Լուրեր
Նիկոլը հստակ գիտակցում է, որ այլևս ոչ մի սիմվոլիկ օր, ոչ մի համազգային միասնություն չի ծառայում իր օրակարգին․ Հովասափյան
08.05.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ խորհրդարանում տեղի ունեցածն այսպես կոչված նյարդային պոռթկում չէր, դա Նիկոլի հոգեբանական քայքայման ու քաղաքական հաշվարկի կոնկրետ համադրություն էր։
Երբ մարդը հասնում է իշխանության փլուզման եզրին՝ ներսից խորը վախով, դրսից՝ մեկուսացվածության ու անտերության զգացողությամբ, սկսում է բեմադրել աղմկոտ, ցածրորակ և տրամաբանությունից զուրկ «ուժի» տեսարաններ։ Նիկոլը հստակ գիտակցում է, որ այլևս ոչ մի սիմվոլիկ օր, ոչ մի համազգային միասնություն չի ծառայում իր օրակարգին, այդ իսկ պատճառով մայիսի 8-ի և 9-ի հաղթանակները՝ մեր հավաքական արժանապատվության և ուժի օրերը, պետք է «ջրվեն» շոուով, ցնցումով, հիստերիայով։ Երեկվա իր պահվածքով նա կենտրոնացրեց բոլորի ուշադրությունը իր վարկաբեկված կերպարի վրա՝ որպեսզի մի պահ մոռանանք մեր հաղթանակները, չվերապրենք այն ազգային հպարտությունը, որն այս իշխանության օրոք դադարել է գոյություն ունենալ։
Բացի դրանից՝ սա ուղերձ էր ոչ միայն ներսի, այլև դրսի համար։ Բացատրեմ․ Մոսկվա մեկնելուց առաջ Նիկոլը փորձում է ցույց տալ, որ ինքը դեռ «հզոր է», իբր վերահսկում է իրավիճակը, իբր ունակ է լռեցնել թե՛ իր թիմին, թե՛ ընդդիմությանը, նույնիսկ կին պատգամավորի։ Դա այն թույլ ղեկավարի սիմպտոմատիկ վարքագիծն է, ով դիվանագիտական ասպարեզում այլևս որևէ կշիռ չունի և փորձում է դեր խաղալ՝ ներսում գոռալով։
Արձանագրենք մի կարևոր փաստ․ որքան բարձր է գոռոցը, այնքան խորն է անվստահությունն ու խուճապը։ Սա ոչ թե ուժի դրսևորում էր, այլ վախի պոռթկում։ Երբ երկրի ղեկավար կոչվածը վախենում է սեփական ժողովրդի հաղթանակներից, երբ նրա համար վտանգ է ազգային հիշողությունը, երբ նա փորձում է մարել հիշողությունը, ուրեմն նա այլևս չի ներկայացնում այդ ժողովրդին։ Փաստ է մի բան. ժողովրդին վախեցնել, ձայնը խլացնել կամ հիշողությունը ջնջել՝ չի ստացվելու»։