանը, խորհրդարանի հետ սպասվելիք համագործակցությանը եւ այլ հարցերի: Ոլորտում արդյունավետ ձեռքբերումներ արձանագրելու հարցում Արման Թաթոյանը կարեւորել է համատեղ աշխատանքն ու կառուցողական համագործակցությունը:

ՄԻՊ թեկնածուի վերաբերյալ ելույթ են ունեցել ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ռուզաննա Մուրադյանը, Հովհաննես Մարգարյանը, Զարուհի Փոստանջյանը, Վահան Բաբայանը, Նաիրա Զոհրաբյանը, Կարեն Բեքարյանը, Նաիրա Կարապետյանը, Միքայել Մելքումյանը, Նիկոլ Փաշինյանը, Էլինար Վարդանյանը, Էդմոն Մարուքյանը, Վահե Էնֆիաջյանը:

Մարգարիտ Եսայանը նշել է, որ խորհրդարանն ընտրելու է Մարդու իրավունքների այնպիսի պաշտպան, ով իր գործունեության ընթացքում հավասարաչափ պաշտպանելու է եւ ընդդիմության, եւ իշխանության շահը, ՀՀ քաղաքացու իրավունքները՝ անկախ նրանից, թե ով է ոտնահարողը՝ իշխանության ներկայացուցիչը, թե որեւէ այլ կառույց: Ռուզաննա Մուրադյանը խոսել է վերջին տարիների ընթացքում կառույցի գրանցած առաջընթացներին եւ նշել, որ նոր Սահմանադրությամբ ընդլայնվում է ՄԻՊ-ի գործունեությունը: Պատգամավորի կարծիքով՝ անհրաժեշտ է ոչ միայն համակարգել եւ արդյունավետ դարձնել ինստիտուտի գործունեությունը, այլեւ տարբերակել խախտումները եւ հստակեցնել դրանք ըստ ոլորտների: Հովհաննես Մարգարյանը, անդրադառնալով ՄԻՊ ինստիտուտին, նշել է, որ օրենսդրությամբ կառույցի համար սահմանված չեն անկախ գործելու երաշխիքներ: Պատգամավորն անհրաժեշտ է համարել առաջիկայում օրենսդրությունում կատարել համապատասխան փոփոխություն՝ ապահովելու նրա անկախ գործելու երաշխիքները: Զարուհի Փոստանջյանը, դեմ լինելով ներկայացված թեկնածուին, նշել է, որ Արման Թաթոյանը ՄԻՊ պաշտպան ընտրվելու դեպքում չի կարողանալու սպասարկել հասարակության շահը: Զարուհի Փոստանջյանը դեմ է քվեարկելու: Վահան Բաբայանն իր դիտարկումներն է ներկայացրել ՄԻՊ–ի ինստիտուտի վերաբերյալ: Պատգամավորը նշել է, որ կողմ է քվեարկելու: Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրել է, որ չի կարող կողմ քվեարկել թեկնածուին, քանի որ չունի երաշխիքներ՝ դիմակայել իշխանության եւ տարբեր կառույցների կողմից արվող ճնշումներին: Կարեն Բեքարյանը խոսել է հանրության լայն շերտերին վերաբերող խնդիրներից: Նա նշել է, որ կողմ է քվեարկելու: Նաիրա Կարապետյանը, կողմ լինելով թեկնածուին, անդրադարձել է հասարակության կողմից ՄԻՊ ինստիտուտի ընկալմանը: Միքայել Մելքումյանը կարեւորել է ՄԻՊ-ի անկախության ձեռքբերումը: Պատգամավորը կոչ է արել ՄԻՊ-ին համատեղ համագործակցության: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ իր նախընտրելի թեկնածուն եղել է ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Նա դեմ է արտահայտվել Արման Թաթոյանի թեկնածությանը: Էինար Վարդանյանը դրական է արտահայտվել Արման Թաթոյանի թեկնածության վերաբերյալ՝ նշելով նրա բանիմացությունը: Նա անդրադարձել է քաղաքացիների սոցիալական պաշտպանվածությանը վերաբերող խնդիրներին: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ ներկայացված թեկնածուն ունի մասնագիտական մեծ ունակություններ, ինչը բավարար է, որ նա լինի Մարդու իրավունքների լավ պաշտպան: Վահե Էնֆիաջյանը կարեւորել է ՄԻՊ ուժեղ ինստիտուտ եւ կայացված համակարգ ունենալը: Վահե Հովհաննսիյանը կարեւորել է, որ թեկնածուն ընտրվելով ՄԻՊ պաշտոնում աշխատի անկախ եւ չլինի կաշկանդված կուսակցական պատկանելիությունից:

Ազգային ժողովը հարցի քննարկումը կշարունակի փետրվարի 23-ի նիստում:
 

← Վերադառնալ ցուցակին