Լուրեր

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում էր Մարտի 1-ի սուգը վերածել ուժի ցուցադրության». Արմեն Աշոտյան

04.03.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուզում էր Մարտի 1-ի սուգը վերածել ուժի ցուցադրության, բայց հայ հասարակությունը դա թույլ չտվեց։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

 
Նրա համոզմամբ՝  դա շատ կարեւոր հանրային ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին. «Ունեինք Ղարաբաղյան շարժման մեկնարկի օրը՝ փետրվարի 20-ը, ինչ արեց վարչապետը, մի մեռելածին հայտարարություն արեց, որ ավելի լավ էր չաներ։ Հետո ունեինք Սումգայիթի զոհերի հիշատակի օրը, ինչ արեց վարչապետը, թվիթ արեց, առանց ուղերձի։ Ունեինք Մարտի 1, որը մեր նորագույն պատմության ողբերգական էջերից մեկն է, վարչապետը ուղերձ հղեց, պետական ապարատը ամբողջ կազմակերպեց, որ երթ լինի, հետո երթի մասնակիցների քանակից դժգոհ էր։ Նա ուզում էր Մարտի 1-ի սուգը վերածել ուժի ցուցադրության, բայց հայ հասարակությունը դա թույլ չտվեց։ Սա շատ կարեւոր հանրային ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին»։
 
Հարցին, թե ինչու Արմեն Աշոտյանը չմասնակցեց եւ հարգանքի տուրք չմատուցեց Մարտի 1-ի զոհերի հիշատակին, նա պատասխանեց, որ երբեք չի մասնակցել եւ   խորհուրդ տվեց չզարմանալ, որ նաեւ այս տարի չի մասնակցել։
 
Հիշեցնենք, որ մարտի մեկին Նիկոլ Փաշինյանի կոչով Ազատության հրապարակից երթ կատարվեց դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին 2008 թվականի մարտի 1-ին զոհված 10 հոգու հիշատակին։ Երթին չմիացան Ազգային ժողովում ընդդիմության ներկայացուցիչները, «Լուսավոր Հայաստան» ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն առանձին–առանձին հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին։ 

← Վերադառնալ ցուցակին