Լուրեր

Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա

14.12.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկա կատարած այցի շրջանակում ծանոթացել է վերջին տարիներին համաբուժարանում իրականացված աշխատանքներին: Բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է պոլիկլինիկայում, զրուցել բուժանձնակազմի և բնակիչների հետ: Քաղաքապետին ներկայացնելով իրականացված ծրագրերը` Արա Մինասյանը նշել է, որ լինելով Երևանի ամենամեծ պոլիկլինիկան` այն այսօր սպասարկում է շուրջ 100.000 բնակչի, այդ թվում և՛ մանուկների, և՛ մեծահասակների: Առանձնակի կարևորելով քաղաքացիներին պատշաճ բուժծառայությունների մատուցման ապահովումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել բուժօգնության առաջնային օղակի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ կենտրոնի կողմից ցուցաբերվող հետևողականությունը: Այցի շրջանակում Երևանի քաղաքապետին են ներկայացվել նաև մանկական պոլիկլինիկայի կանչերը սպասարկելու նպատակով գնված նոր մեքենաները, որոնցից մեկն, ի դեպ, Հայաստան կատարած այցի ժամանակ Հռոմի Պապին սպասարկած ավտոմեքենան է: 

← Վերադառնալ ցուցակին