Լուրեր

«Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի արած «խոստովանությունը» իր կադրային քաղաքականության մասին՝ կարևոր էր». Արտակ Զաքարայն

04.03.2020

 ՀՀ Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Թբիլիսիում Նիկոլ Փաշինյանի արած «խոստովանությունը» իր կադրային քաղաքականության մասին՝ կարևոր էր: Այս մասով մի քանի կարճ արձանագրում անեմ.

 
1. Հիսուս Քրիստոսի հանդեպ աշակերտներից մեկի դավաճանությունը որպես օրինակ բերելը տեղին չէր, այն էլ այդ ոճով: Ոչ ոք իրեն չպետք է թույլ տա Աստծո անունը պարապ տեղը տալու: Եվ սեփական սխալներն Աստվածաշնչով պետք չէ մեկնաբանել, դրա համար գոյություն ունեն կառավարման տեսություններ: Քրիստոս Աստծո և քրիստոնեության առաքելությունը կադրային քաղաքականությունը չի եղել: Դավաճանությունն էլ միշտ լինելու է, կախված այն բանից թե ի՞նչն եք համարում դավաճանություն: Եվ եթե կադրերի մեծ մասն անփորձ կամ դիլետանտ են, ապա նախարարական պորտֆել և պատգամավորական մանդատ նրանց տալը պետության հանդեպ ազնվություն է թե «դավաճանությո՞ւն»:
 
2. Պետական և քաղաքական կառավարման մեջ սխալներն իհարկե թույլատրված են, ինչ որ տեղ նաև անխուսափելի: Խնդիրը դրանցից հետևություններ անելու մեջ է: Հուսամ, որ մեկ ուրիշ առիթով Փաշինյանը կխոստովանի, թե ի՞նչ հետևություններ է արել անձամբ ինքը որպես վարչապետ՝ իր և իր թիմակիցների սխալներից, որոնք կարող են նաև ճակատագրական լինել: Ժամանակը դա ցույց է տալու:
 
3. Պետական պաշտոնյաի հանդեպ հարուցվող քրեկան գործերը միշտ չէ, որ դավաճանության կամ սխալ կադրային քաղաքականության արդյունք են: Հիմա էլ կան պաշտոնյաներ, որոնց նկատմամբ քրեական գործեր հարուցելու հիմքեր չկան, բայց նրանց գործունեության արդյունավետությունը որևէ կերպ տեսանելի կամ չափելի չէ: Պայմանականորեն ազնիվ, բայց անարդյունավետ կառավարման պարագայում, երբ սպառվում են պետական միջոցները, բայց դրանից որևէ կերպ չի բարձրանում քաղաքացիների անվտանգությունն ու կենսամակարդակը՝ ժողովրդի 100 տոկոսով վստահության մասի՞ն է խոսում, թե՞ ոչ:
 
4. Պետության գործունեցության գլխավոր երաշխիքն օրենքն է և օրինականությունը: Երբ իրավապահ, կամ այլ համակարգի պետական պաշտոնյան դեմ է գնում օրենքին կամ պետության շահերին՝ հանգիստ կարող եք նաև դավաճանություն փնտրել: Իսկ եթե ղեկավարը սեփական անձի հանդեպ հավատարմությունն է դնում հիմքում, ապա հավատացեք, որ որևէ մեկին դավաճան անվանելը այլևս պետության մասին չի խոսում: Դա տանում է թայֆայական կամ կլանային քաղաքական կառավարման:
 
Եվ վերջում մի մեջբերում անեմ գերմանացի գիտնական Վիլհեմ Շվեբելից.
«Որտեղ սկսվում է նպատակահարմարությունը պետության տեսակետից, այնտեղ սկսվում են քաղաքացիների նկատմամբ կամայականությունները» »:

← Վերադառնալ ցուցակին