Լուրեր

Ալիևից ենք մարդասիրություն սպասո՞ւմ, թե՞ Նիկոլից՝ հայասիրություն

11.01.2024

 Նախօրեին Իլհամ Ալիևը Հայաստանին ուղղված հոխորտաց, թե՝ եթե այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» չբացվի, իրենք մտադիր չեն բացել Հայաստանի հետ սահմանն այլ վայրում։ Ըստ թշնամի երկրի նախագահի, դրանից Հայաստանն ավելի շատ վնաս կստանա, քան օգուտ:

Շատերը այսօր Կառավարության նիստի ժամանակ սպասում էին այս հայտարարություններին պատասխան ՀՀ իշխանությունների կողմից, որոնք այդպես էլ չհնչեցին, իշխանական ոչ մի օղակ այդպես էլ չարձագանքեց: 

MediaHub-ի հետ զրույցում ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը նշեց, որ զարմանալու որևէ բան չի տեսնում, հակառակը՝ կտեսներ այն դեպքում, երբ իշխանությունները պաշտպանեին Հայաստանի ու Արցախի շահը.

«Սա այն իշխանությունն է, որ մի ամբողջ Արցախ է հայաթափել ու մի հատ «օյ» չի ասել, սալյուտ է խփել, 120.000 մարդու էս իշխանությունը անտուն է թողել: Գանձասար, Ղազանչեցոց, Ամարաս, Հադրութ, Շուշի թուրքին թողած իշխանություն է սա ու այդ ամենի հետ մեկտեղ մի հատ էլ ճոխ փարթիներ է կազմակերպում։ Ինչ անում եք ձեր տանը թաքուն արեք։ Պատկերացրեք՝ հարազատդ մահանա, դու կողքի սենյակում քեֆ անես, հասկանո՞ւմ եք. այ սա է կատարվում ու մենք դեռ ինչ-որ բան ենք ակնկալո՞ւմ նրանցից»,-նշեց մեր զրուցակիցը։

Շարմազանովի խոսքով՝ ինչ ասել է, այդպես էլ եղել է ու  լինելու է։ Նրա խոսքով, եթե Նիկոլը մնաց, Ալիևը ինչպես Ստեփանակերտում էր Արցախի դրոշի վրայով քայլում, այդպես էլ Կառավարության շենքի դիմաց Հայաստանի դրոշի վրայով է քայլելու. «Կամ ազգովի պետք է գնան ու խոնարհվեն թուրքի առաջ ու Քեմալի արձանը դնեն»։ 

Ապա շարունակեց. «Արցախը տվեցին, Ալիևը Սյունիքն է ուզելու, հետո էլ Երևանը, որի մասին հիմա արդեն խոսում է ինքը։ Նիկոլն ասում էր 29 800քկմ, Ալիևն էլ բանի տեղ չդրեց անգամ, Կառավարության նիստ է վարում այսօր, ինչո՞ւ մի բառ անգամ չարձագանքեց: Որովհետև ո՞նց կարա խոսա, վասսալն իր շեֆի հետ ո՞նց կարող ա տենց խոսա։ Նիկոլը իշխանության մնացել ա Ալիևի ու Էրդողանի ողորմածության արդյունքում։ Այս քաղաքականությունը կոչվում է «սալյամիի» քաղաքականություն ու այն իրականացվում է ժողովրդի թույլտվությամբ ու թող մենակ Նիկոլի վրա չգցեն, Արցախը հանձնել քեֆ են անում։ Նիկոլ են ընտրում, Ավինյան են ընտրում, դե թող վայելեն: Ավելին՝ այս հասարակությանը հասնում է:

Արցախից հրաժարվեց, ասաց 29 800, Ալիևն ասաց ի՞նչ 29800, անկլավները վերցնելու եմ ու փորձի Զանգեզուրի միջանցքը չտաս՝ բլոկադայի եմ ենթարկելու։ Հայաստանին արտաքին աշխարհին կապող բոլոր կապերը կտրելու են Ադրբեջանն ու Թուրքիան ու արդյունքում հայտնվենք բլոկադայի մեջ: Կրկնում եմ՝ եթե Նիկոլը մնաց։ Ես վախենալու բաներ չեմ ասում, իրատեսական են իմ բոլոր դիտարկումները»,- շեշտեց մեր զրուցակիցը։ 

