Լուրեր

Մեկնարկեցին ՀՀԿ ԵԿ և ԿԱՀ համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում.Սահմանադրական բարեփոխումներ»խորագրով երկօրյա դասընթացները

11.03.2016

Մարտի 11-ին «Հայաթ Փլեյս» հյուրանոցում մեկնարկեցին «Քաղաքական մարտահրավերները Հայաստանում. Սահմանադրական բարեփոխումներ»խորագրով երկօրյա դասընթացները:

Ծրագիրն իրականացվում է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի(ԿԱՀ) համատեղ նախաձեռնությամբ: Դասընթացներին մասնակցում են ՀՀԿ ԵԿ Երևանի խորհրդի շուրջ 20 երիտասարդներ:

Ծրագրի պաշտոնական բացմանը ներկա էր նաև ՀՀԿ ԵԿ ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, ով իր խոսքում նշեց, որ նման դասընթացներ անցկացվում են միայն ՀՀԿ-ական երիտասարդների համար, որը կուսակցության կատարած մեծ աշխատանքի արդյունքներից է: ՀՀԿ ԵԿ ղեկավարը մասնակիցներին խորհուրդ տվեց դասընթացների նկատմամբ խորքային մոտեցում ցուցաբերել և ստացած գիտելիքներով կիսվել կուսակցական մյուս ընկերների հետ:

Նշենք, որ դասընթացները վարելու են ոլորտի լավագույն մասնագետները:
Ծրագրի մեկնարկային օրվա առաջին դասընթացը վարեց ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի Սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, ով ներկայացրեց սահմանադրական բարեփոխումների ներածական հատվածը և սպառիչ պատասխաններ տվեց թեմայի վերաբերյալ երիտասարդների տարատեսակ հարցերին:

Ծրագրի առաջին օրվա ընթացքում նախատեսված են ևս երկու դասընթացներ` բանակցային հմտությունների, կոալիցիայի կազմման և սահմանադրական բարեփոխումների` որպես ժողովրդավարության զարգացման խթանի ու մարդու իրավունքների վերաբերյալ, որոնք կվարեն համապատասխանաբար ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական գիտության պատմության և տեսության ամբիոնի ներկայացուցիչ, քաղաքական գիտությունների թեկնածու, դոկտոր Խաչիկ Գալստյանը և ՀՀ ՍԴ իրավաբանական խորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ, իրավաբանական գիտությունների թեկնածու Սամվել Առաքելյանը:
 

← Վերադառնալ ցուցակին