Լուրեր

Ալիևի թեզն ամբողջովին հակառակ տրամաբանությունից է բխում․ Հովասափյան

22.08.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Վերջին մեկուկես տարվա հայաստանյան դիսկուրսում գոյություն ունեցող հիմնական նարատիվը «խաղաղության» մասին Փաշինյանի կողմից իրականցվող գործընթացն է։ Վերջինս ամեն ինչ անում է՝ հանրությանն ապացուցի, որ «Հայաստանում այսօր առկա է խաղաղություն»։ Սրան զուգահեռ, Նիկոլի «խաղաղության գործընթացի գործընկերը» Բաքվից հայտարաում է, որ «Ադրբեջանը պետք է զգոն լինի և մենք ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի»։ 
 
Դրանից բացի՝ Նիկոլը հայտարարում է, որ ՀՀ ռազմական ծախսերը հաջորդ տարում չի ավելանա, Ալիևը լայն թափով նոր հավելումն է իրականցնում։ Ավելին, Նիկոլի հիմնական շեշտադրումներից է՝ «քանի դեռ անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ, դա վկայում է, որ մենք չգիտենք, թե ինչ է անվտանգությունը», սրան ի պատասխան Ալիևը հայտարարում է, որ «մեր անվտանգության երաշխավորը Ադրբեջանի բանակն է»։ 
Ըստ էության Փաշինյանի և Ալիևի հայտարարությունները ոչ միայն տարբեր աշխարհընկալումների արտահայտություն են, այլև անվտանգային պատկերացումների խորքային հակադրություն։ Նիկոլը պնդում է, թե «քանի դեռ անվտանգություն ասելով հասկանում ենք միայն բանակը, դա վկայում է մեր չիմացության մասին»։ Այս միտքն առաջին հայացքից թվում է արդիական, նույնիսկ՝ «եվրոպական» մոտեցում․ անվտանգությունը պետք է դիտարկվի ոչ թե զուտ ռազմական հարթության մեջ, այլ որպես համալիր համակարգ, որտեղ գործի են դրվում ինստիտուտներ, տնտեսություն, հասարակական համերաշխություն, կրթություն և դիվանագիտություն։ 
Իրականում, սակայն, Փաշինյանի այս խոսքը ավելի շատ հռետորական հնարք է, քան քաղաքական հայեցակարգ․ այն չի բխում Հայաստանի առջև ծառացած իրական վտանգներից և ի վերջո վերածվում է հերթական փչած փուչիկի։ Երբ նա թմբկահարում է, թե «եկել է խաղաղության դարաշրջանը», թե «Հայաստանն այսքան ինքնիշխան ու անկախ երբեք չի եղել», այդ պնդումները ավելի շատ ինքնախաբեության տարրեր են պարունակում, քան իրական քաղաքական հիմք, որովհետև, եթե անվտանգության բազմաշերտ մոդել ուզում ես, նախ պետք է ապահովես նրա ամենաֆունդամենտալ բաղադրիչը՝ ռազմական անվտանգությունը։ Սա աքսիոնմա է, քանի որ առանց դրա մյուս շերտերը պարզապես օդի վրա են կառուցվում։
 
Ալիևի թեզն ամբողջովին հակառակ տրամաբանությունից է բխում։ Նա հայտարարում է, որ Ադրբեջանի անվտանգության միակ երաշխավորը իր բանակն է։ Սա պարզունակ և միակողմանի ընկալում է, բայց տարածաշրջանային պայմաններում՝ առավել գործնական ու իրագործելի։ Ալիևն իր հասարակությանն ու արտաքին աշխարհին ուղերձ է հղում, որ ուժն է որոշում հարաբերությունների լեզուն, և հենց ուժի կիրառմամբ է Բաքուն հասնում իր նպատակներին։ Այս մոտեցումը ամրապնդում է ոչ միայն Ադրբեջանի ռազմական քաղաքականությունը, այլև իշխանական համակարգը, որտեղ բանակի գերակայությունը ծառայում է որպես լեգիտիմության հիմք։
Այսպիսով, առաջանում է վտանգավոր ասիմետրիա․ ասեմ ավելին՝ այս երկու թեզերը փաստում են, որ Երևանն ու Բաքուն գործում են տարբեր «անվտանգային լեզուներով»: 
 
Փաշինյանը խոսում է «խաղաղության դարաշրջանի» մասին ու փորձում է անվտանգությունը դուրս բերել ռազմական դաշտից, բայց չունի այն միջոցները, որոնք կարող են այդ գաղափարը նյութականացնել։ Ալիևը, ընդհակառակը, իր ռազմաքաղաքական ռեսուրսները վերածում է անվտանգության միակ գործոնի՝ դրանով իսկ ամրապնդելով իր դիրքերը թե՛ ներսում, թե՛ դրսում։ Արդյունքում ստացվում է, որ մի կողմը զբաղված է փուչիկներ փչելով, իսկ մյուսը՝ փաստացի ուժային քաղաքականությամբ։ Այս հակադրության պայմաններում պարզ է դառնում, թե որ մոտեցումն է ավելի իրատեսական և որն է դատապարտված մաշվելու»։

← Վերադառնալ ցուցակին