Լուրեր

Հարավային Կովկասում գեոպոլիտիկ շատ բարդ մթնոլորտ է ստեղծվել. այստեղ գործարքներ հնարավոր են՝ ՌԴ-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա, նույնիսկ՝ ԱՄՆ-Իրան. Շիրազ Խաչատրյան

09.08.2025

 Վաշինգտոնում այսօր նախատեսված է Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Մինչ այդ ԱՄՆ նախագահն առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ։

Վաշինգտոնի ժամանակով 14:30-ին (Երևանի ժամանակով 22:30-ին) տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Դոնալդ Թրամփի հանդիպումը:

 

Իսկ Փաշինյան-Ալիև-Թրամփ եռակողմ հանդիպումը նախատեսված է օգոստոսի 8-ին, Վաշինգտոնի ժամանակով ժամը 16։15-ին (Երևանի ժամանակով ժամը 00։15-ին)։ Այդ հանդիպմանը մասնակցելու է նաև ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Արդեն երեկվանից որոշ մանրամասներ են գաղտնազերծվել և շրջանառվել հնարավոր ստորագրվող փաստաթղթերի հետ կապված:

Մասնավորապես, Հայաստանն ԱՄՆ-ին երկարաժամկետ հիմունքներով տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ կտրամադրի, երթուղին կկոչվի TRIPP՝ «Trump Route for International Peace and Prosperity» («Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման»): Ինչպես Reuters գործակալությունն է հայտնել, երթուղին կգործարկվի Հայաստանի օրենսդրության համաձայն, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալության կհանձնի որևէ կոնսորցիումի՝ ենթակառուցվածքների և կառավարման համար։ Այսինքն, TRIPP-ը կստեղծի տարանցիկ երթուղի հարավային Հայաստանով՝ ապահովելով Ադրբեջանի անարգել մուտքը դեպի Նախիջևան:

Ավելին, նախատեսվում է, որ տարանցիկ միջանցքը ժամանակի ընթացքում կներառի երկաթուղային գիծ, նավթի և գազի խողովակաշարեր, ինչպես նաև մալուխային օպտիկամանրաթելային գծեր, ինչը թույլ կտա տեղափոխել ապրանքներ, հետագայում նաև մարդկանց։

Հիշեցնենք, որ ժամանակին «Խաղաղության խաչմերուկ» նախագծի սկզբունքները ներկայացնելիս, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես, հայտարարել էր.

«Բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ ավտոճանապարհները, երկաթուղիները, ավիաուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը, գործում են այն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են»:

Իսկ երբ արդեն քննարկման թեմա էր դարձել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հայտարարությունը, որ Միացյալ Նահանգներն առաջարկում են Հայաստանից վարձակալել ճանապարհահատվածը, որը կկապի Նախիջևանն Ադրբեջանի հիմնական տարածքի հետ, ՀՀ իշխանություններից նախ հայտարարեցին, որ մերժել են ամերիկյան այս առաջարկը, այնուհետև Փաշինյանի խոսնակը պարզաբանեց.

«ՀՀ տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։

ԱՄՆ-ում սպասվող հանդիպումների և ստորագրվելիք փաստաթղթերին առնչվող շրջանառված տեղեկությունների հիման վրա «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում փորձել ենք պարզել վերը նշվածի հնարավոր ռիսկերը և Ռուսաստանի ու Իրանի արձագանքը: Հաշվի առնելով, որ «Զանգեզուրի միջանցքի» թեման դարձել է աշխարհաքաղաքական առևտրի առարկա, հնարավո՞ր է՝ գործ ունենանք ինչ-ինչ կուլիսային պայմանավորվածությունների հետ՝ ինչ-որ բանի դիմաց:

Ի դեպ, Իրանի ԱԳ նախարար Սեյյեդ Աբբաս Արաղչին հայտնել է, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի պաշտոնական այցով ժամանի Հայաստան:

«Բնականաբար, և՛ Իրանը, և՛ Ռուսաստանը չեն համակերպվելու ստեղծված բարդ ռեգիոնալ իրավիճակի հետ: Նախ՝ Իրանի մասով նշեմ, որ վերջինն արդեն տարիներ շարունակ հստակ հայտարարում է, որ Իրանի և Հայաստանի միջև ցամաքային կապը կարմիր գիծ է իր համար: Սյունիքով անցնող միջանցքի գաղափարը՝ անկախ այն անվանելու ձևից՝ «միջանցք», «TRIPP», թե «ուղի», ընկալվում է՝ որպես Իրանի մեկուսացման և թուրք-ադրբեջանական տրանսպորտային վեկտորի ամրապնդման փորձ՝ Իրանի հաշվին։ Իսկ դա արդեն նշանակում է Իրանի դեմ ուղղված սպառնալիք՝ տնտեսական, քաղաքական ու նույնիսկ ռազմական առումով,- 168.am-ի հետ զրույցում ասաց Շիրազ Խաչատրյանը՝ հավելելով»,- Իրանի նախագահի սպասվող այցը Հայաստան, իհարկե, աշխարհաքաղաքական ուղերձներ է պարունակելու՝ ուղղված թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Ադրբեջանին և Թուրքիային։

