Լուրեր

Տարոն Մարգարյան. «Համատեղ ուժերով մենք կունենա՛նք առաջընթաց և ապագա սերունդներին կփոխանցենք անվտանգ ու բարեկեցիկ երկիր»

16.03.2017

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հանրապետական կուսակցության Դավթաշենի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ:

Կարևորելով Ազգային ժողովի առաջիկա ընտրությունները, Տարոն Մարգարյանը նկատել է, որ բոլոր այն դրույթները, որոնք տեղ են գտել Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում, իրատեսական են և առաջիկա տարիների համար ապահովելու են տնտեսության դինամիկ զարգացումը, մեր երկրի առաջընթացն ու անվտանգությունը:

«Անցած մի քանի տարիների ընթացքում, առաձնակի կարևորելով մեր բնակիչների հետ անմիջական կապի ամրապնդումը, մենք հասանք նրան, որ նրանց կողմից բարձրացված խնդիրներին ավելի օպերատիվ լուծումներ սկսեց տրվել, ինչը, մասնավորապես Երևանում, նպաստեց նաև տեղական իշխանության նկատմամբ մեր համաքաղաքացիների հավատի ու վստահության աճին: Այսօր նաև կարող ենք փաստել, որ բնակիչների հետ վերջին տարիների մեր համատեղ աշխատանքի արդյունքում շոշափելի առաջընթաց ենք արձանագրել Երևանում, այն դարձնելով ավելի բարեկարգ ու հարմարավետ: Եվ սա հաշվի առնելով, մենք այսուհետ էլ շարունակելու ենք էլ ավելի ամրապնդել այդ կապը և միասին, փոխադարձ վստահությամբ, հետզհետե լուծումներ տալ բոլոր այն խնդիրներին, որոնք դեռևս ծառացած են մեր առջև: Ու համոզված եմ, որ մեր բնակիչներն էլ իրենց հերթին վստահելու են մեր փորձառու թիմին, քանի որ տարիներ շարունակ մենք եղե՛լ ենք մեր բնակչի կողքին և նրանք տեսել ու համոզվել են, որ մեր թիմը կարո՛ղ ուժ է, ունի՛ ասելիք, իրատեսական ծրագրեր և դրանք կյանքի կոչելու հաստատակամություն: Եվ ես վստա՛հ եմ, որ համատեղ ուժերով մենք կունենա՛նք առաջընթաց և ապագա սերունդներին կփոխանցենք անվտանգ ու բարեկեցիկ երկիր» , - նշել է Տարոն Մարգարյանը: 

← Վերադառնալ ցուցակին