Լուրեր

Երիտասարդների նախաձեռնությունը տպավորիչ էր, մենք շատ բան իմացանք Հայաստանի պատմության մասին. ռուս զբոսաշրջիկ

14.03.2022

 Վերջին շրջանում, հատկապես՝ տարբեր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին, ակտիվացել է դեպի Հայաստան զբոսաշրջիկների  հոսքը, ժամանողներն էլ առավելապես Ռուսաստանի Դաշնությունից են։

 
 
Հայաստանի Հանրապետական կուսակցության երիատասարդական կազմակերպությունն էլ մեր երկիրն ու պատմամշակութային օջախները զբոսաշրջիկներին հավուր պատշաճի ներկայացնելու նպատակով նախօրեին հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել:
 
Նախապես սոցցանցերում իրազեկման ակցիա էին անցկացրել, հետո  մայրաքաղաքի փողոցներում թռուցիկներ բաժանելով՝ զբոսաշրջիկներին հրավիրել էին Հայաստանի պատմության թանգարան՝ ծանոթանալու մեր երկրի դարավոր պատմությանը:
 
«Մեր ռուսալեզու բարեկամներին հրավիրել ենք պատմության թանգարան։ Միջոցառումը կրում է ընկերական, բարեկամական բնույթ, և ուզում ենք, որ մեր ռուսալեզու բարեկամներն ավելի լավ ծանոթանան մեր մշակույթին, ավելի մանրամասն իմանան մեր երկրի մշակութային արժեքների մասին։
 
 
Բավականին մեծ հետաքրություն կա… ծանոթանալու մեր հայկական մշակույթին, պատմությանը, և մենք միանշանակ կխթանենք և կօժանդակենք այդ ցանկությունների իրականացմանը, որովհետև շատ կարևոր է, որպեսզի իմանան՝ մենք ով ենք, և իրենց բարեկամ երկիրն ինչ արմատներ ունի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը։
 
Այս մարդկանցից որոշներն առաջին անգամ են Հայաստանում, իսկ ոմանք  էլի էին եղել։
 
Կոնստանտինը Ռուսաստանի Դաշնության Ուլյանովսկ քաղաքից է, առաջին անգամ չէ Հայաստանում, տարիներ առաջ արձակուրդն այստեղ է անցկացրել և հասցրել է հայերեն որոշ բառեր, ինչպես  նաև Ռուսաստանում շատ հայտնի երգերից մեկը սովորել․
 
«Ո՛վ սիրուն, սիրո՛ւն, ինչո՞ւ մոտեցար,
 
Սրտիս գաղտնիքը ինչո՞ւ իմացար.
 
Մի անմեղ սիրով ես քեզ սիրեցի,
 
Բայց դու, անիրա՛վ, դավաճանեցիր»։
 
Իսկ Հայաստանում հատկապես ի՞նչն է դուր եկել: «Հյուրասիրությունը, ես երբեք չեմ տեսել, որ ինձ այսպես դիմավորեին»,- մեր հարցին պատասխանեց Ուլյանովսկից ժամանած զբոսաշրջիկը:
 
«Гостеприимства. Я никогда в жизни не чувствовал, что меня где то так ждали как в этот раз в Армении…….»։
 
Մոսկվայից 3 օր առաջ Հայաստան ժամանած Վլադիմիրն առաջին անգամ է այստեղ, աշխատանքի բերումով է եկել։ Քանի որ առաջին անգամ է մեր երկրում, հետաքրքիր էր իմանալ թե ինչ գիտի ընդհանրապես Հայաստանի մասին.
 
«Про Армению. Что это горная страна горы Арарат…»։
 
Հայաստանի պատմության թանգարանում Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկներին ծանոթացրեցին Հայաստանի պատմությանը։ Հերթով սրահից սրահ անցնելով՝ դարերով պահպանված բացառիկ նմուշները ներկայացնելով՝ թանգարանի աշխատակիցները պատմում էին հետաքրքիր մանրամասներ մեր ժողովրդի մասին:
 
Վալերին էլ է  առաջին անգամ  Հայաստանում, Մոսկվայից 4 օր առաջ ընտանիքի և կատվի հետ է եկել․
 
«Առաջին անգամ եմ Հայաստանում, եկել եմ վերջին իրադարձությունների պատճառով, մեզ մոտ՝ Մոսկվայում, հիմա շատ դժվար է աշխատելը․ սանկցիաներ են, ամեն ինչ փակվում է, ֆինանսներ և այլն, դրա համար Հայաստանը լավ տարբերակ ենք դիտարկել»։
 
Պատմության թանգարանում ցուցադրված նմուշները և էքսկուրսավարի ներկայացրած փաստերն ու պատմությունները տպավորիչ էին եղել Վալերիի համար.
 
«Առաջին հերթին ինձ դուր եկավ, թե ինչպես էր էքսկուրսավարը պատմում, շատ հետաքրքիր էր լսել պատմությունը, նայել էքսպոնատները․․․ լսելն էր հետաքրքիր»։
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանն ընդգծեց, որ նմանօրինակ միջոցառումներն ունենալու են շարունակական բնույթ, չբացառեց, որ շրջանակները կարող են ընդլայնվել, և Հայաստանի պատմությամբ ու մշակույթով հետաքրքրված զբոսաշրջիկներին նաև ցույց կտան Հայաստանի այլ տեսարժան վայրերն ու դրանց պատմությունը։
 
Նարեկ Խաչատրյան

168.am
 

← Վերադառնալ ցուցակին