Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Մեգերյան կարպետ» ընկերություն

02.12.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանի հրավերով այսօր այցելել է ձեռագործ գորգերի գործարան: Ընկերության նախագահի և գործարանի արտադրության ու մարկետինգի գծով գլխավոր տնօրեններ Լեոնիդ Անդրիասյանի և Կարեն Այվազյանի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ձեռագործ գորգերի արտադրամասում և հետևել գորգերի ստեղծման ընթացքին: Տարոն Մարգարյանին ներկայացնելով ընկերության գործունեությունն ու ավանդական հայկական ձեռագործ գորգերի արտադրության այստեղ կիրառվող տեխնոլոգիաները և հմտությունները՝ գործարանի արտադրության գծով գլխավոր տնօրեն Լեոնիդ Անդրիասյանը նշել է, որ ամբողջությամբ պահպանվում են հայկական գորգերի ավանդական ոճերն ու դիզայնը: Նաև նշվել է, որ ընկերության գորգերն առանձնանում են իրենց բնական գունային հարստությամբ, ինչը հաջողվել է շնորհիվ բրդյա թելերի ներկման բնական մեթոդների ներդրման՝ ընդգծելով, որ տվյալ ներկերն էլ ստացվում են Հայկական լեռնաշխարհի ծաղիկներից, արմատներից ու բույսերից, ինչպես հազարամյակներ առաջ:
Շրջայցի ընթացքում քաղաքապետը եղել է նաև ընկերության ընդարձակ թանգարան-ցուցասրահում, որտեղ ներկայացված են ինչպես հին հայկական գորգեր, այնպես էլ «Մեգերյան կարպետ»-ի արտադրած արդեն ժամանակակից գորգերը: Նշվել է, որ գործարանն ու թանգարան-ցուցասրահը ներառված են հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների տուր-փաթեթներում և մեծ հետաքրքրություն են վայելում Երևան այցելող զբոսաշրջիկների շրջանում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի և ընկերության գործունեությունը ներկայացնելու համար՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, կարևորելով հայկական գորգագործության ավանդույթների պահպանումն ու դրանց շարունակականության ապահովումը, վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում միշտ պատրաստ է աջակցելու ընկերությանը: Բացի այդ, քաղաքապետը նաև վստահեցրել է, որ քաղաքային իշխանությունները միշտ բաց և պատրաստակամ են ներդրողների հետ համագործակցելու և քննարկելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են ի բարօրություն Երևանի և մայրաքաղաքի բնակիչների: 

← Վերադառնալ ցուցակին