Լուրեր

Ինչու Փաշինյանին հաջողվեց զավթել իշխանությունը․ պարզաբանում է Գագիկ Մինասյանը

18.12.2021

 2018-ից մեր պետությանը պատուհասած ողբերգության պատճառներից մեկը ուղղակիորեն պայմանավորված է ՀՀ-ում գործող կուսակցությունների և կուսակցական համակարգի կայացվածության ցածր մակարդակով: ՀՀԿ համագումարի ժամանակ նման դիտարկում արեց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Գագիկ Մինասյանը:

 
«Նաև այս պատճառով է, որ գաղափարախոսություն չունեցող, պոպուլիստ բախտախնդիրների մի խմբավորման հաջողվեց զավթել իշխանությունը, հետևողականորեն քանդել բոլոր, հատկապես՝ անվտանգային ինստիտուտները, գործնականում զրոյացնել երկրի ինքնիշխանությունը, երկիրը տանել ծրագրված կապիտուլյացիայի, ժողովրդին բերել անդառնալի կորուստներ և հետո էլ հաղթել ընտրություններում»,- ասաց նա:
 
Իհարկե, ըստ Գագիկ Մինասյանի, այս գործընթացը սկզբնավորվել և թափ է առել նաև արտաքին միջամտության արդյունքում, սակայն մեր երկիրը չկարողացավ դիմակայել այս ողբերգությանը ներքին՝ առաջին հերթին՝ կուսակցական համակարգի կայացածության ցածր մակարդակի պատճառով:
 
«Եթե կուսակցությունների և կուսակցական համակարգի կայացածությունը մնա նույն մակարդակին, ապա մեծ է հավանականությունը, որ այս դավաճաններից ազատվելուց որոշ ժամանակ անց պոպուլիստների ու բախտախնդիրների մի այլ խմբավորման կրկին կհաջողվի գալ իշխանության և նոր փորձությունների տանի պետությանը և ժողովրդին»,- վստահեցրեց Մինասյանը:
 
Մարիամ Պետրոսյան
168.am

← Վերադառնալ ցուցակին