Լուրեր

Վարչապետը կարևորել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը

02.02.2017

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:
Գործադիրի ղեկավարի առաջին հանձնարարականը վերաբերել է գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերին: Վարչապետի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման համար մեծ կարևորություն ունի պետական մարմինների կողմից բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված նպաստավոր պայմանների ստեղծումը և այնպիսի միջոցառումների ձեռնարկումը, որոնք կապահովեն գործարար միջավայրի անխոչընդոտ զարգացումը: «Այս առումով, շատ կարևոր է նաև ՀՀ կառավարության կողմից ՀՀ քրեական օրենսգրքում՝ հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու հանցակազմի հստակեցմանն ուղղված օրենսդրական փոփոխությունների նախաձեռնումը»,-նշել է Կարեն Կարապետյանը: Հաշվի առնելով գործարարության զարգացման և խրախուսմանն ուղղված քայլերի շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ կառավարության ղեկավարն առաջարկել է ՀՀ իրավապահ մարմիններին, հանցավորության դեմ պայքարում իրենց իրավասության շրջանակում հայեցողական լիազորություններն իրականացնելիս, հնարավորինս խուսափել միջամտելու տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, իսկ վերջիններիս նկատմամբ բիզնեսը խարխլող կամ այլ կերպ վատթարացնող հարկադրական միջոցներ ձեռնարկել միմիայն ծայրահեղ դեպքերում:

ՀՀ կառավարություն կներկայացվի ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ տեղեկատվություն


Կարեն Կարապետյանը հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին և ՀՀ մարզպետերին հանձնարարել է 50 տոկոս և ավելի պետական սեփականություն հադիսացող բաժնետոմսերով (բաժնեմասով) ընկերությունների տնօրեններին, որտեղ տվյալ մարմինը իրականացնում է պետական բաժնետոմսերի կառավարումը, երկշաբաթյա ժամկետում կազմել 2017 թվականի գործարար ծրագրերը, որոնք, բացի ընկերության գործունեությանը վերաբերող նկարագրական մասից, պարտադիր կարգով պետք է ներառեն եռամսյակային կտրվածքով հետևյալ բաժինները.
Ընկերության եկամուտները՝ ըստ եկամուտների աղբյուրների,
Ընկերության ծախսերի նախահաշիվը կամ ընդհանուր ծախսերը, ներառյալ՝ նյութական արտադրության ծախսերը, մաշվածությունը, նորոգման ծախսերը, աշխատավարձը, վարչական և այլ ծախսերը, հարկերը և պարտադիր վճարները, ֆինանսական մյուս ծախսերը:
«Երեքշաբաթյա ժամկետում ապահովել ընկերությունների 2017 թվականի գործարար ծրագրերի ներկայացումը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն ներկայացնել իրենց համակարգի ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների վերաբերյալ կոնկրետ առաջարկություններ, որոնք թույլ կտան ամբողջապես գնահատել ընկերությունների գործունեության արդյունքները»,-ասել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը հանձնարարել է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պետին մեկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել տեղեկատվություն ընկերությունների գործարար ծրագրերի առկայության և սահմանված ձևաչափին դրանց համապատասխանության վերաբերյալ: ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը հանձնարարվել է նաև ամփոփել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների և ՀՀ մարզպետերի կողմից ստացված՝ ընկերությունների գործունեության գնահատման ցուցանիշների համակարգը և առաջարկություն ներկայացնել ՀՀ կառավարություն այդ համակարգի կիրառումն ապահովելու ու դրա արդյունքների հիման վրա ընկերությունների տնօրենների նկատմամբ պատասխանատվության նորմերի կիրառման վերաբերյալ: «Ծրագրերը ներկայացնում եք խիստ չափանիշներով: Այն ակտիվը, որը վտահել ենք կառավարելու, պետք է ունենա հստակ պատկերացում, թե ինչ արդյունք ենք ակնկալում: Կառավարիչներին պետք է ընտրել այն ծրագրերով, որոնք իրենք առաջարկում են, բաց, հասկանալի ձևով»,-ընդգծել է Կարեն Կարապետյանը :


Որակյալ կրթական համակարգի ապահովման համար կմշակվի Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր


Վարչապետի հաջորդ հանձնարարականը վերաբերել է կրթական համակարգին: «Մենք չենք կարող ունենալ որակյալ կրթական համակարգ առանց բարձրորակ ուսուցիչների ու այսօրվա պահանջներին բավարարող բովանդակությամբ կրթական ծրագրերի: Այսօր, ցավոք, ունենք ուսուցիչների վերապատրաստումների ուղղակի ֆորմալ պրոցեսներ, երբ բովանդակային վերապատրաստումը հաճախ փոխարինվում է ուղղակի ֆիզիկապես ներկա լինելով: Ունենք դասագրքերի որակի, բովանդակության սուր խնդիր, որը բարձրաձայնվում է թե ծնողների, թե ուսուցիչների կողմից»,-նշել է գործադիրի ղեկավարը և ՀՀ կրթության և գիտության նախարարին հանձնարարել մեկամսյա ժամկետում մշակել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի գործունեության բարելավման ծրագիր՝ կատարելով գործառույթների և կառուցվածքի համապարփակ վերանայում:

Քրեակատարողական համակարգի խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ. ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյանն անդրադարձել է քրեակատարողական համակարգի ներկայիս վիճակին: «ՀՀ արդարադատության նախարարի կողմից պարբերաբար ներկայացվող տեղեկատվության արդյունքներից պարզ է դառնում, որ առկա են խնդիրներ կալանավորվածներին, դատապարտյալներին սննդի ապահովման տեսանկյունից, շարունակական են կոռուպցիոն ռիսկերը հանձնուքների տրամադրման հարցում, ինչպես նաև դատապարտյալների համաչափ տեղաբաշխումը: Խնդիրները պահանջում են համակարգային և հստակ լուծումներ»,-նշել է գործադիրի ղեկավարը: Ելնելով դրանից՝ վարչապետը հանձնարարել է ՀՀ արդարադատության նախարարին՝ ուսումնասիրել քրեակատարողական համակարգին վերապահված որոշ գործառույթներ, մասնավորապես՝ կալանավորվածներին և դատապարտյալներին տրամադրվող սննդի ապահովումը, այդ թվում մասնավոր կազմակերպություններին պատվիրակելու հնարավորությունը, մշակել հանձնուքների տրամադրման գործընթացում կոռուպցիոն ռիսկերը նվազագույնին հասցնելու նոր գործիքակազմեր, ապահովել քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների համաչափ տեղաբաշխելու համար քրեակատարողական ծառայության բոլոր ռեսուրսների օգտագործումը, ուղղված թե՛ նորաբաց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ամբողջական շահագործմանը, թե՛ քրեակատարողական ծառայողների ներկայիս քանակակազմի համապատասխանաբար բաշխմանը ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում: Հանձնարարվել է ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ զեկուցել մեկամսյա ժամկետում:


Վարչապետը կարևորել է ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն

Գործադիրը հավանություն է տվել 2017-2018թթ. ՀՀ էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլին: ՀՀ կառավարությունն առաջնային է համարում էներգախնայողությունը և էներգաարդյունավետությունը որպես երկրի էներգետիկ անվտանգության, տնտեսական մրցունակության բարձրացման և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցության նվազեցման միջոց: Ծրագրով սահմանված միջոցառումները կօժանդակեն ՀՀ էներգախնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը: Ծրագրի առաջին փուլի արդյունքներով խնայողությունը կազմել է 8,6 տոկոս, ընթացիկ տարում նախատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 17,9 տոկոսի: Գործադիրի ղեկավարը կարևորել է ծրագիրը և հանձնարարել դրա իրականացման նկատմամբ սահմանել հատուկ հսկողություն. «Մենք այստեղ ունենք շատ ռեսուրսներ և արդյունավետության բարձրացման խնդիր»:
Կառավարությունը հավանություն է տվել նաև Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների կադաստրային տվյալների ձեռքբերման, կադաստրի կազմման, ներդրման, վարման և միջոցառումների իրականացման ծրագրին: Ծրագրով կապահովվեն հուշարձանների և դրանց զբաղեցրած տարածքների վերաբերյալ կադաստրային տվյալները, ձեռք կբերվեն հուշարձանների սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայականները, առավել մատչելի կդառնա դրանց վերաբերող տեղեկատվական բազան, կստեղծվեն հուշարձանների և դրանց պատմական միջավայրի պահպանության գործընթացների լիարժեք և արդյունավետ կառավարման հնարավորություններ և կապահովվեն հուշարձանների օգտագործման առավել անվտանգ օգտագործման խնդիրները:
Հավանության է արժանացել Մանկապատանեկան սպորտի զարգացման հայեցակարգը, որի նպատակը ուսումնական հաստատություններում ֆիզիկական կուլտուրայի համակարգի կատարելագործման միջոցով մանուկների և պատանիների առողջության ամրապնդումն է: Նախատեսվում է, մասնավորապես, նյութատեխնիկական բազայի կատարելագործում, անհրաժեշտ մարզագույքով և որակյալ մանկավարժական կադրերով ապահովում:
Կառավարությունը հավանություն է տվել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2017թ. ծրագրին և միջոցառումների ցանկին: 2016թ. ծրագրին 8 փուլով մասնակցել է սփյուռքահայ 900 երիտասարդ աշխարհի 38 երկրից:


