Լուրեր

Մարդիկ պատրաստ են ուղղել իրենց սխալը․ Մարգարիտ Եսայան

12.11.2023

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նոյեմբերի 12-ին կուսակցական ընկերներիս հետ Գեղարքունքի մարզում էինք՝ Ճամբարակում եւ Վարդենիսում։ 

Սահմանամերձ են այլեւս այս բնակավայրերը՝ Արցախը թշնամուն թողնելուց հետո։ 
 
ՖԲ մի  քանի ընկերներս խնդրեցին հրապարակել տպավորություններս    մարդկանց ապրուստի, տրամադրությունների, ակնկալիքների եւ մտքերի մասին։
Անում եմ դա  սիրով , մի քիչ ծանրացած սրտով։
Ծանրացած, քանզի  հեռվից մարդկանց հետ զրուցելն ու խոսելը մի բան  է, կոնկրետ տեղում մարդկանց  հետ շփվելը՝ բոլորովին այլ։
Զուտ,  ներկայացնեմ մի քանի կարեւոր նկատառում։
 
-Մարդիկ մտահոգ են երկրի եւ, մասնավորապես, իրենց բնակավայրերի անվտանգային խնդիրներով։
 
-Սուտ է, թե   մարդիկ միայն ստամոքսով են մտածում,  անվտանգությունը  դարձել է թիվ մեկ խնդիրը։
 
-Բոլորը հասկանում են, որ Արցախն էր իրենց եւ ամբողջ Հայաստանի անվտանգության երաշխավորը, հիմա մեջքները  անպաշտպան է։
 
-Սպասում են քայլեր, գործողություն են ուզում ընդդիմությունից։
 
- Սոցիալական բողոք՝ անթիվ-անհամար, բայց, ասում են, դուք սրանց հեռացրեք,  մենք մեր սոցիալական հարցերը մի կերպ կլուծենք։
 
-Սոթքի հանքավայրի  չաշխատելու պատճառով ընտանիքների   հայրերը  մեկնում են արտագնա աշխատանքի, չուզելով, բայց գնում են, ընտանիք պահելու խնդիր ունեն։
 
- Կաթի մթերման խնդիր ունեն, կարտոֆիլի իրացման խնդիր, քանի որ  իշխանամերձ խնամի-քավոր օլիգարխները կարտոֆիլի  <թեման> սեփականացրել են, կաթի հարցերը ֆոկուսներով են լուծում, արտադրող գյուղացուն թողնելով    ծայրահեղ վիճակում։
 
-Երկու գյուղերում էլ  տեղավորվել են Արցախից բռնի տեղահանված արցախցիներ, նրանց այստեղ սիրով են ընդունել, օգնել են իրենց հնարավորությունների սահմանում։
 
-Դպրոցական դասագրքերի մասին   լիքը  բողոքներ եղան, մասնավորապես պատմության եւ մաթեմատիկայի։
 
- Գյուղացին  այլեւս  չի հավատում  իշխանության  մարդկանց,  հասկանում է, որ սխալվել է 2018-ին, սխալվել է նաեւ 2021-ին։
 
-Մարդիկ պատրաստ են ուղղել իրենց սխալը։
 
Հ․Գ․Գյուղացիներից մեկի հետ  մասնավոր զրույցից այս հատվածը  կփորձեմ ներկայացնել առանց խմբագրման։
Այս մարդու միակ որդին զոհվել է 44-օրյա պատերազմում,  20 տարեկան հասակում։ Հիմա մարդը ուղղակի ատում  է  այս իշխանությանը։ Հասկանում է, որ այս ողբերգությունը իր եւ երկրի գլխին նիկոլն է բերել։  Մարդը  ցավով  է արձանագրում, որ իր համագյուղացիների մեջ դեռ կան նիկոլապաշտներ։
Դրանցից մեկի հետ   վեճի ժամանակ, երբ այդ նիկոլապաշտը  պաշտպանում է  նիկոլին,  իմ ծանոթ մարդն ասում է․«Ախր ո՞նց չես հասկանում, էս ամբողջ   դարդուցավի մեղավորը էդ մարդն է, իր  քայլերի պատճառով ենք էս վիճակում»։
 Եւ, գի՞տեք ի՞նչ  է հակադարձում նիկոլականը,  պարզապես չեք պատկերացնի։ 20 տարեկան որդուն  44 օրյա պատերազմում  կորցրած հորը էդ  մարդը ասում է ․«Հա, ինչ, իմ որդին էլ բանակում Սերժի ժամանակ թոքաբորբով էր հիվանդացել»։  Համագյուղացիները, որ ներկա են լինում այս վեճին,  ապշում են, էդ նիկոլականին ասում են․«Այ մարդ, էս ինչ ես ասում, գոնե  որդուն  կորցրած հորը էդ բանը մի ասա, քո որդին ողջ-առողջ է, քո կողքին,իսկ նա նիկոլի բերած պատերազմի պատճառով 20 տարեկան որդուն է կորցրել»։ 
Ահա, այսպիսի Հայաստան․․․»։

← Վերադառնալ ցուցակին