Լուրեր

Խորհրդարանն ավարտել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը

27.10.2016

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակել է քառօրյա նիստերի աշխատանքը:

Մինչ օրենսդրական աշխատանքին անցնելը՝ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ոճրագործության զոհ դարձած քաղաքական գործիչների հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մասնավորապես ասել է. «Հարգելի պատգամավորներ, այսօր հոկտեմբերյան ողբերգության 17-րդ տարելիցն է: 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կատարված ոճրագործությանը զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը եւ Միքայել Քոթանյանը:

Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը»:

Խորհրդարան քվեարկությամբ վավերացրել է նախորդ օրը քննարկված համաձայնագրերը եւ ընդունել օրինագծերը, որից հետո շարունակվել է 2012 թվականի մայիսի 30-ին Աշգաբադում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանքների ապահովման մասին» 1998 թվականի նոյեմբերի 25-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության քննարկումը՝ կից հայտարարությամբ: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը շարունակել է պատասխանել պատգամավորների հարցերին:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Շիրակ Թորոսյանը:

«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բելառուսի Հանրապետության կառավարության միջեւ ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը նույնպես ներկայացրել է Արեգ Գալստյանը: Նա նշել է, որ համաձայնագիրն ստորագրվել է 2016 թվականի փետրվարի 19-ին եւ այն, վավերացվելու դեպքում, հնարավորություն կտա երկու երկրների տարածքներում համագործակցել ատոմային էներգաբլոկների կառուցման, ռադիոակտիվ թափոնների օգտագործման, ԱԷԿ-ների անվտանգ շահագործման, նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման հարցերում: Կողմերը կհամագործակցեն նաեւ բժշկության, արդյունաբերության եւ գյուղատնտեսության բնագավառներում միջուկային նյութերի եւ տեխնոլոգիաների կիրառման եւ փորձի փոխանակման հարցերում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունն այս համաձայնագրի վերաբերյալ նույնպես դրական էր: Այն ներկայացրել է Վահե Էնֆիաջյանը:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանն առաջին ընթերցման ընթացակարգով քննակման է ներկայացրել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, որով կհստակեցվեն էլեկտրաէներգետիկական համակարգում զարգացման ծրագրերի եւ դրանցից բխող անվտանգության եւ հուսալիության ցուցանիշների մշակման, էներգահամակարգում հուսալիության ցուցանիշների վերլուծության, այդ մասին իրազեկման եւ նրանց հետագա կատարելագործման հետ կապված հարցերն ու պարտավորությունները, ջերմաէներգետիկայի եւ արեւային էներգետիկայի ոլորտների զարգացման համար կստեղծվեն լրացուցիչ խթանիչ մեխանիզմներ:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը ներկայացրել է 2010 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների՝ անձանց միջպետական հետախուզման մասին» պայմանագիրը (կից վերապահումով), որի վավերացումը հնարավորություն կընձեռի կողմերին անձանց միջպետական հետախուզման ոլորտում ստեղծել համագործակցության արդյունավետ մեխանիզմներ: Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ պայմանագիրը բաղկացած է 15 հոդվածից, փաստաթղթի նպատակն է իրականացնել օպերատիվ հետախուզական, որոնողական, տեղեկատվական-վերլուծական եւ այլ միջոցառումներ, որոնք ուղղված են հետաքննության, նախաքննության մարմիններից կամ դատարանից թաքնվող, քրեական պատժի կրումից խուսափող անձանց հայտնաբերելուն, ձերբակալելուն եւ կալանավորելուն՝ հանձնման կամ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով եւ այլն: Հունան Պողոսյանը նշել է, որ պայմանագիրը չեն ստորագրել Թուրքմենստանը եւ Ուկրաինան, իսկ Հայաստանն ու Ադրբեջանն այն ստորագրել են վերապահումով:

Գլխադասային՝ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Նա նշել է, որ քննարկվում է բազմակողմ նշանակություն ունեցող պայմանագիր, որի նպատակն է կանոնակարգել ԱՊՀ անդամ պետությունների միջեւ քաղաքացիաիրավական հարաբերությունները:

Այնուհետեւ խորհրդարանը քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի գործունեության ծրագիրը, որը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Նա նշել է, որ հանձնաժողովը 2017 թվականի ընթացքում շարունակելու է հետամուտ լինել կարգավորվող ոլորտներին վերաբերող իրավական ակտերի լրամշակման եւ կատարելագործման աշխատանքներին, ինչպես նաեւ կարգավորման խնդիրների լուծմանը նպաստող ծրագրերի մշակմանը եւ իրագործմանը: Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության մեջ կատարված փոփոխությունների հիման վրա հանձնաժողովը կնախաձեռնի «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքի լրամշակումը, որի շրջանակում նախատեսվում է օրենքով ամրագրված` հանձնաժողովի անդամների նշանակման ընթացակարգի համապատասխանեցումը ՀՀ Սահմանադրությանը: Ռոբերտ Նազարյանը ներկայացրել է նաեւ ծրագրային այն ուղղությունները, որոնք հանձնաժողովը նախատեսել է իրականացնել 2017 թվականին:

Գլխադասային՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ ծրագիրը մանրամասն քննարկվել է հանձնաժողովում:

Նշենք, որ ծրագիրը խորհրդարանն ընդունում է ի գիտություն:

Ազգային ժողովն ավարտել է հերթական քառօրյա նիստերի աշխատանքը:  

← Վերադառնալ ցուցակին