Լուրեր
ՄԻՏՈՒՄՆԱՎՈՐ ՀԵՏԱՁԳԵԼ ԵՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
07.05.2025

«Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկած՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի մասին հայտարարության նախագիծը մայիսի 9-ին ընդառաջ, զարմանալիորեն, չի ընդգրկվել ԱԺ նիստերի օրակարգում: Սերժ Սարգսյանի թիմակիցները հայտարարության ընդունման անհրաժեշտությունը հիմնավորել են այսպես. «Բխում է Հայրենական պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով եւ դրանում հայ ժողովրդի մեծ մասնակցությամբ», նաեւ՝ այս տարի հաղթանակի 80-ամյակն է, եւ շատ երկրներում է այն նշվում, բացի այդ՝ «80 տարի առաջ նացիստական Գերմանիան պարտվեց, բայց, դժբախտաբար, ֆաշիզմի, այլատյացության ու անհանդուրժողականության դրսեւորումներն այսօր էլ գոյություն ունեն, կյանքի են կոչվում աշխարհի տարբեր անկյուններում», մատնանշում են 2023 թ. սեպտեմբերին արցախյան դեպքերը, երբ Ադրբեջանն Արցախի բնիկ հայերի էթնիկ զտումներ իրականացրեց եւ հազարամյակներով այնտեղ ապրող հայ բնակչությանը բռնի տեղահանեց: «Չմոռանանք, որ մայիսի 9-ը նաեւ Շուշիի ազատագրման օրն է, եւ անկախ այն հանգամանքից, որ Արցախն այսօր գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ, բայց որպես պատմական փաստ, դա հաղթանակի, ոգու, իր տակ կրող արժեքային համակարգով, բնականաբար, մեր սերունդներինն է եւ փոխանցվում է սերնդեսերունդ»,- մեզ հետ զրույցում ասաց նախագծի զեկուցող՝ ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: