Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ու ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդը այցելել են Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և Արարատի զորամաս

06.03.2017

Մարտի 5-ին՝ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդը համատեղ այց էին կազմակերպել Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան և Արարատում գտնվող ու Սպարապետի անունը կրող զորամաս: Նախաձեռնությանը մասնակցել են շուրջ 60 երիտասարդներ:

Տուն-թանգարանում Սպարապետի կյանքին ու գործունեությանը ծանոթանալուց հետո երիտասարդներն ուղևորվել են Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատում գտնվող և նրա անունը կրող զորամաս, որտեղ ներկայացրել են ռազմահայրենասիրական համերգային ծրագիր: Այդ ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, Աժ պատգամավոր Կարեն Ավագյանը 10 զինծառայողների պատվոգրեր և նվերներ է հանձնել բարեխիղճ ծառայության համար:
Այցի շրջանակներում երիտասարդները զորամասին գրքեր են նվիրել և ծաղկեպսակ դրել Սպարապետի արձանի մոտ:

Ինչպես նշում են մասնակից երիտասարդները, յուրաքանչյուր հայի պարտքն է ճանաչել ու հիշել մեծ հայորդուն և փորձել շարունակել նրա գործը: Նրանք կարևորում են նման այցերի դերն ու նշանակությունը երիտասարդ սերնդի մեջ ռազմահայրենասիրական ոգին ամրապնդելու գործում: 

← Վերադառնալ ցուցակին