Լուրեր

Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ մեղադրանքը կապված է արցախյան խնդրի հետ. Մարգարիտ Եսայան

04.12.2019

«Այս մեղադրանքը ամբողջովին քաղաքական ենթատեքստ ունի և, վայրկյան անգամ չեմ կասկածում, որ կապված է արցախյան խնդրի հետ, այսօր Բրատիսլավայում Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն է, Լավրովի քավորությամբ, սպասվում է համանախագահների, Ադրբեջանի և Հայաստանի կողմից ինչ-որ հայտարարություն, այդ մասին երեկ Լավրովն անձամբ էր հայտարարել»,- Armdaily.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Արցախի շուրջ գործընթացները անասելի արագացել են եև սա կոնկրետ միտված է մարդկանց «զբաղեցնելու», որ անեն իրենց մութ գործարքը։ 

«Սերժ Սարգսյանին մեղադրանք ներկայացնելը մի օր սրանք պիտի անեին, և վստահ էի, դա պիտի լիներ այն պահին, երբ Արցախի հարցում կկոնկրետնան մութ գործարքը ։Ես համարում եմ, որ մեր հասարակությունը պիտի շատ զգաստ լինի, այստեղ Արցախի հարցն է։Սերժ Սարգսյանը բազմիցս է ասել, ոչ մեղադրանքից է վախենում , ոչ էլ ձերբակալվելուց, նժարին դրված է Արցախի և Հայաստանի անվտանգության հարցը։

Հարցին՝ արդյոք սա կապված է Սարգսյանի զագրեբյան ելույթի հետ, նա պատասխանեց.« Ինչ վերաբերում է զագրեբյան ելույթին, այո, ՀՀ երրորդ նախագահը վտանգը տեսնում է և զգուշացրեց ի լուր աշխարհի և ի լուր ՀՀ թավշիստ-պոպուլիստների՝ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում, մենք բոլորս պիտի անասելի լրջանանք եւ սթափ լինենք․․․»։

← Վերադառնալ ցուցակին