Լուրեր
Նիկոլն իր ասածներից ոչ մեկը հենց այնպես օդում չի ասում․ Հովասափյան
01.05.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկվա կառավարության նիստում հնչած որոշ պահերի միտումնավոր չէի ուզում արձագանքել նույն օրը, քանի որ լրահոսը խիտ էր, ու գերհագեցած և հանրային ուշադրությունից դուրս կմնար. անդրադառնամ մի քանի դրվագների, որոնք արժանի են առանձնահատուկ դիտարկման։
Քանիցս ասել եմ՝ Նիկոլն իր ասածներից ոչ մեկը հենց այնպես օդում չի ասում։ Ամեն արտահայտություն, ամեն մուննաթ ու խաղացած «հիասթափություն» թիրախային մեսիջ ունի՝ առաջին հերթին իր թիմին ու համակարգին ուղղված։ Վերջին շրջանում նա հետևողականորեն ստանձնել է «ինքնաքննադատ վարչապետի» դերակատարումը՝ պոպուլիստական ելույթներ, կեղծ ընդդիմադիր հռետորաբանություն, հեգնական ու արհամարհական շեշտադրումներ։ Բարձրաձայնում է բացթողումների մասին, խոսում օրենքների խախտումներից, վարում «դու ես մեղավոր, ոչ թե ես» ոճի դիսկուրսներ՝ անամոթաբար «մոռանալով», որ այդ ամբողջ համակարգի թիվ մեկ պատասխանատուն ինքն է։
Փաստն այն է, որ կառավարության 5-ամյա ծրագիրն ընդամենը թղթի վրա է մնացել։ Ինչքան էլ խոսեն «աննախադեպ աճերից», «դինամիկ բարեփոխումներից», իրականությունն այլ է՝ հասարակության վստահությունը փուլ է եկել, պետական կառավարման համակարգը՝ դեգրադացվել։ «Անիշխանության» և «կադրային ճգնաժամի» մասին խոսում է մի մարդ, ով անձամբ է բոլոր որոշումների կենտրոնում։
Իսկ ինչու՞ է անում այդ ամենը։ Շատ պարզ. որպեսզի մաքրի իրեն և թեմաները՝ «սաղին գցի»։ Իր «ինքնաքննադատությունը» գործիք է՝ բացահայտ քաոսի մեջ իր դերը ջնջելու համար։ Երեկ, օրինակ, հայտարարեց. «Եթե ընդունած օրինագծերը հետաձգելու աշխարհի առաջնություն լինի, մեր կառավարությունը բացարձակ չեմպիոն կդառնա»։ Բայց սա արդեն հեգնանքի սահմանները չէ, սա պետական կառավարման փլուզման խոստովանություն է։ Որպես շարունակություն՝ նշում է. «էդ որ ասում ենք վերաբերվում է բոլորին, դա նշանակում է՝ բոլորին, ոչ թե բացի սրանից, սրանից, սրանից…»։ Իր խոսքի ենթատեքստում՝ հենց ինքն է թաքցնում բացառությունները։
Մենք գործ ունենք մի մոդելի հետ, որտեղ ձախ ձեռքը չգիտի, թե աջն ինչ է անում։ Ու այդ խառնաշփոթի մեջ կառավարությունը փորձում է հանրությանը համոզել, որ «գործընթաց կա», «պայքար կա», «ինքնաքննադատություն կա»։ Իրականում՝ կա փախուստ պատասխանատվությունից։
Ըստ էության՝ Նիկոլը պարզապես թույլ կառավարիչ չէ, այլ պետական համակարգը պոպուլիզմի, կեղծ բարեպաշտության և պատասխանատվությունից խուսափելու մեխանիզմի վերածած ղեկավար։ Ավելին, վերջինիս այս «ինքնաքննադատական» շոուները ոչ թե իրական վերահսկողության, այլ կառավարման անունակության քողարկված դրսևորում են։
Երբ «ղեկավարը» հանրային հարթակում հանդես է գալիս որպես ընդդիմություն՝ սեփական կառավարությանը, իսկ փակ դռների հետևում պահպանում է նույն ձախողված կառավարման կառուցվածքները, դա այլևս ընդամենը ինստիտուցիոնալ անկման դրսևորում չէ՝ դա քաղաքական սնանկության արձանագրում է։
Եվ այս ամենի ֆոնին մի բան ակնհայտ է․ Հայաստանում իշխող ուժն այլևս չունի ո՛չ բարեփոխելու ռեսուրս, ո՛չ հանրային վստահություն, ո՛չ էլ լեգիտիմ հեղինակություն՝ շարունակելու պետության կառավարման գործը։ Այն, ինչ տեսնում ենք, իշխանության ոչ թե ընդամենը արժեհամակարգային, այլ՝ կառավարչական վերջնակետն է»։