Լուրեր

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

18.03.2016

Երևանի ավագանին մարտի 18-ին գումարված հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հավանություն է տվել ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Արշակ Ադամյանի, ինչպես նաև ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի ականավոր գործիչ Էդուարդ Թումանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Այնուհետ ավագանին քննարկել և հաստատել է Երևան քաղաքի 2015թ․ բյուջեի հաշվետվությունը, համաձայն որի եկամուտների մասով կատարողականը կազմել է 108,4%, ինչը նախորդ տարվա համանման ցուցանիշից ավել է 12,6%-ով։ Հարցը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը նշել է, որ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել և փաստացի կատարողականի սահմաններում ստանձնած բոլոր պարտավորություններն ամբողջությամբ ֆինանսավորվել են:
Ավագանու մեկ այլ որոշմամբ ի գիտություն է ընդունվել Երևանի զարգացման 2015 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:
Երևանի ավագանին քննարկել և քվեարկությամբ հավանություն է տվել նաև ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ռեժիսոր-վավերագրող, սցենարիստ, դերասան, ՀԽՍՀ և ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան օտարելու մասին որոշմանը:
Ավագանին հավանություն է տրվել նաև թավջութակահար, Չայկովսկու անվան միջազգային մրցույթի ոսկե մեդալակիր, «Մովսես Խորենացի» մեդալակիր Նարեկ Հախնազարյանին անհատույց սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու մասին որոշմանը:
Ավագանու նիստում քննարկման է ներկայացվել նաև մայրաքաղաքի Հալաբյան փողոցի հ.2 հասցեում Թումանյանի անվան զբոսայգու զբաղեցրած հողամասի մասով Սիմոնյան կրթական հիմնադրամին ընթացիկ տարվա համար հողի հարկի գծով արտոնություն տրամադրելու մասին որոշման նախագիծը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվել է հիմնադրամի կողմից մինչ այժմ զբոսայգում մեծածավալ բարեկարգման, ինչպես նաև այգու պահպանման ուղղությամբ կատարված աշխատանքներով, որոնք շահույթ ստանալու նպատակ չեն հետապնդում, զբոսայգին էլ մշտապես պահվում է բարեկարգ և օգտագործվում է ըստ նշանակության:
Հաշվի առնելով վերը նշված հիմնավորումը, ինչպես նաև կարևորելով տվյալ տարածքում Սիմոնյան կրթական հիմնադրամի «Թումո» կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերի դերն ու նշանակությունը, Երևանի ավագանին ընդունել է որոշումը:
Նիստի ընթացքում ավագանին փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած մի շարք որոշումներում, ինչպես նաև հավանություն է տվել օրակարգում ընդգրկված մյուս հարցերին:
Ընդմիջումից հետո տեղի ունեցած հարց ու պատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետը և աշխատակազմի տարբեր ստորաբաժանումների պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 27-ին:

 

← Վերադառնալ ցուցակին