Լուրեր

Տարոն Մարգարյան. «Կուսակցության նախընտրական ծրագիրը մեր ընտրողներին ներկայացնելիս օրինակները բերեք կատարված աշխատանքից»

17.03.2017

ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, Երևան քաղաքի ՀՀԿ տարածքային կազմակերպության աշխատանքները համակարգող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շարունակում է Հանրապետական կուսակցության տարածքային կազմակերպությունների անդամների հետ հանդիպումները:

Հերթական հանդիպումը Արաբկիրի տարածքային կազմակերպության ակտիվի և տվյալ տարածքում կուսակցության կողմից առաջադրված ռեյտինգային թեկնածուների հետ էր:

Խոսելով Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրի դրույթների մասին, Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ այն ընդգրկուն է և ներառում է տնտեսության տարբեր ճյուղերը:

«Երևանի համաչափ զարգացումն ամրագրելով որպես առաջնահերթ նպատակ, մեր գործունեության հենց առաջին իսկ օրից մենք սահմանեցինք հստակ աշխատակարգ՝ համաձայն որի Երևանի բոլոր վարչական շրջաններում սկսեցինք հետևողականորեն իրականացնել բարեկարգման ու հարմարավետության ապահովմանն ուղղված հստակ ծրագրեր: Որդեգրած մեր այս աշխատելաոճը ոչ միայն դարձավ ամենօրյա ու ամենամյա աշխատանք, այլև շատ կարճ ժամանակահատվածում, նաև մեր բնակիչների անմիջական մասնակցության շնորհիվ, շոշափելի արդյունքներ տվեց: Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրում ևս նախանշվել են այնպիսի աշխատանքներ, որոնք ապահովելու են ողջ հանրապետության համաչափ զարգացումն ու մեր երկրի առաջընթացը: Ըստ այդմ, կուսակցության նախընտրական ծրագիրը մեր ընտրողներին ներկայացնելիս, օրինակները բերեք առարկայական՝ մատնացույց անելով կատարված այն աշխատանքը, որն այս տարիների ընթացքում հենց մեր բնակիչների մասնակցությամբ ու նրանց աչքի առաջ է եղել:», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: 

← Վերադառնալ ցուցակին