Լուրեր

«ՀՀ ԱԽ հայտարարությունը իրավիճակի ուշացած արձանագրում է». Շարմազանով

29.03.2022

 ՀՀ Անվտանգության խորհուրդը երեկվա նիստում քննարկել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը՝ այն գնահատելով խիստ լարված: 

Radar Armenia-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն, անդրադառնալով ԱԽ հայտարարությանը, նշեց, որ այն իրավիճակի ուշացած արձանագրում է. «Սա ոչինչ չասող հայտարարություն է, որ եթե վաղը հանկարծ որևէ էսկալացիա լինի Ադրբեջանի կողմից, ինչը գրեթե ակնհայտ է, ասեն՝ հայտարարություն ենք արել։ ՀՀ 41 կմ 2 -ն օկուպացված է, ՀՀ-ն ասում է՝ խաղաղություն։ Նո՞ր հիշեցին, որ Ադրբեջանը սադրում է»։

Շարմազանովի խոսքով՝ պատերազմից հետո հայկական կողմը միակողմանի զիջումների է գնացել, ինչը նպաստել է Ադրբեջանի կողմից է՛լ ավելի լկտի պահվածք ցուցաբերելուն։ «Ադրբեջանի ներկայացրած 5 կետերի ընդունումը, պետական ու ազգային շահը չսպասարկելը, դեմարկացիայի և դելիմիտացիայի գնալու պատրաստակամությունը, Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի՝ Ադրբեջանին տալը, հայկական տեղանունները ադրբեջանական տեղանուններով անվանելը, Արցախում գազատարի առաջին պայթյունից հետո գնահատական չտալն ու նմանատիպ գործողությունները հանգեցրին նրան, որ Ադրբեջանն է՛լ ավելի լկտի պահվածք ցուցաբերի ու դիմի սադրանքների»։

ՀՀԿ ԳՄ անդամն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա հունվարի 11-ի եռակողմ հանդիպումից հետո հայտարարեց, թե գլխավոր հարցը գերիների վերադարձն է, բայց փաստաթղթում այդպես էլ չկար գերիների մասին խոսք. «Այս իշխանության համար գերիների հարց չկա, նրանցից չեն խոսում։ Գերիների օրակարգն արդեն մոռացել են։ Նիկոլ Փաշինյանը 1,5 տարի Արցախ չի գնացել, նա ԱԺ-ում հրաժարվել է Հադրութն ու Շուշին օկուպացված անվանել, սրա արդյունքն է ամենը։»։

Ըստ Շարմազանովի՝ պետք էր այնպես անել, որ Ադրբեջանն իրականացներ նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները, ինչը տեղի չի ունեցել. «Չպետք է նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո դեկտեմբերին, բանավոր պայմանավորվածությամբ, հետո էլ՝ գաղտնի ստորագրելով, Սյունիքում նոր տարածքներ զիջվեր Ադրբեջանին»։

Ինչ վերաբերում է ԱԽ հայտարարության այն կետին, թե պետք է անհապաղ սկսել խաղաղության պայմանագրի բանակցությունները, Շարմազանովն արձագանքեց, որ խաղաղությունը միակողմանի չի կարող լինել. «Որևէ մեկս խաղաղությանը դեմ չենք, բայց դրա համար պետք է, որ դիմացինն էլ պատրաստ լինի։ Ասում էինք՝ Ադրբեջանը պատերազմի է պատրաստվում, պետք է պատերազմից հետո եղած ժամանակաշրջանն օգտագործել՝ բանակը վերազինելու, վերակազմավորելու, հասարակությանն ապատիայից հանելու համար, իսկ ինքն ասում էր՝ մենք խաղաղության ենք նախապատրաստվում։ Եթե դու պատերազմից հետո 1,5 տարին օգտագործում ես՝ բացառապես ընդդիմության վրա «մատ թափ տալու», քաղաքական ռեպրեսիաներ անելու, համերաշխությունը թուլացնելու, մուրճով քարոզարշավ անելու, համայնքապետեր ձերբակալելու համար, եթե քեզ համար Վեդիի ընտրություններն ավելի կարևոր են, քան Արցախի անվտանգությունը, Ադրբեջանն է՛լ ավելի լկտի պահվածք է ցուցաբերելու»։

Անդրադառնալով լայնամասշտաբ ռազմական գործողությունների հավանականությանը՝ Շարմազանովն արձագանքեց, թե շատ բան կախված է Ուկրաինայի իրավիճակից, աշխարհաքաղաքական զարգացումներից։

«Եթե ՌԴ-ն թուլանա կամ խրվի Ուկրաինայում, չեմ բացառում, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձի այստեղ որևէ բան փոխել։ Կարևոր է ՌԴ-ի, Իրանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկու երկրների դերը, բայց ՀՀ իշխանությունները անտեսել են այս իրավիճակը»։

Մարիամ Սարգսյան

radar.am

 

← Վերադառնալ ցուցակին