Լուրեր

Տարոն Մարգարյան. «Երևանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր հայրենակիցների ու հյուրերի առջև»

21.03.2016

Երևանի քաղաքապետարանում հրավիրված աշխատանքային խորհրդակցության շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն աշխատակազմի հետ քննարկել են «Արի տուն» ծրագրի 2016թ.-ի անելիքները:


Առանձնակի կարևորելով Երևան քաղաքում ծրագրի պատշաճ կազմակերպումը` Տարոն Մարգարյանը տեղում պատասխանատուներին հանձնարարել է նախապատրաստական աշխատանքներ տանել ծրագրի՝ քաղաքապետարանի և վարչական շրջանների մասով լիարժեք կազմակերպման և իրականացման ուղղությամբ:


«Արդեն ավանդական դարձած այս ծրագրի շնորհիվ Սփյուռքի նախարարության հետ մենք բազմաթիվ երեխաների ենք հյուրընկալել Երևանի վարչական շրջանների հյուրընկալ ընտանիքներում: Համոզված եմ, որ այս տարի էլ թե՛ 12 վարչական շրջանների ղեկավարները, թե՛ վարչության պետերն ու ողջ անձնակազմը պատրաստ են «Արի տուն» ծրագրի մեկնարկին և երեխաների պատշաճ ընդունելությանը», - ընդգծել է Տարոն Մարգարյանը:


Շնորհակալություն հայտնելով ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի կողմից մշտապես ցուցաբերվող աջակցության և պատրաստակամության համար՝ Հրանուշ Հակոբյանը նկատել է, որ «Արի տուն» ծրագիրը դարձել է համահայկական հզոր ցանց, որին մեծ աջակցություն է ցուցաբերում մայրաքաղաք Երևանը:
«Նախարարության բոլոր մասնակիցների անունից ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել Երևանի քաղաքապետարանին՝ անձամբ Ձեզ, պարոն քաղաքապետ, ինչպես նաև վարչական շրջաններին, այն մեծ աշխատանքի համար, որ արվում է: 2015թ. շուրջ 1100 երեխաներ հնարավորություն ստացան իրենց ամառային հանգիստն անցկացնել Երևանում: Պետք է նշեմ, որ այն ընտանիքները, որոնք իրենց դռները բացում և հյուրընկալում են մեր երեխաներին, դառնում են հայրենիք-սփյուռք գործակցությունը զարգացնելու ամենամեծ կապող օղակը»,- նշել է նախարարը:


ՀՀ սփյուռքի նախարարը նաև հավելել է, որ ծրագրի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերած անձանց և գերատեսչություններին խրախուսելու նպատակով սահմանվել են մի շարք մրցանակներ: Այդ համատեքստում «Արի տուն» ծրագիրը համակարգող հանձնաժողովի որոշմամբ «Վստահելի գործընկեր» է ճանաչվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: «Լավագույն վարչական շրջան» անվանակարգի վկայականը շնորհվել է Էրեբունի, «Ակտիվ վարչական շրջան» վկայականը՝ Նոր Նորք, իսկ «Աջակից վարչական շրջան» վկայականը`Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններին: Բացի այդ, այս տարի նախարարության կողմից սահմանվել է նաև խրախուսական մեկ այլ մրցանակ, համաձայն որի 10 երեխա կմեկնի Բաթում` հանգստանալու: «Արի տուն» ծրագիրը համակարգող հանձնաժողովի որոշմամբ խրախուսական ուղեգրերից 5-ը տրամադրվել է Երևան քաղաքին:


Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ համայն հայության մայրաքաղաք Երևանի հյուրընկալ դռները միշտ բաց են բոլոր հայրենակիցների ու հյուրերի առջև: 

← Վերադառնալ ցուցակին