Լուրեր

«2018 թվականին Սերժ Սարգսյանը և մենք ճիշտ էինք, իսկ Նիկոլը՝ սուտասան, խաբեբա ու սխալ». Արմեն Աշոտյան

18.03.2021

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դատարանի առջև գտնվող Սերժ Սարգսյանի կուսակիցների ու համակիրների ներկայությունը ի աջակցություն Սերժ Սարգսյանի է։

 
«Այդ հավաքը դիտարկեք նաև այն բողոքի ակցիաների շրջանակներում, որոնք տեղի են ունենում Հայաստանում խայտառակ կապիտուլյացիայից հետո։ Նախորդ տարի հենց այս նույն ժամանակահատվածում էր, որ սկսվեց այս զավեշտալի գործը։ Բոլորս հիշում ենք նախագահի ուղերձը հենց այստեղ։ Կարծում եմ՝ այսօր ևս, եթե ժամանակ լինի, Սերժ Սարգսյանը կխոսի, իր համախոհներին ուղերձ կհղի»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
 
Նա ընդգծեց, որ աջակցությունը Սերժ Սարգսյանին, այս գործի շրջանակներում չէ, քանի որ գործն ինքնին ծիծաղելի է։
 
«Միանշանակ այս աջակցությունը քաղաքական է, անձնական, գաղափարական։ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից երբեք չի հեռացել, նա իր վերջին հարցազրույցում շատ ուղիղ ասել է, որ անձամբ որևէ պաշտոնի չի հավակնում, սակայն ՀՀԿ-ն լինելու է շատ ավելի ակտիվ։ 2018 թվականի իշխանազավթումից հետո Հանրապետական կուսակցությունը հենց ի սկզբանե դիրքավորվեց՝ որպես ընդդիմություն, իսկ խորհրդարանական խայտառակ ընտրություններից հետո մենք ընդդիմադիրների համար խրամատները փորել էինք։ Ես ուրախ եմ, որ մենք շատ վաղուց միայնակ չենք ընդդիմության խրամատներում։ Բաց տխուր եմ, որ դրա պատճառը սկզբից Նիկոլ Փաշինյանի միահեծան քաղաքականությունն էր՝ իշխանության զավթումը բոլոր ճյուղերով։ Հետո դրա պատճառը նաև Արցախի շուրջ բանակցային գործընթացի խայտառակ, իսկ այսօր կարող ենք ասել՝ դիտավորյալ տապալումն էր, հետո՝ կորոնավիրուսը, և դրանից բխող ողբերգական հետևանքները։ Իրականում 2018 թվականին Սերժ Սարգսյանը և մենք ճիշտ էինք, իսկ Նիկոլը՝ սուտասան, խաբեբա ու սխալ»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
 
Հարցին՝ 2018 թվականին Սերժ Սարգսյանը իր հրաժարականի տեքստում հակառակն էր ասել, որ ինքը սխալվեց, Նիկոլ Փաշինյանը ճիշտ է, Արմեն Աշոտյանը նկատեց՝ առաջիկայում այդ թևավոր դարձվածքի բացատրություններն առիթ կլինի լսելու Սերժ Սարգսյանի շուրթերից։
 
Զվարթ Խաչատրյան
168.am

← Վերադառնալ ցուցակին