Լուրեր

Ժողովրդի 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակ լրջագույն ռիսկ է համարում կոռուպցիան. Էդուարդ Շարմազանովը հետազոտության տվյալներ է հրապարակել

07.07.2020

 «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի» կատարած սոցհարցումների համաձայն՝ բնակչության 80 տոկոսը Փաշինյանի իշխանության ժամանակահատվածում կոռուպցիան համարում է լուրջ ռիսկ։ Այս մասին «Փաստինֆո»-ի «Դիրքորոշում» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Հայաստանում «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի», որին դժվար է մեղադրել նախկին իշխանության հետ որևէ կապ ունենալու մեջ, քանի որ ֆինանսավորվում է USAID-ի և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի կողմից, հետազոտության տվյալների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց 1,5 տարի հետո մեր բնակչությունը կոռուպցիան համարել են լուրջ խնդիր»,- ասել է Էդ.Շարմազանովը՝ նշելով. «2019 թվականի նոյեմբերին հարցվողների 64 տոկոսը կոռուպցիան Հայաստանում համարել է լուրջ խնդիր, իսկ 2020 թվականի ապրիլին հարցվողների 80 տոկոսն է կոռուպցիան համարել լուրջ ռիսկ»։

«Հետազոտությունը մենք չենք արել։ Հարցվածների 57 տոկոսը չի հավատում, որ այս 2 տարվա ընթացքում դրական փոփոխություն է եկել», ասաց Էդուարդ Շարմազանովը։
Անդրադառնալով կորոնավիրուսային համաճարակի ընթացքում տարվող պայքարի արդյունավետությանը՝ Շարմազանովը ներկայացրեց հետազոտական կենտրոնի արված տվյալները.

«15 տոկոսն է կարծում, որ կորոնավիրուսի դեմ պայքարը էֆեկտիվ է, իսկ 40 տոկոսը խիստ բացասական է գնահատում այս ամենը։ 60 տոկոսը բացասական է համարում պանդեմիայի ժամանակ ձեռնարկած քայլերը։ Երևանում հարցվողների 65 և մարզերում հարցվածների 60 տոկոսը գտնում է, որ կառավարությունը համավարակի ժամանակ մարդկանց բիզնեսին ոչ մի օժանդակություն չի տվել»։

Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ սա մի կազմակերպության հարցման տվյալներ են, որը ոչ ուղղակի, ոչ անուղղակի չի կարող կապվել պիցցայակերության և նախկին իշխանության հետ. «Բոլորը դժգոհ են։ Սա ֆիքսում է մի բան, որ հանրությունը չի վստահում Նիկոլ Փաշինյանին»,- ասաց Շարմազանովը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Փաստինֆո»-ի եթերում։

Աղբյուր` Փաստինֆո

← Վերադառնալ ցուցակին