Լուրեր

ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆ ՇԱՏ ՄՏԱԾԵԼ՝ ՔԻՉ ԽՈՍԵԼ

28.02.2024

 ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանն ասում է․ «Մենք այս ժողովրդին տվել ենք ազգային, պետական արժանապատվություն․ գուցե դա՞ իրենց դուր չեկավ։ Տվել էինք 42 հազար քառակուսի կիլոմետր կենսագործունեության տարածք։ Յուրաքանչյուր ժողովուրդ իր կենսագործունեությունն իրականացնելու համար հայրենիք պիտի ունենա, դրա համար տարածք է պետք։ Ամբողջ մոլորակի վրա պատերազմները տարածքների համար են եղել, մարդկության պատմությունը պատերազմների պատմություն է։ Մենք տվել էինք կենսատարածք, հայրենիք, տվել էինք հզոր բանակ, տվել էինք արժանապատվություն»։ Նա նշում է, որ Հայաստանում պարբերաբար փորձարկվել են գունավոր հեղափոխություն իրականացնելու սցենարներ, ու «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումը դրանցից մեկն էր։

 
«Հիշո՞ւմ եք, թե դրսից ինչքան, նույնիսկ այսօրվա հեղափոխականներից, գնացին կանգնեցին նրանց կողքին եւ սկսեցին այդ շարժումը՝ ներսից եւ դրսից։ Դա, ըստ էության, գունավոր հեղափոխության փորձ էր այն ժամանակ։ Իրենք մտածել էին այդ ձեւով իրականացնել, եւ, ըստ էության, այնքան էլ տարբեր չէին այդ մարդիկ։ Եթե հիշում եք, առաջին միկրոֆոն բռնողն այնտեղ Նիկոլն էր։ Ուղղակի հաջողվեց այդ մի դեպքը չեզոքացնել՝ այս մեկը չստացվեց»,- ասաց Նիկոյանը։
 
Շատերն են հարցնում, թե ինչու այն ժամանակվա իշխանությունը չխոչընդոտեց այս ամենին, ինչին Նիկոյանը պատասխանում է՝ այն ժամանակ ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարեց, որ անընդունելի է համարում որեւէ ոստիկանական գործողության իրականացում եւ այլն։ ԱԺ նախկին նախագահը հիշեցնում է Սերժ Սարգսյանի հայտնի միտքն այն մասին, որ ինքն այս կապիտուլյանտին չի պարտվել, այլ պարտվել է շատ ավելի հզոր ուժերի։ «Խնդիրն այն է, որ Հայաստանի իշխանությունն ամեն ինչ էլ կարող էր անել, որ այսպես չլիներ, բայց մենք ունեինք Արցախի խնդիր։ Համանախագահող երկրները ներկայացնում էին Արեւմուտքը եւ Ռուսաստանը, այսինքն՝ մեր վարքագծային կանոնները պետք է այնպես լինեին, որ որեւիցե կողմից թշնամի եւ հակազդող ուժ չունենայինք։ Այդ մտահոգությունն էր, որ շատ հարցերում մենք չափից ավելի կարող է հանդուրժող գտնվեցինք, չափից ավելի ժողովրդավար գտնվեցինք եւ այլն, եւ այլն»։
 
Անդրադառնալով Զելենսկու՝ Հայաստան հավանական այցին, Սամվել Նիկոյանն ասաց, որ եթե նա այցելի Հայաստան, ապա հիմնական նպատակն է լինելու Հայաստանի ներքաշումը հակառուսական պատերազմի մեջ՝ գործնական, թե ուղղակի բարոյական տեսանկյունից՝ Ռուսաստանին նեղացնելու համար։ «Նպատակը՝ Արեւմուտք-Ռուսաստան պատերազմը տեղափոխել Հայաստան։ Դա վաղուց էր Հայաստանում՝ արտահայտվում էր Արցախում։ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելը, Աննայի այցելությունը եւ խորհրդանշական օժանդակությունն Ուկրաինայի, Կիեւի ռեժիմին, այդ ամեն ինչն անցնելուց հետո ի՞նչ է ասում, ասում է․ «Մենք, Ռուսաստան, քո թշնամու հետ բարեկամություն ենք անում», Ռուսաստանն էլ ասում է՝ դու իմ թշնամու հետ ես համագործակցում՝ ես էլ քո թշնամու հետ կհամագործակցեմ, ո՞րն է քո թույլ տեղը՝ Արցախը, ու հենց սրա արդյունքում Արցախն ընկավ»,- նկատեց Նիկոյանը։
 
