Լուրեր

Կիրառվել է հատուկ միջոց, բայց ցուցարարները տեղներից չեն շարժվել. սա է ցուցիչը մեր պայքարի. Հայկ Մամիջանյան

04.06.2022

 «Իշխանական քարոզչական մեքենան լայնորեն տարածում է այն թեզը, որ ավելի շատ տուժել են ոստիկանները, քան ցուցարարները: Դա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, որովհետև տուժած ցուցարարների զգալի հատվածը բժշկական կենտրոններ չի դիմել, մինչև ուշ գիշեր այստեղ էին, տեղում բուժօգնություն էին փորձում ցույց տալ, շատերը տանն են ապաքինվում, եթե այդ թիվը գումարես, կրկնակի կգերազանցի իշխանությունների հրապարակած թիվը»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:

 
 
Նրա խոսքով, ոստիկանությունը տուժել է իրենց իսկ օգտագործած հատուկ միջոցներից, որոնք կիրառվել են ոչ պատշաճ կերպով, և ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, ժամկետանց են եղել: Եթե նայեք վնասվածքները, ապա դրանց ճնշող մեծամասնությունը հենց հատուկ միջոցների սխալ կիրառման արդյունք են:
 
«Թեզը, թե ոստիկաններն ավելի շատ են տուժել, սովորական քարոզչական հնարք է: Երեկվանից նաև իրենց երեսփոխանների թիմը փորձում է պատասխանատվությունը բարդել ընդդիմության այս կամ այն ներկայացուցչի վրա։ Հստակորեն հայտարարում եմ, որ բոլոր մարդիկ, որոնք խոսել են բարձրախոսով կամ միկրոֆոնով, կոչ են արել հանդարտության, փորձել են բացառել բռնությունը, բացառել բախումները: Այդ ամենը կարող եք տեսնել մի շարք լրատվականների լայվերում։ Այնպես որ՝ տարբեր կալիբրի և տարբեր դրսևորումների սադրիչները առկա էին երեկվա գործողությունների ընթացքում»,- վստահեցրեց Մամիջանյանը:
 
 
Խոսելով հատուկ միջոցների կիրառման մասին, Հայկ Մամիջանյանը նշեց. «Փաշինյանը երեկ իր նյարդային դրսևորումների գագաթնակետին հասավ և բացարձակ անհիմն հրաման տվեց կիրառելու հատուկ միջոցներ, ընդ որում, հիշեցնեմ, 2 տարի առաջ պատերազմ տեսած երկրում կիրառես լուսաձայնային նռնակ,  դա ոչ միայն խնդիր է օրենքի, այլև բարոյականության հետ, երբ ցուցարարների մեջ պատերազմի մասնակիցներ են, բայց դե, բարոյականություն ակնկալել այժմյան քաղաքական իշխանություններից՝ անիմաստ է: Այնպես որ՝ սա ևս մեկ կարմիր գիծ էր, որը Փաշինյանն անցավ»:
 
«Այսպիսի ժողովուրդ չի լինում, այսպիսի ցուցարար չի լինում, որ կիրառվի լուսաձայնային նռնակ՝ կիրառվի Սվիրել, ոչ մեկը տեղից չշարժվի: Այ սա է ցուցիչը մեր ազգի, մեր պայքարի ընկերների»,- նշեց պատգամավորը:
 
Անդրադառնալով շրջանառվող այն թեզին, թե իշխանությունն ունի արևմտյան երկրների դեսպանատների աջակցությունը, Մամիջանյանը վստահեցրեց, որ, ըստ մամուլում տեղ գտած տեղեկությունների, երեկվանից հետո Փաշինյանի ռեժիմը ստացել է վերջին «չինական» զգուշացումը, որ արևմտյան երկրների դեսպանատները, միջազգային կառույցներն այլևս չեն հանդուրժելու այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում:
 
«Արևմտյան երկրների հանցավոր լռությունը խաղաղ ցուցարարների դեմ իրականացվող վայրագությունների նկատմամբ, գին ունի, արժեք ունի: Անհրաժե՞շտ է բացել փակագծերը, թե որտեղ և որ բանակցության ժամանակ է վճարվում էդ գինը, որտեղ է հլու-հնազանդ կատարում ոչ հայկական օրակարգով պարտադրված պայմանները: Որպեսզի չստանա այս կամ այն կառույցից հանդիմանող հայտարարություններ, Փաշինյանը զոհում է ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ընթացքում այս կամ այն կետերը»,- հայտարարեց Հայկ Մամիջանյանը:
 
Մանրամասները՝ տեսանյութում
 
168.am
 

← Վերադառնալ ցուցակին