Լուրեր

Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի և վերջ. Շարմազանով

09.03.2019

Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ:

 
Հարգելի հայրենակիցներ, առաջնորդվելով ազգային եւ քրիստոնեական արժեքների ամրապնդման առաջնահերթությամբ եւ մտահոգված լինելով ժամանակակից աշխարհի հաճախ անվերահսկելի տեղեկատվական հոսքերի պայմաններում երեխաների ներդաշնակ զարգացման վտանգով, հանրապետական գործընկերներիս հետ 6-րդ գումարման ԱԺ-ում շրջանառության մեջ եմ դրել օրենսդրական փաթեթ «Երեխաների իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն իրականացնելու մասին:
 
Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ պետք է արգելվի երեխաների ֆիզիկական, մտավոր եւ հոգեւոր լիարժեք զարգացմանը խոչընդոտող տեղեկատվության տարածումը:
 
Պետությունը պետք է ունենա պոզիտիվ պարտականություն մատաղ սերնդին հնարավորինս թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեւոր իմաստով առողջ ու ներդաշնակ զարգացում ապահովելու համար:
 
Ըստ այդմ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, պղծության, նույնասեռականության, սարսափ բովանդակող եւ նմանատիպ վատ երեւույթների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի:
 
Հարկ է նշել, որ միջազգային պրակտիկայում եւս անդրադարձ կա երեխաների ներդաշնակ եւ բարոյական դաստիարակության եւ այդ հարցերում պետության դերին ու միջամտությանը՝ ի շահ երեխաների բարոյական եւ բնականոն զարգացման պաշտպանության:
 
Մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Handsyde v. United Kingdom գործով 1976թ. որոշմամբ եւ Hertzberg v. Finland գործով 1982թ. կայացված որոշմամբ ճանաչել է պետությունների ինքնավարությունը հանրային բարոյականության ոլորտում քաղաքականություն մշակելու եւ իրականացնելու հարցերում:
 
Նիկոլի Փաշինյանի կառավարությունը, սակայն բացասական եզրակացություն տվեց այս նախագծին, իսկ ԱԺ բռնի լուծարումը հնարավորություն չի ընձեռում ինձ կրկնել նախաձեռնությունս:
 
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը, ինչպես նաև նախօրեին արդեն մեր երկրի Ազգային Ժողովում համասեռամոլության բացահայտ քարոզը, առաջարկում եմ ԱԺ պատգամավորներին, ովքեր իրենց համարում են ազգային-ավանդական, քրիստոնեական արժեքների կրող, անկախ կուսակցական պատկանելությունից, միանալ այս օրենսդրական նախաձեռնությանը և շրջանառության մեջ դնել, հարկ եղած դեպքում լրամշակել եւ ընդունել այն:
 
Համասեռամոլության և թմրամիջոցների քարոզը երեխաների շրջանում պետք է արգելվի եւ վերջ:

← Վերադառնալ ցուցակին