Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է համաքաղաքային ծառատունկին

12.11.2016

Նոյեմբերի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային ծառատունկի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի, վերջինիս գլխավորած պատվիրակության անդամների, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամների և բնակիչների հետ միասին ծառեր է տնկել Նուբարաշեն վարչական շրջանի կենտրոնական զբոսայգում: Երևանի քաղաքապետարանի ծրագրով ամբողջությամբ բարեկարգվող հանգստի գոտին ծառատունկի ժամանակ համալրվել է նոր տնկիներով:
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է համաքաղաքային ծառատունկերին երևանցիների ակտիվ մասնակցությունը՝ նկատելով, որ վերջին տարիներին ավելի մեծ թվով բնակիչներ են մասնակցում նախաձեռնությանը:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել տարեկան, առնվազն, երկու անգամ համաքաղաքային ծառատունկի և շաբաթօրյակների անցկացումը: Եվ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ յուրաքանչյուր անգամ ավելի մեծ թվով մարդիկ ու կազմակերպություններ են մասնակցում դրանց, ինչը, վստահաբար, խոսում է հարազատ քաղաքի հանդեպ մեր համաքաղաքացիների սրտացավության աճի մասին: Ինչպես գիտեք, վերջին մի քանի տարիներին մենք ծրագրային հստակ քաղաքականություն ենք իրականացրել ու իրականացնում մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման և նորերի ստեղծման ուղղությամբ, ինչը, պետք է փաստենք, որ բերել է շոշափելի արդյունքների: Վերջին տարիներին մայրաքաղաքում բարեկարգվել ու ստեղծվել են շուրջ 50 հեկտար կանաչ ու ծաղկապատ նոր տարածքներ, զբոսայգիներ և պուրակներ: Նուբարաշենի 2 հեկտար տարածքով այս զբոսայգին, որն այս տարի սկսել ենք բարեկարգել, ևս դրանց շարքում է»,- նշել է քաղաքապետը:
Անդրադառնալով մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպմանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն իրականացվում է բացառապես ոռոգելի տարածքներում, որպեսզի ապահովվի անհրաժեշտ կպչողականություն:
«Վերջին մի քանի տարվա ընթացքում թե՛ համաքաղաքային, և թե՛, ընդհանրապես, սեզոնային ծառատունկերի շրջանակում շուրջ 150 հազար ծառ և թուփ է տնկվել մայրաքաղաքում: Այս ծառատունկի շրջանակում նախատեսում ենք ևս 20 հազարը տնկել: Եվ, ինչպես գիտեք, վերջին տարիներին բոլոր այդ ծառատունկերն իրականացվում են բացառապես ոռոգելի տարածքներում, ինչն իր հերթին մեծապես նպաստել է, որ տնկված ծառերի կպչողականությունը բարձր լինի: Սրան զուգահեռ, բնականաբար, նաև ոռոգման ցանցն ենք տարեց տարի ընդլայնում, և ասեմ, որ անցած տարիների ընթացքում այն ավելացել է 80 կիլոմետրով, և այսօր մայրաքաղաքում ունենք շուրջ 400 կմ երկարությամբ ոռոգման ցանց», - ընդգծել է քաղաքապետն ու վստահեցրել, որ մայրաքաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքների ընդլայնման ուղղությամբ բոլոր աշխատանքները լինելու են շարունակական:
Անդրադառնալով ծառատունկին Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի մասնակցությանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ սա ևս մեկ վկայությունն է այն ջերմ ու բարեկամական հարաբերությունների, որ ձևավորվել է երկու քաղաքների միջև:
«Այսօրվա ծառատունկին մասնակցում են նաև Երևանի քույր քաղաք Սանկտ Պետերբուրգից ժամանած պաշտոնական պատվիրակության անդամները՝ փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի գլխավորությամբ: Կարծում եմ սա շատ խորհրդանշական է, հատկապես հաշվի առնելով, որ երկու քաղաքների հարաբերությունները շատ սերտ ու ջերմ են և համատեղ այս ծառատունկն էլ իր հերթին ընդգծում է, որ այն դեռ շատ խոր արմատներ է ունենալու՝ ի շահ մեր երկու քաղաքների բնակիչների»:
Անդրադառնալով ապօրինի ծառահատումների խնդրին՝ Երևանի քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ դատապարտում է այդ երևույթն ու նկատել, որ դրանք կատարողները պետք է խստորեն պատժվեն: Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում ընթացք է տալիս գրանցված յուրաքանչյուր դեպքին՝ դրանք փոխանցելով ինչպես Բնապահպանական պետական տեսչությանը, այնպես էլ Երևան քաղաքի դատախազությանը:
«Անշուշտ, ցավալի է, որ մենք դեռ ունենք նման դեպքեր, սակայն նաև պետք է արձանագրենք, որ համեմատության մեջ դրանք նվազել են: Օրինակ 5 տարի առաջ տարեկան շուրջ 200 ապօրինի ծառահատման դեպք էր արձանագրվում, իսկ այսօր դրանք 10 կամ 20 են: Բայց ինձ համար նույնիսկ 1 ապօրինի ծառահատումն է անընդունելի», - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու կոչ է արել համատեղ պայքարելու անընդունելի այդ երևույթի դեմ:
Լրագրողները հետաքրքրվել են նաև Նուբարաշենի աղբավայրի խնդրի լուծման հետ կապված առաջիկա անելիքների մասին՝ նկատելով, որ ամեն անգամ այստեղ այցելելով իսկապես տհաճ պատկերի ականատեսն են դառնում: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն քաղաքային իշխանության համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներից է ու հավելել, որ այդ ուղղությամբ արդեն իսկ նախաձեռնվել են որոշակի քայլեր:
«Մեզ համար առաջնահերթը մայրաքաղաքում միջազգային նորմերին համապատասխան, պատշաճ աղբահանության և սանմաքրման աշխատանքների կազմակերպումն էր, որն էլ այսօր ամբողջությամբ իրականացվում է լիբանանյան «Սանիթեք» ընկերության կողմից: Պետք է արձանագրենք, որ և՛ մեր համաքաղաքացիները և՛ մայրաքաղաքի հյուրերն արդեն նկատում ու գնահատում են այն դրական փոփոխությունները, որոնք ունենք այդ առումով: Բայց սա նախատեսված ծրագրի ընդամենն առաջին փուլն էր: 2-րդ փուլով մենք նախատեսել ենք արդեն աղբավայրի խնդրի լուծումը, որի շրջանակում կկառուցվի միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր: Կարծում եմ, մինչև տարեվերջ մենք արդեն կհայտարարենք միջազգային մրցույթը, իսկ արդեն հաջորդ տարվա գարնանը կմեկնարկի շինարարությունը: Ի դեպ, շատ կարևոր է, որ մենք այս ծրագրի իրականացման շրջանակում ամբողջությամբ կմեկուսացնենք նաև Նուբարաշենի առկա աղբավայրը՝ փոխարենը ստեղծելով կանաչ տարածք, ինչի արդյունքում այսօրվա տհաճ պատկերն ամբողջությամբ կվերանա այդտեղից: Ընդ որում, դա նույնպես կարվի միջազգային չափորոշիչներին համապատասխան: Ինչևէ, նախատեսված է, որ մոտ երկու տարի անց մենք արդեն կունենանք միջազգային չափորոշիչներին համապատասխան նոր աղբավայր և տասնամյակների այս խնդիրը ևս կհամարենք լիարժեք լուծված», - նշել է Տարոն Մարգարյանը:
 

← Վերադառնալ ցուցակին