Լուրեր

«Այս պահից դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինությունների քաղաքական պատասխանատվությունը». Էդուարդ Շարմազանովը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը

24.09.2019

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլի հռչակած «նոր Հայաստանում » զավեշտների ցանկն օրեցօր ընդլայնվում է՝ ավիրելով նոր ինստիտուտներ, կազմաքանդման քայլարշավում քարուքանդ անելով անհատների եւ քաղաքական ուժերի:

 
Խորհրդարանական ընդդիմություն համարվող «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտարարել է, թե կողմ է քվեարկելու Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու «Իմ Քայլի», իրականում՝ Նիկոլ Փաշինյանի հակապետական նախաձեռնությանը:
 
Պարոնայք ուրեմն ինչո՞ւ եք նեղսրտում, երբ ձեզ գրպանային ընդդիմություն են որակում: Թողեք էմոցիաները եւ հասկացեք, որ « Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երեւալու ջանքերը» քար են գցում ձեր կլասիկ ընդդիմադիր գլխին:
 
Այս նախաձեռնությանը կողմ կարող է լինել միայն Նիկոլի «դուդուկի տակ պարող» քաղաքական ուժը: Մի նեղվեք տղերք, երբ կլասիցիզմը դուրս է նետում ձեզ քաղաքական ընդունված սահմանումներից՝ ձեր քիմքին անհաճո գնահատականներ սահմանելով «ընդդիմադիրներիդ» համար:
 
Դասական ընդդիմությունը իշխանությանն է քննադատում, այլ ոչ թե խոնարհ հարսի պես՝ լուռումունջ ու հլուհնազանդ, «այո» ասում իշխանության կողմից պետության դեմ կազմակերպվող արշավին
 
Այս պահից դուք կիսում եք Նիկոլի ռեժիմի ապօրինությունների քաղաքական պատասխանատվությունը»:

← Վերադառնալ ցուցակին