Լուրեր

Վարչապետը Թուրքմենստանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է երկկողմ կապերի զարգացմանն ուղղված հարցեր

15.03.2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Թուրքմենստանի էներգետիկայի նախարար Չարիմիրատ Պուրչեկովին, ով Հայաստան է ժամանել հայ-թուրքմենական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Ողջունելով հյուրին կառավարությունում՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու երկու երկրների միջև հարաբերությունները՝ ավելացնելով, որ տնտեսության ու հատկապես էներգետիկայի ոլորտում առկա է համագործակցության մեծ ներուժ: Դրա իրացման համատեքստում զրուցակիցները կարևորել են ՀՀ վարչապետի՝ առաջիկայում նախատեսված պաշտոնական այցը Թուրքմենստան, որի շրջանակում կողմերը կքննարկեն երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր, նախագծեր ու ծրագրեր:
Կարեն Կարապետյանը և Չարիմիրատ Պուրչեկովն անդրադարձ են կատարել առևտրատնտեսական հարաբերությունների, էներգետիկ միջանցքների, իրավապայմանագրային դաշտի զարգացման, գյուղատնտեսության, օդային հաղորդակցության, կրթության և գիտության, մշակութային, հումանիտար բնագավառներում համագործակցությանը: 

← Վերադառնալ ցուցակին