Քաղաքական գործչի խոսքով՝ խաղաղության պայմանագիր չի լինելու, այլ լինելու է Հայաստանի ադրբեջանացման պայմանագիր, Ալիևն էլ երեկ ասաց, որ խաղաղության պայմանագիր չկա, կա Երևանը՝ Էրիվան, Ջերմուկը՝ Իստիսու դարձնելու պայմանագիր։ Արցախը Հայաստանի միջնաբերդն էր։ Ադրբեջանն առաջին օրվանից իր նպատակների ու ցանկությունների մեջ եղել է հստակ, բայց տգետների խումբը, երբ կանգնում ասում էր, որ Արցախը տանք՝ Հայաստանը փրկենք, փրկեցի՞ք։ Արցախը Երևանի ապագան էր, որ հանգիստ քնած էին տներում՝ Արցախի շնորհիվ էր։ Եթե Փաշինյանն առանց դեմարկացիայի ու դելիմիտացիայի Գորիս-Կապան ճանապարհից է հատված տալիս ու հետո կախիչի ու դուշի մասին խոսում ու հասարակության մի մեծ զանգված իրան ընտրում, ուրեմն արժանի է։

«Քոչարյան չէի՞ք ուզում, Հանրապետական չէի՞ք ուզում, դե գնացեք վայելեք։ «Հայաստան» դաշինքին դեմ էիք, «Պատիվ ունեմ»-ին դեմ էիք հու-հու անելով դուխով Նիկոլ ընտրեցիք։ Մտածում էին պաշտոնի կռիվ էինք անո՞ւմ, ինչներիս էր պետք պաշտոնը: Ասում էինք, որ անկլավների հարց կա, իսկ պատասխանում էին հասարակությանը, որ ընդդիմությունը անբարոյական բաներ է անում։ Ալիևն ասում է՝ ինչ գրավեմ իմն է, Նիկոլն էլ ասում է, որ կադաստրի վկայական չունենք, էլ ինչի՞ վրա զարմանանք»,- շեշտեց Շարմազանովը։

ԱԺ նախկին փոխխոսնակը նշեց, որ երբ ասում էին սթափվեք, պառկում էին ասֆալտին կամ -20-ին ճանապարհ էին փակում, այդ ամենը նրա համար էր, որ բացատրեին, թե ինչ է սպասվում:

«Ասել ենք, զգուշացրել ենք ու հիմա էլ եմ ասում՝ եթե Նիկոլը մնաց, երանի եք տալու 2023թ-ին, բայց հասարակության մեղքն է լինելու։ Էլ կեղծ պոպուլիզմ չենք խաղալու ու ասենք, որ ժողովրդին չի կարելի մեղադրել, ես մեղադրում եմ ու Նժդեհն էլ ա մեղադրել ու ասել՝ «ապերախտ ժողովուրդ»: Ես ազնիվ պայքարել եմ, Աշոտյան Արմենը ազնիվ պայքարել է  ու հիմա նստած է, Արցախի համար է նստած, նստած է, որ ճշմարտությունը չասի»,- շեշտեց նա: 

Շարմազանովը զարմանում է՝ Ալիևից ենք մարդասիրություն սպասո՞ւմ, թե՞ Նիկոլից՝ հայասիրություն:

Ավելացրեց, որ եթե հանդուրժենք՝ Բակո Սահակյանի կողքը բոլորս ենք նստած լինելու Բաքվի բանտում, ու ով Արցախից խոսի, անկախությունից խոսի, պետականությունից խոսի կամ դեմ գնա Ալիևին ու Էրդողանին, բոլորին մեկ գիշերվա մեջ հավաքելու են տանեն Բաքվի բանտեր, «ու դեռ երանի տանք, որ Աշոտյանենք հայկական բանտում էին»:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխիքը եղել է ազգային արժեքային համակարգով մեր ազգային քաղաքականությունն ու մեր սահմանների պաշտպանությունը: 

«Նախկինների ժամանակ Ադրբեջանի կողմից հնչող անգամ մի հատ «պու»-ն անպատասխան չէր մնում, Ադրբեջանը 2016-ին փորձեց ու ի՞նչ ստացավ: Դրա համար թուրքը ներսից որոշեց պայթեցնի Հայաստանը»,- եզրափակեց  Էդուարդ Շարմազանովը։

Մարիա Զարգարյան

mediahub.am

← Վերադառնալ ցուցակին