Լուրեր

Արդյունքում ես ճիշտ էի, Նիկոլենք՝ սխալ․ Շարմազանով

20.11.2023

Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության տրամադրման մասին փաստաթուղթը։ 

Ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը, ի՞նչ անվտանգային խնդիրների առաջ կարող է կանգնել Հայաստանը և ո՞ւր է մեզ հասցնելու իշխանության նոր նախագիծը՝ «Խաղաղության խաչմերուկը». այս հարցերի շուրջ MediaHub-ը զրուցեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի հետ։

«Քանի փաստաթուղթը չեմ տեսել, չեմ կարող մեկնաբանել։ Նախորդ գագաթնաժողովի ժամանակ ՀԱՊԿ-ը ՀՀ-ին առաջարկում էր ռազմատեխնիկական օժանդակություն, այդ թվում և սպառազինություն։ Խնդիրն ավելի գլոբալ է այն առումով, որ ՀՀ-ն հրաժարվում է ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններից և անցնում արևմտա-թուրքական հովանոցի տակ»,- նշեց մեր զրուցակիցը։

Շարմազանովի խոսքով՝ Փաշինյանն ամենն «անում է պարզ, միայն մի բան է խախտվել պատերազմի ժամանակ, քանի որ այս ամենը ծրագրված էր անել հենց այդ իրավիճակում», բայց.
«Իր արևմտյան գործընկերները խառն էին ԱՄՆ ընտրություններով և չկարողացան դերակատարում ունենալ, Ռուսաստանը հրադադարի միջնորդ հանդիսացավ, և Նիկոլը ստիպված գնաց եռակողմ հայտարարության ռուսական միջնորդությամբ։ Եվ հարմար պահի Նիկոլը թռավ ռուսական հովանոցից ՆԱՏՕ-ի հովանոց։ Իր տեսանկյունից զարմանալի կլիներ, եթե նա գնար ՀԱՊԿ գագաթնաժողովին։ Մարդը 2 տարի ակնհայտ բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով ցույց է տալիս, որ դեմ է հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին»։

««Ոչ թե Հայաստանն է հեռանում ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ը Հայաստանից» սա էլ ընդամենը  իշխանական հերթական քարոզչամեքենայի հերթական փուչիկն է։ Որովհետև մենք տեսանք, որ ՀԱՊԿ-ը չի ուզում հեռանալ։ Դրա մասին թող մտածեն Նիկոլ Փաշինյանն ու իրեն ընտրողները և այն քաղաքական ուժերն ու քաղաքագետները, որ հույսեր են կապում, թե ՀԱՊԿ-ի հեռանալուց հետո Հայաստանին լավ օրեր են սպասվում»,- շարունակեց Շարմազանովը:

Քաղաքական գործիչն ասաց, որ նրանց բոլորի համար մի լուր ունի, այն է՝ վատ օրերն առջևում են, որովհետև «Նիկոլն անվտանգությունից հասկանում է այնքան», որքան ինքը՝ Շարմազանովը, տիեզերագնացությունից։ 

«Գուցե ես տիեզերագնացությունից ավելին եմ հասկանում, քանի որ գիտեմ, որ առաջին տիեզերագնացը Յուրի Գագարինն է եղել, կին տիեզերագնացը՝ Վալենտինա Տերեշկովան։ Առաջինը բաց տիեզերք մտել է Լեոնովը։ Այդքանը գոնե գիտեմ, իսկ ինքն անվտանգությունից անգամ 3 էլեմենտար բան չգիտի, դրա համար սպասենք նոր պրոբլեմների»,- հավելեց ՀՀԿ-ական գործիչը։ 

Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ է այս տարիների ընթացքում ՀԱՊԿ-ը տվել Հայաստանին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ 30 տարի հենց այդ անվտանգային հովանոցի տակ է եղել ՀՀ-ն։ «Արցախը հայկական էր, Շուշին հայկական էր, 7 ազատագրված շրջան ունեինք և Գորիս-Կապան ճանապարհը հայկական էր, իսկ թուրքը չէր վխտում Ջերմուկի ու Վարդենիսի սարերում և Սև լճում»,- հավելեց Էդուարդ Շարմազանովը։

