Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ

08.12.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանիի հետ: Շնորհավորելով դեսպանին Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու առիթով՝ քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ դեսպանատան հետ ձևավորված ջերմ հարաբերություններն այսուհետ ևս կլինեն շարունակական: Հատկանշելով հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի, ինչպես նաև Հնդկաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանի դերը:
«Երևանի քաղաքապետարանի և Հնդկաստանի դեսպանատան միջև ձևավորված է կառուցողական ու հաջողված փոխգործակցություն, և ես վստահ եմ, որ այսուհետ ևս այն կլինի շարունակական: Իսկ ինչ վերաբերում է երկու մայրաքաղաքների համագործակցությանը, ապա պետք է նշեմ, որ դեռևս 2008 թվականին Երևանի և Դելիի միջև ստորագրվել է բարեկամության մասին փոխըմբռնման հուշագիր, որը, սակայն, կարծում եմ կարիք ունի թարմացման, որպեսզի երկուստեք համագործակցությունը գործնական ընթացք ստանա»,- նշել է քաղաքապետը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և շնորհավորանքի համար՝ ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանին իր հերթին ընդգծել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը, որպեսզի Երևանի և Դելիի միջև ընդլայնվեն համագործակցության շրջանակներն ու կյանքի կոչվեն փոխշահավետ ծրագրեր:
«Պարոն քաղաքապետ, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում գործակցության եզրերն իսկապես բազմազան են, և վստահեցնում եմ Ձեզ, որ իմ լիազորությունների շրջանակում կանեմ հնարավորը՝ համագործակցության ծրագրերի հաստատման ու ընդլայնման ուղղությամբ»,- նշել է Յոգեշվար Սանգվանին: 

← Վերադառնալ ցուցակին