Լուրեր

Մարգարիտ Եսայան․ «Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվել է»

05.07.2025

 «Հայաստանի Հանրապետությունը զավթված է թշնամիների կողմից։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Ժողովուրդը ուզում է ազատագրել երկիրը»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման դիտարկմամբ է հանդես եկել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը։

Նշենք, որ երեկ տեղի է ունեցել հավաք ու քայլերթ՝ ի պաշտպանություն գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի, որը բավական բազմամարդ էր՝ չնայած իշխանությունների սպառնալիքներին։ 

 

«Թեև այս իշխանությունը սպառնում է՝ կազատեն աշխատանքից, կձերբակալեն մասնակցողներին, կկանչեն, կբերեն, այսօր հստակ երևում է՝ ժողովուրդն այստեղ է։ Սա պատահական չէ», — նշեց Եսայանը։

Նրա համոզմամբ՝ ժողովուրդն այլևս չի համակերպվում երկրի ներկա վիճակի հետ։
«Հիմնավորումը շատ պարզ է։ Հայաստանի Հանրապետությունը զավթված է թշնամիների կողմից։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվել է։ Ժողովուրդը ուզում է ազատագրել երկիրը»։

Եսայանը Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը գնահատեց որպես իշխանության «վերջի սկիզբ»՝ շեշտելով, որ նման քայլերով իշխանությունները կործանման են տանում երկիրը։

«Սամվել Կարապետյանի ազատազրկումը խայտառակ քայլ էր։ Այդպիսով իշխանությունները դրեցին իրենց վերջի սկիզբը։ Որքան էլ վախեցնեն ու սպառնան, ժողովուրդը տեր է լինելու իր հայրենիքին»։

Բողոքի ակցիայի մասնակիցը կոչ արեց նաև գործարարներին, պատգամավորներին և բիզնեսի այլ ներկայացուցիչներին միանալ շարժմանը՝ ընդգծելով, որ Սամվել Կարապետյանի հետ կատարվածը կարող է կրկնվել նաև նրանց նկատմամբ։

 

«Ես շատ ափսոսում եմ, որ այս պայքարին այսօր չեն միացել բոլոր գործարարները։ Որովհետեւ այն, ինչ արվել է Կարապետյանի հետ, վստահաբար կարող է արվել նաև նրանց հետ։ Նրանք նույնպես պետք է ոտքի կանգնեն և իրենց կայսրությունները դարձնեն այս պայքարի մասնակից»։

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ սա միայն քաղաքական պայքար չէ, այլ ազգային պայքար՝ հանուն Հայաստանի ինքնիշխանության։
«Սա ոչ թե իշխանության դեմ պայքար է, այլ պայքար հանուն հայկական մնալու, հանուն հայրենիք ունենալու։ Կամ ապրելու ենք հայկական հողի վրա, կամ թողնելու ենք երկիրը թշնամուն։ Մենք ընտրում ենք ապրելու իրավունքը»։

pastinfo.am

← Վերադառնալ ցուցակին