Լուրեր

ՀՀ անկախության տոնը մեծ շուքով նշվել է նաև Պեկինում

22.09.2016

ՀՀ անկախության քառորդ դարը հատուկ շուքով նշվել է Չինաստանում ՀՀ դեսպանատանը: Պաշտոնական ընդունելությանը մասնակցել են օտարերկրյա դիվանագետներ, ՉԺՀ ԱԳ պաշտոնյաներ, գործարարներ, ուսանողներ և, իհարկե, հայ համայնքի անդամները, որ թեև փոքրաթիվ են, բայց շատ համախմբված: Ընդունելությունը յուրահատուկ էր դարձնում Չինաստանում ՀՀ նախկին դեսպանների մասնակցությունը: Հյուրերի գնահատականով՝ Չինաստանի հողում Հայաստանի տոնը բացառիկ միջոցառում էր, որ զարմացրեց ներկայացուցչական կազմով ու հյուրերի թվով: Դեսպան Սերգեյ Մանասարյանը ակտիվ աշխատում է ոչ միայն մայրաքաղաքի պաշտոնական շրջանակների հետ, այլև՝ նահանգների ու համայնքի:
Դեսպանատանը կազմակերպված պաշտոնական ընդունելությանը մասնակցում էր նաև այս օրերին Պեկինում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի գլխավորած պատվիրակությունը: Թե’ պատվիրակությունը, թե’ ընդունելության հյուրերի մի մասը մասնակցել էին մի քանի օր առաջ Ուրումչիում անցկացված «Չինաստան-Եվրասիա» էքսպո ցուցահանդեսին և ՛՛Կանանց աշխատանքի տեղավորման և ձեռներեցության հնարավորությունները և մարտահրավերները՛՛ կանանց առաջին համաժողովին: Նրանք շատ բարձր են գնահատել Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Չինաստան-Եվրասիա էքսպո ցուցահանդեսին և շնորհակալ էին, որ բարեկամ հայերը ներկա են եղել իրենց համար կարևորագույն իրադարձությանը:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը Պեկինից իր և պատվիրակության անդամների անունից շնորհավորելով անկախության տոնը՝ նաև փոխանցեց, որ ընդունելության ընթացքում հնարավորություն է ունեցել զրուցել բազմաթիվ հյուրերի հետ /ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Տաջիկստանից, Բելառուսից և այլ երկրներից/՝ քննարկման առանցքում ունենալով երկկողմ կապերի, հայ-չինական հարաբերությունների զարգացումը, առևտրատնտեսական կապերի խորացումն ու հումանիտար համագործակցության հեռանկարները, և, իհարկե, կանանց հասարակական կազմակերպությունների համագործակցության թեմաները:
ՉԺՀ ԱԳՆ փոխնախարար Լի Լույվեյի, որ նաև Ուրումչիի համաժողովին ու ցուցահանդեսին էր ներկա եղել, Հայաստանի պատվիրակության աշխատանքին անդրադառնալով՝ նշել է, որ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի ներկայությունը Ուրումչիում մեծ ներդրում է երկկողմ հարաբերությունների խորացման գործում և հետայսու նրան համարում են Չինաստանի բարեկամը Հայաստանում: Փոխնախարարը ընդգծել է, որ նրա բազմաթիվ այցերը Չինաստան մշտապես օգտակար են՝ մշակութային, կրթական, տնտեսական ոլորտներում և կանանց հարցերին վերաբերող ծրագրերին: Դեսպանի հետ զրույցում անդրադարձ է եղել հայկական ապրանքների առաջխաղացմանը չինական շուկայում, մարզերի հետ համագործակցությանը, հաջորդ տարվա Էքսպո ցուցահանդեսին հայկական ապրանքների տաղավարի բացմանը, խորհրդարանի բարեկամական խմբի ակտիվացման և աշխատանքային ուղղությունների, կանանց հասարակական կազմակերպությունների համագործակցությանը, գենդերային հարցերին, կրթության և համատեղ հետազոտությունների ծրագրերին:
Այսօր նախատեսված են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի հանդիպումները ՉԺՀ խորհրդարանի փոխնախագահի և Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:

 

← Վերադառնալ ցուցակին