Լուրեր

ՀՀԿ ԵԿ անդամները հանդիպել են դուդուկի մեծ վարպետ Ջիվան Գասպարյանի հետ

17.06.2016

Հունիսի 16-ին «Բար Կարոլա» ակումբում կազմակերպվող մշակութային բուհերի ուսանողների հերթական հանդիպման հյուրը դուդուկի մեծ վարպետ, կոմպոզիտոր Ջիվան Գասպարյանն էր։ Արվեստի նշանավոր գործիչների հետ հանդիպումների շարքը տեղի է ունենում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության մշակութային հանձնաժողովի նախաձեռնությամբ։


Վարպետ Ջիվանը հանդիպման ընթացքում երիտասարդներին պատմել է իր կյանքի, անցած ճանապարհի մասին՝ նշելով, որ դժվար պայմաններում է դարձել Ջիվան Գասպարյան։ Առաջին անգամ Մոսկվայում եղել է 1947թ., երբ 19 տարեկան էր։ Այդ ժամանակ էլ իր առաջին մեծ բեմելն էր, ելույթ է ունեցել Կրեմլում, որտեղ ներկա էր Ստալինը, ով էլ երիտասարդ երաժշտին նվիրել է «Պոբեդա» ժամացույց։ Տարբեր միջազգային մրցույթներից ստացել է 21 մրցանակ։ Հանդես է եկել ամենահեղինակավոր համերգասրահներում, անվանի երաժշիտների, կոմպոզիտորների, ամենահայտնի նվագախմբերի հետ։ Նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան ամենահայտնի ֆիլմերում։ «Աշխարհին ներկայացրի այս փոքրիկ փայտիկը։ Բոլորը զարմանում էին, թե ինչ գեղեցիկ ձայն ունի դուդուկը։ Հիմա շատ աշակերտներ ունեմ Իտալիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում։ Ամբողջ կյանքս նվիրել եմ արվեստին, աշխարհի գրեթե բոլոր երկրներում եղել եմ և միշտ հանդես եմ եկել կենդանի կատարումով։ Իմ հրավերների միայն 5 տոկոսն է եղել հայերի կողմից։ 20 հազար համերգ եմ նվագել, 2000-ից ավելի ձայնագրություններ ունեմ, մասնակցել եմ 40 ֆիլմերի նկարահանմանը։ Բայց երբեք հայկական ակունքներից չեմ շեղվել, երբեք օտար երկրների, ազգերի մեղեդիներ չեմ օգտագործել։ Ամենալավ արվեստն աշխարհում հայկականն է, հատկապես մեր դասական երաժշտությունը՝ Կոմիտաս, Եկմալյան և այլն»,- նշել է Ջիվան Գասպարյանը։


Նա երիտասարդներին խորհուրդ է տվել երբեք չհուսահատվել դժվարություններից. «Կյանքս անցավ շատ հետաքրքիր, մի ակնթարթի պես՝ և՜ շատ տխուր, և՜ շատ ուրախ։ Մարդը չի կարող միշտ ուրախ լինել։ Ոչ մեկի տանն անվերջ ուրախություն չկա։ Բնությունն այնպես է ստեղծված, որ մարդուն և՜ պետք է ցավացնի, և՜ ուրախացնի։ Այդպես է աշխարհի օրենքը։ Այնպես որ՝ եթե հանկարծ մի քիչ նեղության մեջ կընկնեք, տրամադրություն չեք ունենա, մի՜ հուսահատվեք։ Նեղությանն էլ դիմացեք, լենությանն էլ։ Նեղությանը դիմանալ հեշտ է, մարդիկ լենությանը չեն դիմանում, շուտ են փչանում»։
Անդրադառնալով Աբովյան փողոցում տեղադրված երեք վարպետների՝ դուդուկահարներ Վաչե Հովսեփյանի, Լևոն Մադոյանի և Ջիվան Գասպարյանի արձանախմբին՝ Ջիվան Գասպարյանը նշել է, որ ժամանակին որոշում էր կայացվել Երևանում կանգնեցնել իր արձանը, սակայն իր պնդմամբ իր հետ միասին կանգնեցվել են նաև դուդուկի մյուս վարպետների արձանները. «Այդ մարդիկ մեծ արժանիքներ ունեն, նրանք են Հայաստանում դուդուկի հիմնադիրները եղել։ Ո՞նց կարելի էր նրանց արձանը չդնել, իմը դնել։ Ես ինձ շատ անհարմար կզգայի։ Ես ամենաշատը ուրախացել եմ Վաչե Հովսեփյանի և Լևոն Մադոյանի համար։ Գիշերը մեկ-մեկ գնում եմ, նրանց հետ զրույց եմ անում։ Հարցնում եմ՝ գո՞հ եք ինձանից։ Արձանը սեփական երկրում դնելը մեծ պատիվ, հարգանք է և՜ կառավարության, և՜ ժողովրդի կողմից։ Արժանի մարդիկ էլի ունենք, ում արձանները պետք է կանգնեցվեն Երևանում»։
Ավարտելով հանդիպումը՝ վարպետը երիտասարդներին խորխուրդ տվեց՝ երբեք դուխից չընկնեք, ամեն ինչն էլ մարդու համար է։
 

← Վերադառնալ ցուցակին