Կընդլայնվի հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը

Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նպատակով կառավարությունն ընդունել է որոշում, որով Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում նախատեսվում է ստեղծել Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդի հաստիք: ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդի հաստիքի ստեղծումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել Հայաստանի տնտեսական շահերն առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը: Կցորդի հաստիքի ստեղծումը կնպաստի նաև ՀՀ և ՉԺՀ կառավարությունների միջև առևտրատնտեսական համագործակցության մասին ստորագրված համաձայնագրի դրույթների իրականացմանը:


Օրինագծերի ընդունմամբ նախատեսվում է նպաստել հանքարդյունաբերության զարգացմանը


Կառավարության հավանությանն է արժանացել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Օրինագծերի ընդունումն անհրաժեշտ է ՀՀ հարկային նոր օրենսգրքով սահմանված՝ մետաղական օգտակար հանածոների վերամշակման արդյունքում խտանյութերի կամ ձուլվածքի ձևով ստացված վերջնական արտադրանքի իրացման համար սահմանված ռոյալթիների հաշվարկման և վճարման կարգը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, ռոյալթիի հաշվարկման բազայի հիմնական մեթոդի կիրառության հիմքերը վերականգնելու նպատակով։ Նախագծով առաջարկվում է հարկային մարմնի կողմից ռոյալթիի բազայի անուղղղակի գնահատման եղանակի կիրառության դեպքում կիրառել 80% սահմանաչափ: Սահմանվել է նաև՝ մինչև սույն օրենքի ընդունումը հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով ռոյալթիների վերահաշվարկման դեպքում տույժերից և տուգանքներից ազատումը, անուղղակի եղանակով վերահաշվարկված ռոյալթիների համար հարկային մարմնի ղեկավարին ժամանակացույց սահմանելու իրավասության վերապահումը, նկատի ունենալով օրենքի ուժի մեջ մտնելու հնարավոր ժամկետները՝ 2017թ. հունվարի 1-ից կիրառության կարգավորումը։ Կարեն Կարապետյանը, անդրադառնալով օրինագծերին, կարևորել է դրանց ընդունումը. «Մեր գործարար աշխարհի գործընկերներն են խնդրել այս հարցին ուշադրություն դարձնել: Մաքսիմալ ուշադիր եղեք»:
Գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական կանոնակարգման մասին» ՀՀ օրենքում և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը պայմանավորված է ոլորտներում գործող օրենսդրության արդիականացմամբ և «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրով նախատեսված դրույթների և սահմանումների ներառմամբ: Մասնավորապես` տեխնիկական կանոնակարգման և չափումների միասնականության ապահովման ոլորտներում սահմանվել և հստակեցվել է «պետական վերահսկողություն» հասկացությունը` ՀՀ կառավարության կողմից լիազորված մարմնի կողմից իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա կարգադրագրերի ընդունման հնարավորությամբ: Վերահսկողության, ինչպես նաև վերահսկողության արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների նկատմամբ կիրառվող վարչական տույժերը և սահմանափակումները սահմանվել են «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքներում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխությունների ներառմամբ: Հայ սպառողի «հայերեն» մակնշման պահանջը բավարարելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվել է տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի պարտադիր «հայերեն մակնշման» պահանջը:

Կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները

Կառավարությունը հավանություն է տվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի և հարակից մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Օրենսդրական այս նախաձեռնությամբ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքը կհամապատասխանեցվի 2015թ. խմբ. Սահմանադրության, ինչպես նաև միջազգային փաստաթղթերի պահանջներին` ապահովելով Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության համար անհրաժեշտ և բավարար իրավական նախադրյալներ: Առաջարկվող փոփոխություններով, մասնավորապես, կապահովվի Սահմանադրական դատարանի` որպես սահմանադրական վերահսկողության մասնագիտացված մարմնի արդյունավետ գործունեությունը, կհստակեցվեն ՍԴ դատավորին ներկայացվող պահանջները, կստեղծվեն բավարար իրավական նախադրյալներ ժողովրդավարության ամրապնդման համար, իրավական համակարգում հնարավորինս կկանխարգելվեն և կբացառվեն հակասահմանադրական իրավիճակները, անհրաժեշտության դեպքում իրավական գործիքներով կապահովվի սահմանադրական մարմինների լիազորությունների թույլատրելի սահմանները և իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորումը, կբարելավվեն Սահմանադրությամբ ամրագրված` մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործող կառուցակարգերը:
Գործադիրը հավանություն է տվել նաև «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը մշակվել է` հիմք ընդունելով պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները դադարեցնելու և աշխատանքային պայմանագրերում որպես պարտականություն ներառելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 2016թ. համապատասխան հանձնարարականը:


