Լուրեր

Ճգնաժամը իշխանությունների ուղեղում է. Հայկ Մամիջանյան

07.07.2020

 Այս պահին իշխանությունները փորձում են հնարավորինս երկար պահել արտակարգ դրությունը, որպեսզի ակցաիներ, ընդվզումներ չլինեն: Այս մասին, այսօր՝ հուլիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը, որը ՀՀԿ երիտասարդների հետ ակցիա էր իրականացնում կառավարության շենքի մոտ:

 
«Ինչքան ուզում է երկարացնի պարոն Փաշինյանը եւ մսուր-մանկապարտեզ դարձած Ազգային ժողովը, մենք նմանօրինակ ակցիաներով միշտ կկարողանանք արտահայտել մեր բողոքը: Ակցիաները լինելու են շարունակական, մենք անդադար հիշեցնելու ենք իշխանություններին իրենց կրական դեմքը: Իսկ  այդ դեմքը հատիկով ծխախոտ վաճառողն է: Երբ դու հոգու խորքում հատիկով ծխախոտ վաճառող ես, այդպես էլ մնալու ես: Սովորաբար, երբ իշխանություններին իրենց անօրեն գործողությունների, իրենց հանցավոր անգործության մասին հիշեցնում են, դրանից հետո որպես կանոն ինչ-որ շինծու, հնչեղ քրեական գործ է ստեղծվում: Այնպես որ ես կանխավ ներողություն եմ խնդրում այն անմեղ մարդուց, ում դեմ շինծու քրգործ է ստեղծվելու այն բանից հետո, երբ պարոն Փաշինյանը կամ իրենցից որեւէ մեկը կկորցնի իր տիրապետումը»,-ասաց Մամիջանյանը:
 
 
Նա հավելեց, որ իշխանություններին թվում է, որ եթե իրար հետեւից հնչեց, շինծու գործեր լինեն, որոնց մեծ մասն իրենց անգործության արդյունքն է, ժողովրդի համար դա կդառնա սովորական: մեզ համար սովարական է դարձել, որ այս կամ գնումը տեղի է ունեցել առանց մրցույթի եւ մեկ անձից:
 
Անդրադառնալով ՍԴ-ի շուրջ զարգացումներին, այդ թվում նրան, որ այսօր նախատեսված ՍԴ նիստը չկայացավ, Մամիջանյանն ասաց. «Ճգնաժամը իշխանությունների ուղեղում է: Թող բացեն նայեն ցանկացած հարցումների արդյունքներ, որտեղ ՍԴ-ն ունի 40-50 տոկոս աջակցություն մնացած պետական կառույցների նկատմամբ: ՍԴ-ն պետական ինստիտուտ է, որն աշխատում էր ժամացույցի պես, որը կայացրել է բազմաթիվ որոշումներ, որոնք բխում էին Հայաստանի շահերից: Այն ճգնաժամը, որ գեներացրել են իրենց ուղեղում իշխանության որոշ ներկայացուցիչներ, իրենք էլ թող իրենց ուղեղում լուծեն: ՀՀ-ում սահմանադրական ճգնաժամ չկա»:
 
news.am
 
 

← Վերադառնալ ցուցակին