Լուրեր

Սյունիքը՝ ոչ թե լոգիստիկ միջանցք, այլ պետականության առանցք. Դանիելյան

05.07.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սյունիքը՝ ոչ թե լոգիստիկ միջանցք, այլ պետականության առանցք
 
Այսօր Սյունիքի (Զանգեզուրի) շուրջ քննարկումները լոկ տնտեսական չեն։ Սյունիքը դարձել է Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կարևորագույն հանգույցը՝ ձևավորվող աշխարհաքաղաքական ճնշումների խաչմերուկում։
 
Միջանցքի վերահսկողության փոխանցումը մասնավոր կամ տրանսազգային կառույցներին՝ «ներդրումային զարգացման» քողի տակ, փաստացի ենթադրում է պետական ինստիտուցիոնալ վերահսկողության կորուստ։ Դա սպառնում է Հայաստանի սուբյեկտությանը՝ ներքին և արտաքին քաղաքական գործընթացներում։
Արտաքին դերակատարների նախաձեռնած տարածաշրջանային նախագծերը՝ Թուրքիայի, Ադրբեջանի և այլ կենտրոնների մասնակցությամբ, միտված են Հարավային Կովկասի վերաձևմանը։ Այդ սցենարներում Հայաստանին հաճախ հատկացվում է անցումային տարածքի, այլ ոչ՝ ռազմավարական խաղացողի դեր։
Բայց Հայաստանը պետություն է, ոչ թե միջանցք։ Սյունիքը՝ որպես սահմանային, ազգային և ռազմավարական տարածք, պետք է մնա բացառապես հայկական վերահսկողության ներքո՝ ամբողջական քաղաքական պատասխանատվությամբ։
 
 Ինչ պետք է անել
1) Ակտիվորեն զարգացնել Սյունիքի ենթակառուցվածքային ու ինստիտուցիոնալ անկախությունը
2) Կայացնել համազգային դիրքորոշում՝ տարածքային զիջումների ցանկացած փորձի դեմ
3) Վերականգնել Հայաստանի լիարժեք սուբյեկտությունը միջազգային մակարդակում
4) Գործել ինքնուրույն և գործընկերային հիմքով՝ մերժելով արտաքին կառավարման մոդելները
Ով վերահսկում է Զանգեզուրը՝ վերահսկում է տարածաշրջանային հավասարակշռությունը։ Այդ պատճառով Սյունիքի հարցը ոչ միայն տարածքային է, այլ կառուցվածքային՝ Հայաստանի ապագա պետական մոդելի առումով»։

← Վերադառնալ ցուցակին