Լուրեր

«Հայաստանի Հանրապետությունը տեր ունի՛. Հայրենիքը որբի գլուխ չէ, որ ոմն փնթի ու գյորմամիշ ոնց ուզի՝ խուզի․․․». Մարգարիտ Եսայան

18.12.2021

 Այսօր ժամը 12։00-ից մեկնարկած Հայաստանի հանրապետական կուսակցության 17-րդ համագումարում  ՀՀ երրորդ նախագահ, Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն ելույթից հետո հնչեցին ինչպես ավագ, այնպես էլ երիտասարդ սերնդի հանրապետականների ելույթները՝ առաջարկներ, անկեղծ խոսքեր։

 
ՀՀԿ անդամ Մարգարիտ Եսայանը ներկաներին նախ առաջարկեց պարզ խոսել ժողովրդի հետ, բայց նախ  մտովի վերլուծել, թե ինչ կատարվեց անցած  տարիների ընթացքում․
 
«Անցած 4 տարիներին Հանրապետականի և ամբողջ Հայաստանի համար դժվար ճանապարհ էր, սա թե բարոյապես, թե ֆիզիկապես էր դժվար ճանապարհ։ Այդ ճանապարհը մեզանից ոմանք անցան պատվով, ոմանք՝ սողալով, ուրիշները՝ դավաճանի պես, շատերը՝ գաղտագողի, երրորդները կամ տասներորդներն այսօր էլի խաղեր են տալիս, մտածում են՝ կարո՞ղ է, էլի Հանրապետականը մի բան է անում, մի հատ կողքերը ֆռֆռանք էլի։ Իմ անձնական կարծիքը բոլորդ գիտեք, ես սրան դեմ եմ, ովքեր մնացել են, կռվել են առաջնագծում, ինչպես նախագահն է ասում՝ խրամատում են եղել, նրանք պետք է ներկայացնեն իսկական Հանրապետականը, որովհետև այն հանրապետականը, որը ես գիտեմ՝ Աշոտ Նավասարդյանից սկսած, այնտեղ դավաճանություն երբեք չի ներվել, ստեղծվել է այդ Հանրապետականը հանուն Հայաստանի, հանուն անկախության և հանուն ազատության․․․»։
 
Եսայանն ընդգծեց՝ այսօրվանից սկսվում է մի նոր ճանապարհ, և այն պարտավոր են դարձնել հայրենիքի փրկության ճանապարհ։
 
«Այլ տարբերակ չպետք է քննարկվի պարզապես։ Մենք այդ ճանապարհին պարտավոր ենք ներկայանալ ոչ թե՝ որպես փրկիչ, փրկիչներից մենք կուշտ ենք, մանավանդ վերջին 3.5 տարիներին, այլ այս ճանապարհին պարտավոր ենք ներկայանալ՝ որպես խաչվող։ Խաչվող՝ մեր բոլոր մեղքերի համար, ուրիշների մեղքերի համար, առհասարակ մարդու մեղքի համար, միայն այդ դեպքում մենք բոլորս կարող ենք մաքրվել և գնալ առաջ։ Սիրելի հանրապետականներ, ուզենք թե չուզենք, երկիրը մեզ է նայում, այսօր և առհասարակ երկիրը նայում է Հայաստանի հանրապետական կուսակցությանը»,- շեշտեց Եսայանը։
 
Մարգարիտ Եսայանն ընդգծեց նաև, որ ստեղծված իրավիճակում իրավունք չունեն մի կողմ քաշվելու և կողքից նայելու տեղի ունեցող զարգացումներին․
 
«Հայրենիքն իրականում մեր զավակն է, և չի՛ կարելի կանգնել ու նայել, թե այդ զավակին ոնց են մորթում, չի՛ կարելի կանգնել ու նայել, թե այդ զավակին ոնց են տալիս թուրքին, չի՛ կարելի կանգնել ու նայել, թե այդ զավակին ոնց են շինո՛ւմ, կգա ժամանակը և այդ շինողներին Հանրապետականը կանի, ինչ որ պետք է անի, չասեմ՝ ինչ ենք անելու․․․»։
 
Շարունակելով խոսքը՝ Եսայանն ասաց, որ պարտք ունեն ժողովրդին և պարտավոր են այդ պարտքը վերադարձնել, վերադարձնել արժանապատվորեն։
 
«Իրականում կա քարերը նետելու և քարերը հավաքելու ժամանակ, և մենք պարտավոր ենք արցախցուն վերադարձնել Արցախը, սյունեցուն՝ Սյունիքը, հային՝ հայրենիքը, ի վերջո, պարտավոր ենք մարդուն վերադարձնելու մարդկությունը, որովհետև դրանից մեզ անընդհատ հեռացնում են, անընդհատ ցինիկաբար հեռացնում են մեզ դրանից, բայց մենք ո՞ւժ ենք, թե՞ ուժ չենք, ժողովուրդ, ուժ ենք, չէ՞, կարող ենք, չէ՞, դա անել»,- դիմելով ներկաներին՝ ասաց Եսայանը, ինչին հետևած ծափահարություններով դահլիճը  կարծես տվեց իր համաձայնությունը:
 
Իսկ վերջում, ամփոփելով խոսքը՝ Մարգարիտ Եսայանն ասաց, որ  արդեն ժամանակն է հայտարարելու,  որ երկիրը տեր ունի՛, թե չէ կողքից թվում է, որ այս երկիրն անտեր է մի գավառամիտի ձեռքին․
 
«Մենք պարզորոշ պետք է հայտարարենք՝ Հայաստանի Հանրապետությունը տեր ունի՛։ Հայրենիքը որբի գլուխ չէ, որ ոմն փնթի ու գյորմամիշ ոնց ուզի՝ խուզի․․․»։
 
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
 
Նարեկ Խաչատրյան
 168.am
 

← Վերադառնալ ցուցակին