Լուրեր
Ահա թե ինչու մեր երկիրը չի զարգանում․ Դանիելյան
06.05.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանը խաբել է ոչ միայն Արցախի հարցում։ Նա խաբել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի, արդարության վերականգնման, թափանցիկ կառավարման ու ժողովրդի շահերը պաշտպանելու բոլոր խոստումներում։ Այսօրվա իրողությունը պարզ է՝ իշխանությունը զբաղված է պետական համակարգի կազմակերպված թալանով, իսկ երկիրը տանում է դեպի լիակատար սնանկացում։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի տանը հայտնաբերված մոտ կես միլիոն դոլարը, ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի ՝ ծառայողական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու համար ձերբակալությունը, ՊԵԿ-ի, համայնքապետարանների, նախարարությունների ներսում կուտակվող կոռուպցիոն ցանցերը ցույց են տալիս՝
Փաշինյանի և իր թիմի իրական էությունը՝ վատ կառավարիչներ, ոչ կոմպետենտ պաշտոնյաներ,թալանչիներ, ովքեր իրենց իշխանությունը ծառայեցնում են հարստացման, ոչ թե պետության զարգացման համար։
Այս ամենը համակարգային երևույթ է, ոչ թե պատահական բացառություն։ Այն փաստում է, որ Հայաստանում գործող իշխանությունն իր բովանդակությամբ այլևս պետական կառավարման մարմին չէ, այլ՝ անձնական շահերով շարժվող հանցավոր կոնգլոմերատ։
Ահա թե ինչու մեր երկիրը չի զարգանում։
Ահա թե ինչու Հայաստանի արտաքին պարտքը օր օրի աճում է։
Ահա թե ինչու արդարություն ու անվտանգություն չկա»։