Ուղղակի Կրեմլում չէին էլ կարծում, որ Արցախի կորուստը ոչ թե պատիժ կամ ցավ էր այս իշխանությունների համար, այլ մեծ բեռնաթափում՝ դա ցավ էր հայ ժողովրդի համար։ Կրեմլում հասկացա՞ն արդյոք իրենց սխալը՝ Նիկոյանը կարծում է, որ այնտեղ այս հարցերին այդքան էլ խորությամբ չեն նայում, քանի որ ռուսական քաղաքական ապարատի ամբողջ ներուժն այժմ Ուկրաինայում է կենտրոնացված, եւ նրանց համար այս հարցերն այնքան փոքրիկ ու անկարեւոր հարցեր են, դա մեզ համար է գոյաբանական խնդիր։ «Մենք պետք է հասկանայինք, թե ինչ պետք չէ անել, տասն անգամ մտածեինք՝ նոր մի բան խոսեինք կամ չխոսեինք, մի բան անեինք կամ չանեինք։ Փոքր պետությունների ղեկավարները պարտավոր են շատ մտածել՝ քիչ խոսել, մերը՝ չի մտածում, չի կարողանում մտածել, բայց շատ խոսում է, ամեն տեղ լեզվին է տալիս»,- նշեց ԱԺ նախկին նախագահը։ Նիկոյանը նկատում է, որ Փաշինյանը ժամանակին չկարողացավ հաշվարկել, թե ինչ է լինելու ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի ձերբակալումից հետո, չհասկացավ, թե դա ինչ հետեւանքներ կբերի, կամ էլ հասկանալով արեց․ այս ամենը նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ձերբակալելու հետեւանքն էր։ Եվ այդ վերաբերմունքը չէր կարող չարտահայտվել, ու երբ ասում են՝ ՀԱՊԿ-ն չարեց, արդարացի է հակադարձել՝ այն ՀԱՊԿ-ն, որին սեփական ձեռքերով բարոյապես ոչնչացրի՞ք։
 
«Հայաստանը որեւէ իրավունք չունի ներքաշվել հակառուսական այս պայքարի մեջ՝ հաշվի առնելով, որ, ամեն դեպքում, ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանում է, հաշվի առնելով, որ սահմանապահ զորքերը Հայաստանում են, հաշվի առնելով, որ, ամեն դեպքում, ռուսական խաղաղապահ զորախումբն Արցախում է։ Մենք պետք է այդ գործոնը հաշվի առնենք։ Պետք է հաշվի առնենք, որ եթե ինչ-որ մի օր ինքն իր գործառույթը չիրականացրեց, կարող է ինչ-որ մի օր ինչ-որ գործառույթ իրականացնի՝ Արցախ վերադառնալու։ Այդ հույսը մենք չպետք է կորցնենք»,- ասում է Նիկոյանը։
 
Եթե Ռուսաստանը կարող է իր եղբայր ժողովրդի դեմ աշխարհի դաժանագույն պատերազմներից մեկը տանել, ապա մեր տարածաշրջանում էլ, որն իր ավանդական ազդեցության գոտի է համարում, ձեռքերը ծալած չի նստելու։ Ինչ վերաբերում է Լուկաշենկոյի՝ կտրուկ շարժումներ չանելու մասին Հայաստանի գործիչներին ուղղված հայտարարությանը, Նիկոյանը նշեց, որ Կրեմլը ճիշտ կանի՝ Լուկաշենկոյի փոխարեն ավելի հարմար թեկնածուներ ընտրի՝ սեփական խոսքը փոխանցելու համար։ Ի դեպ, Պուտինն էլ շատ մակերեսային է անդրադառնում այս հարցին, քանի որ ինքն էլ է գիտակցում, որ կոտրել է արցախցիների հավատն իր ու Ռուսաստանի նկատմամբ։ Ֆրանսիայի ու Հնդկաստանի հետ համագործակցությունն էլ շատ բնական է, սակայն Սամվել Նիկոյանը հիշեցնում է, որ նույն ռուսը, որ փողով Փաշինյանի իշխանությանը զենք չի տալիս, իրենց նույն այդ զենքն անվճար էր տալիս, ու հիշեցնում է Ալիեւի դժգոհությունը, թե այս աղքատ երկրին այսքան զենք որտեղից։
 
«Մեծ տաղանդ էր պետք՝ ստանալու համար այն Ռուսաստանը, որն այսօր ունենք»,- ասաց Նիկոյանը։ Փաստացի Հայաստանը դարձել է Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության թատերաբեմ։
 
Հայկա Ալոյան
hraparak.am

← Վերադառնալ ցուցակին