Լուրեր

Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակին արժանացել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լավագույն ուսանողուհին

12.03.2016


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում ներկա է գտնվել երջանկահիշատակ վարչապետ, բուհի շրջանավարտ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի հանձնման հանդիսավոր արարողությանը։
Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակը հատկացվում է բակալավրիատի՝ առավել աչքի ընկնող, վերջին 4 կիսամյակներում անընդմեջ գերազանց առաջադիմություն և հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին՝ մեկ ուսումնական տարվա համար:
ՀԱՊՀ ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանն իր ողջույնի խոսքում առանձնակի կարևորելով մեծ հայի բուհի հանդեպ նվիրվածությունը, ընդգծել է, որ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանն ու պոլիտեխնիկականները մշտապես զգացել են Անդրանիկ Մարգարյանի հետևողականությունը կրթական համակարգի արժևորման, այդ թվում նաև բուհի առջև ծառացած խնդիրների լուծման հարցում:
Միջոցառմանը ներկա ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Նիկոյանը, կարևորելով ձևավորված ավանդույթի շարունակականության ապահովումը, նկատել է, որ Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակ ստանալը մեծ պատասխանատվություն է յուրաքանչյուր ուսանողի համար, ինչը հորդոր է նմանվելու մեծ հային, ով իր ողջ կյանքը նվիրել է իր ժողովրդին ու պետությանը:
Անդրանիկ Մարգարյանի անվան կրթաթոշակի արժանացած բուհի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանողուհի Լուսինե Նաջարյանին հավաստագիրը հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
«Ես այսօր այստեղ եմ ոչ որպես Երևանի քաղաքապետ, այլ որպես Մարգարյան ընտանիքի անդամ ու մեր ընտանիքի անունից իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում ռեկտորին, ուսանողներին ու դասախոսական կազմին՝ այս բարի ավանդույթը վերսկսելու, շարունակելու և իմ հոր անունը միշտ վառ պահելու համար»,- ընդգծել է քաղաքապետը: 

← Վերադառնալ ցուցակին