Պարզեցվել են դեղատնային գործունեության իրականացման հայտերի ձևերը


ՀՀ բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը նպաստելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Ընդհանուր առմամբ կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման հայտերի ձևերի պարզեցում և տարանջատում ըստ կատարած գործառույթի` վայրի փոփոխման, այլ վայրում ևս: Կրճատվել են լիցենզավորման համար ներկայացվող պարտադիր փաստաթղթերը: Կրճատվել են նաև դեղատների, դեղատնային կրպակների սահմանված տարածքների չափերը՝ առևտրի սրահը, սպասասրահը նախկին 18 քառ. մետրից դարձել է 12 քառ. մետր, հանգստի սենյակի պարտադիր պահանջը հանվել է: Մեղմացվել է վտանգավոր թափոնների պահպանման համար նախատեսված տարածքի պարտադիր պահանջը. պահանջվում է վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ:
Գործադիրը հավանություն է տվել Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությանը և 2016-2019թթ. միջոցառումների ծրագրին: Ռազմավարության ներդրման հիմնական նպատակը հիվանդանոցային և արտահիվանդանոցային բժշկական հաստատությունների միջոցով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համակարգված և ամբողջական մատուցման շնորհիվ անբուժելի, արագ զարգացող և հիվանդության վերջնական փուլում գտնվող հիվանդություններով տառապող անձանց կյանքի որակի բարելավման հնարավորության ստեղծումն է, հոգեբանական, սոցիալական և հոգևոր աջակցության ցուցաբերումը: Արդյունքում ակնկալվում է պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացում, բնակչությանը մատուցվող պալիատիվ ծառայությունների մատչելիության, հասանելիության, որակի և արդյունավետության բարձրացում: Հայաստանում պալիատիվ բժշկական օգնության ծառայությունը հանդիսանում է առողջապահության համակարգի գործունեության նոր ուղղություն, ռազմավարական, սոցիալական կարևորագույն նշանակություն ունեցող ծառայություն: Ըստ վիճակագրական վերլուծության տվյալների՝ ՀՀ-ում պալիատիվ բժշկական օգնության ծառայությունների կարիք ունի օրական շուրջ 3000 հիվանդ:


Այլ որոշումներ


Գործադիրի որոշմամբ Ռուբիկ Աբրահամյանին ազատվել է ՀՀ Արարատի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Արարատի մարզպետ է նշանակվել Արամայիս Գրիգորյանը:
«ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաuին» oրենքի և ՀՀ վարչապետի համապատասխան որոշման պահանջներն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է որոշումներ: Մասնավորապես, սահմանվում են
զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց հատուցման գումար ստանալու համար դիմում ներկայացնելու, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառու ճանաչելու, շահառուների շրջանակը որոշելու, շահառուների միջև համաձայնության առկայությունը, բացակայությունը կամ փոփոխությունը հիմնավորելու, հատուցման դեպքը և (կամ) դրա փոփոխությունը հաստատող փաստաթղթերը, զոհված (մահացած) կամ անհայտ կորած կամ հաշմանդամություն ունեցող զինծառայողի, հատուցում ստանալու իրավունք ունեցող շահառուների տվյալները, շահառուների շրջանակում կատարված փոփոխությունների, շահառուներին վճարվող հատուցման գումարի չափի վերաբերյալ տեղեկություններն իրավասու պետական մարմիններին և հատուցման հիմնադրամին տրամադրելու կարգը:
Կառավարությունը հաստատել է արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և ՀՀ պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը, որը կհանդիսանա ուղեցույց օդանավակայանների կողմից արտակարգ իրավիճակներին արձագանքման, արտակարգ իրավիճակների ժամանակ գործունեության իրականացման ու ՀՀ գործադիր մարմինների հետ փոխհամագործակցության պլանների մշակման համար:
Գործադիրը հաստատել է ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման կարգը` համապատասխան օրենսգրքի պահանջներին ջրային ռեսուրսների պետական կադաստրի վարման գործընթացը կարգավորելու նպատակով: Ըստ այդմ՝ հստակ կտարանջատվի, թե որ գերատեսչությունն ինչ տեղեկատվություն և ինչ պարբերականությամբ պետք է ներկայացնի ջրային ռեսուրսների պետական կադաստր` գրանցման, ինչպես նաև կսահմանվի ջրային ռեսուրսների պետական կադաստրի կառուցվածքը, բովանդակությունը և տեղեկատվության տրամադրման ընթացակարգը:

 

 

← Վերադառնալ ցուցակին