«Եթե հիմա այդ ամենից դժգոհ է հայ ժողովուրդը և կողմ է Նիկոլին, ապա խնդիր չկա։ 100 տարվա պատմությունը կրկնվում է։ Եվ այն ազգը, որ դասեր չի քաղում իր պատմությունից, արժանի չէ անկախության։ Առնվազն ապուշություն է մեկ անվտանգային համակարգից հրաժարվել՝ չունենալով այլընտրանք։ Եթե մինչ այս չեն հասկացել, ասեմ, որ բացառապես ռուսական ռազմաբազան է եղել թուրքական սպառնալիքի առաջին խոչընդոտը։ Բայց եթե Փաշինյանն իր թիմի հետ որոշել է, որ Թուրքիան այլևս սպառնալիք չէ, շնորհավորում եմ, կարող են ՀՀ-ն հռչակել հերթական թուրքական վիլայեթ։ Եթե ոմանց նպատակը թուրքական գերիշխանության տակ ապրելն է, ապա իմ մանկության երազանքը չի եղել հաստատ այդ իրականությունը»,- ընդգծեց Շարմազանովը։

Ապա նաև ասաց, որ եթե կարող են ավելի լավ անվտանգություն ապահովել, թող գնան ապահովեն, և ինքը միայն շնորհակալ կլինի։ «Բայց, ցավոք, մինչ օրս ինչ ասել է, բոլորն իրականացել է։ Ես ճիշտ եմ դուրս եկել՝ Նիկոլենք սխալ»,- շեշտեց նա:

Ըստ Շարմազնովի՝ «խաղաղություն-խաղաղություն» ասելով, արդեն իշխանություններն էլ խոստովանում են, որ պատերազմի սպառնալիք կա։ 

«Ասում էինք՝ «միակողմանի զիջումներ մի արեք», ասում էին՝ «Գորիս-Կապանը չհանձնենք՝ պատերազմ կլինի», հանձնեցին, պատերազմ եղավ։ Ու այս օրինաչափությունը վերաբերում է բոլոր դեպքերին։ Փոխարտգործնախարարը հայտարարում է, որ արդեն համաձայն են 4 գյուղեր տալ Ադրբեջանին, վաղն էլ Ալիևը գալու է և զենքով վերցնի։ Ինչպես Արցախը վերցրեց ասելով, որ «Նիկոլն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, ուրեմն իմն ա, եկել եմ, վերցնեմ»։ Նիկոլին զանգելու ա ասի՝ «տուր, քո կողմից հայտարարություն ա եղել, ու հիմա եկել եմ իմ ադրբեջանական գյուղերը վերցնեմ»»,- շեշտեց Շարմազանովը։

Վստահ է, որ լավ օրեր չեն սպասվում.

«Դառնալու ենք թուրք-ադրբեջանական ֆուռերի համար «պռախադնոյ դվոռ», ամբողջ Հայաստանն է միջանցք դառնալու իրենց համար: «Նախկիններ-նախկիններ» են ասում միայն, գործով թող ապացուցեն, միայն կենացներով չի։ Նախկինների ժամանակ հայ զինվորը արցախա-իրանական սահմանից մինչև Քարվաճառ սահմանին էր։ Այն մարդիկ, որ ասում էին՝ «Արցախը տանք, լավ ապրենք», Արցախը տվեցին, լավ ա՞ ապրում Նիկոլը։ Արդեն խոսում է, որ Ադրբեջանը ՀՀ-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Բա ինքն է բանակցել, ո՞ւմ վրա է մուննաթ գալիս, կարո՞ղ ա ես եմ բանակցել Ալիևի հետ։ Նիկոլը բացի պատերազմից ու դագաղներից ուրիշ ոչինչ չի կարող բերել։ Ու վերջին 5 տարիներին դրանով է զբաղված՝ պատերազմ, զոհեր, դագաղներ ու տարածքային կորուստներ»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մարիա Զարգարյան

mediahub.am

← Վերադառնալ ցուցակին