Այս այցի ընթացքում Իրանը կարող է դիվանագիտական մակարդակում հստակ մերժել Թրամփի նախագիծը, եթե այն դիտարկվում է՝ որպես հայկական սուվերենության նվազեցում, նորովի ձևակերպել ռազմավարական դաշինք Հայաստանի հետ՝ սահմանային անվտանգություն, ենթակառուցվածքներ, կապի ուղիներ և այլն: Բայց եթե Իրանը մենակ է, և առանց Ռուսաստանի չկարողանա ընդդիմանալ ԱՄՆ-Թուրքիա տանդեմին, ապա միայն հայտարարությունները չեն փոխելու իրավիճակը»։

Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա Շիրազ Խաչատրյանի խոսքով՝ Ռուսաստանի արձագանքը շատ ավելի երկիմաստ է, քան Իրանինը:

«Ձեր դիտարկում-հարցադրման մեջ կա թաքնված այն միտքը, որ Ռուսաստանը կարող է Թուրքիայի հետ կուլիսային դիվանագիտություն խաղալ, ինչպես նախկինում շատ անգամներ: Իհարկե, այս պահին Ռուսաստանն Իրանի նման վճռականություն չի ցուցաբերում, բայց չի էլ ցանկանում կորցնել Սյունիքի գոտում իր հենարանը։ Մյուս կողմից, հնարավոր է արևմտյան համաձայնության դիմաց ներքին լուռ համաձայնություն, եթե ինչ-որ փոխհատուցում ստանա այլ ճակատներում՝ օրինակ՝ Ուկրաինայի հարցերում։

Փաստ է՝ Թուրքիան այս սցենարում հաղթողի դիրքում է։ ԱՄՆ հովանավորչությամբ իրականացվող TRIPP ծրագիրը՝ անկախ նրա անվանումից, տարածաշրջանի ամենաշահավետ միացումը կդարձնի Թուրքիան Ադրբեջանին և Կենտրոնական Ասիային, շրջանցելով Իրանին։ Այսինքն, փաստացի հաստատվում և ամրապնդվում է Էրդողանի կողմից առաջ մղած թուրանական գաղափարը: Թուրքիան նաև կարող է համոզել Ռուսաստանին՝ չխոչընդոտել գործընթացը՝ հնարավորություն տալով ռուսական տնտեսական կամ էներգետիկ շահերի մուտքը Թուրքիա և այնտեղով դեպի Եվրոպա՝ հետագայում ևս:

Այն, որ Հարավային Կովկասում գեոպոլիտիկ շատ բարդ մթնոլորտ է ստեղծվել, և, որ այստեղ գործարքներ հնարավոր են, դա միանշանակ է: Օրինակ՝ ՌԴ-Թուրքիա, ԱՄՆ-Թուրքիա, նույնիսկ՝ ԱՄՆ-Իրան, այո՛, հնարավոր է: Բայց այս ամենը կախված է նաև Հայաստանի դիրքորոշումներից։

Եթե Հայաստանն անհասկանալի լինի որևէ դերակատարի համար, Սյունիքում հրաժարվի իր սուվերեն վերահսկողությունից, ապա մյուս ուժերը կարող են պարզապես մեր թույլ դիրքերից օգտվել՝ առանց լուրջ դիմադրության գործել մեր սուվերեն տարածքում։ Եթե այստեղ չգործի հակակշռող ուժերի ներգրավման մեխանիզմը, տարածաշրջանում ուժերի բալանսի խախտման պարագայում ուղղակի թուրքական ազդեցությունն է կրկնապատկվելու, հնգապատկվելու։ Եվ դա՝ Հայաստանի ներկա իշխանությունների ձեռամբ: Մինչ այս պահը ոչ մի լավատեսական քայլերի հաջորդականություն չկա, և չեմ էլ հավատում, որ կարող է լինել, այս իշխանությունները քարոզչական դաշտում փորձում են այլ պատրանքներ և իրականություն ներկայացնել, բայց իրականում կորուստը կորստի հետևից են արձանագրում»,- մանրամասնեց փորձագետը:

Շիրազ Խաչատրյանն այս համատեքստում չանտեսեց նաև Հայաստանին զենք մատակարարող Ֆրանսիային:

Ըստ նրա, Ֆրանսիան, ի տարբերություն Ռուսաստանի, այս նախագծին ավելի բացահայտ է դիմադրելու, բայց չի կարողանալու այն ամբողջությամբ կանխել առանց Իրանի և ԵՄ լայն շրջանակի աջակցության:

«Փարիզը կփորձի ներգրավվել՝ որպես միջնորդ, որպեսզի պահպանվի իր ազդեցությունը և թույլ չտրվի, որ Սյունիքն ամբողջությամբ անցնի թուրք-ամերիկյան վերահսկողության տակ»,- ամփոփեց նա:

Իսկ թե ինչ կունենանք ամերիկյան հանդիպումների վերջնարդյունքում և շրջանառվող տեղեկությունների ի՞նչ հատված կփաստաթղթավորվի, հայտնի կդառնա առաջիկայում:

Սակայն փաստ է՝ որքան էլ պնդում են, որ «միջանցք» եզրույթը չկա, ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է օգտագործել «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը:

Մարիամ Պետրոսյան

168.am

← Վերադառնալ ցուցակին