Լուրեր
Վահագն Ալեքսանյանը՝ հայտնի որպես ՔՊ-ի ցինիկ «ուսապարկերից» մեկը․ Դանիելյան
22.04.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վահագն Ալեքսանյանը՝ հայտնի որպես ՔՊ-ի ցինիկ «ուսապարկերից» մեկը, վերջերս հանդես է եկել մանիպուլյատիվ և բացահայտ կեղծ հայտարարությամբ՝ իբր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը խնդրել է ԱՄՆ-ի այն ժամանակվա փոխնախագահ Ջո Բայդենին չճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Հիմա կասեմ իրականությունը. Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին (2008–2018) Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում արձանագրվել են նշանակալի և աննախադեպ ձեռքբերումներ, որոնք փաստում են նրա հանձնառությունը պատմական արդարության վերականգնման գործում։
Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են հետևյալ երկրները՝
1. Գերմանիա (Բունդեսթագ, 2016 թ.)
2. Ավստրիա (Խորհրդարան, 2015 թ.)
3. Լյուքսեմբուրգ (Խորհրդարան, 2015 թ.)
4. Չեխիա (Սենատ, 2017 թ.)
5. Բոլիվիա (Խորհրդարան, 2014 թ.)
6. Չիլի (Սենատ, 2015 թ.)
7. Բրազիլիա (Սենատ, 2015 թ.)
8. Նիդեռլանդներ (2018 թ.՝ վերահաստատում)
9. Սիրիա (Խորհրդարան, 2015 թ.)
10. Ուրուգվայ (վերահաստատում, 2015 թ.)
Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը կազմակերպեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ, որոնց մասնակցեցին ավելի քան 60 երկրների պատվիրակություններ, այդ թվում՝ նախագահներ, վարչապետներ և խորհրդարանների ղեկավարներ։
Մասնակից երկրների ղեկավարներ՝
• Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին
• Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդ
• Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչ
• Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիս
• Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկի
• Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլց
• Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Անն Բրասյոր
2015 թ․ ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սուրբ Պետրոսի տաճարում մատուցեց պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում նա Հայոց ցեղասպանությունը անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»։ Նա նաև Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Կաթոլիկ եկեղեցու վարդապետ։
2016 թ․ հունիսի 24-26-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելեց Հայաստան՝ այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և կրկին օգտագործեց «ցեղասպանություն» տերմինը՝ անդրադառնալով 1915 թ․ իրադարձություններին։
2015 թ․ ապրիլի 15-ին Եվրոպական խորհրդարանը ընդունեց բանաձև, որով վերահաստատեց իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ և կոչ արեց Թուրքիային ընդունել պատմական պատասխանատվությունը։
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին Հայաստանը ակտիվ և հետևողական քաղաքականություն է վարել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ՝ հասնելով նշանակալի արդյունքների։ Վահագն Ալեքսանյանի նման հայտարարությունները ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլև վիրավորում են մեր ժողովրդի պատմական հիշողությունը։
Երբ իրական պետական գործիչները՝ ինչպես ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը, տանում էին դիվանագիտական պայքար հանուն պատմական արդարության, դուք և ձեր թիմը նույնիսկ չեք կարողանում պահել ձեռքբերված մակարդակը։
Ոչ միայն չեք շարունակել ճանաչման միջազգային աշխատանքները, այլ՝ փաստացի հրաժարվել և ուրացել եք պայքարից հանուն ճշմարտության՝ անձնական միզերային շահերի պատճառով։
Ուստի Վահագն Ալեքսանյանին կուզենայինք հարց ուղղել.
Դուք ի՞նչ եք արել Հայոց ցեղասպանության ճանաչման համար՝ բացի ներքին ատելություն սերմանելուց, սեփական տկարությամբ և չիմացությամբ Հայաստանի պատիվը միջազգային հարթակներում ամոթի մատնելուց»։