Լուրեր
Կապիտուլյանտը՝ բոլոր դարերում է կապիտուլյանտ. Հովասափյան
27.08.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կապիտուլյանտը՝ բոլոր դարերում է կապիտուլյանտ
Նախորդ շաբաթ կառավարության նիստից հետո հրավիրած ճեպազրույցի ժամանակ Նիկոլը, անդրադառնալով կապիտուլիացիա ստորագրելու մեջ մեղադրելու փաստին, ընգծեց, որ «կապիտուլյացիան ստորագրում են 1 անգամ, հնարավոր չէ 6 անգամ կապիտուլյացիա ստորագրել, եթե մենք լսենք մեր ընդդիմախոսներին, մենք 5-6 անգամ արդեն կապիտուլյացիա ենք ստորագրել և, դեռ քիչ է, պատրաստվում ենք նոր կապիտուլյացիաներ ստորագրել»։
Հերթական անգամ եմ ասում, Նիկո՛լ, քուանշ, էլի «լյապ» տվեցիր․ պատմության մեջ կան բազմաթիվ դեպքեր, երբ կապիտուլյացիան ստորագրվում է մի քանի անգամ։ Ասեմ ավելին, կապիտւլյացիա մի քանի անգամ ստորագրել են քեզանից շատ ավելի ուժեղները, որոնք փորձել են «լավ տղա» խաղալ։
Փորձեմ ներկայացնել այդ կապիտուլյացիաներից մի քանիսը․ հին աշխարհ չեմ հասնի, ուղղակի 19-20-րդ դարերի կապիտուլյացիաների մասին կխոսեմ՝ հնարավորինս չչարաշահելով ձեր համբերությունը։
1842 թ. Նանկինի պայմանագիրով արձանագրվեց, որ Ցին դինաստիան Առաջին օփիումային պատերազմում պարտվել է Մեծ Բրիտանիային։ 1858–1860 թթ․ Տյանցինի և Պեկինի պայմանագրերի համաձայն՝ նոր պարտվողական փաստաթղթեր ստորագրվեցին, այս անգամ կրկին արևմտյան պետությունների դեմ։ Հետագայում ևս մի քանի նման պայմանագրեր (մինչև 1895 թ. Սիմոնոսեկի պայմանագիրը Ճապոնիայի հետ)։ Փաստացի Ցին դինաստիան մոտ 50 տարվա ընթացքում շարունակաբար ստորագրում էր կապիտուլյացիոն փաստաթղթեր։
1854-1858 թվականներին Ճապոնիան «Անգլո-ամերիկյան» ու «Անգլո-ճապոնական» պայմանագրերով հարկադրված բացեց իր նավահանգիստները։ Ինչպես հայտնի է՝ դարեր շարունակ Ճապոնիան հետևել էր մեկուսացման քաղաքականությանը (սակոկու), փակելով իր սահմանները օտարերկրացիների առաջ, սակայն 1853 թվականին Մեթյու Փերրին ԱՄՆ-ից ժամանեց և պահանջեց, որ Ճապոնիան բացի իր նավահանգիստները արևմտյան առևտրի համար։ 1854 թվականին կնքվեց Կանագավայի պայմանագիրը, որով Ճապոնիան համաձայնեց բացել իր որոշ նավահանգիստներ և սկսեց քայլ առ քայլ դուրս գալ մեկուսացումից։ Ավելին, 1858 թվականին կնքվեց Հարիս պայմանագիրը, որն ավելի ընդլայնեց արևմտյան պետությունների իրավունքները Ճապոնիայում։
1870 թ. Սեդանի ճակատամարտից հետո Նապոլեոն III-ը անձամբ հանձնվեց Պրուսիային (առանց պաշտոնական պայմանագրի, բայց դա համարժեք էր կապիտուլյացիայի)։ 1871 թվականին Փարիզի Կոմունայի օրոք նորից տեղի ունեցավ երկրորդ կապիտուլյացիա՝ արդեն ամբողջ Ֆրանսիայի կառավարության կողմից, որը պաշտոնապես ստորագրեց Ֆրանկֆուրտի հաշտության պայմանագիրը։ Այսինքն՝ նույն պետական իշխանությունը շատ կարճ ժամանակում երկու պարտվողական փաստաթուղթ ստորագրեց՝ առաջինը միայն կայսրը, երկրորդը՝ արդեն ամբողջ կառավարությունը։
1918 թ․ Բրեստ-Լիտովսկի պայմանագրով բոլշևիկյան Ռուսաստանը պարտադրանքով դուրս եկավ Առաջին համաշխարհայինից և զիջեց հսկայական տարածքներ Գերմանիային։ Արդեն 1920-ականներին Խորհրդային Ռուսաստանը ստիպված էր մի շարք ծանր պայմանագրեր ստորագրել (Ռիգայի պայմանագիր՝ Լեհաստանի, Կարսի պայմանագիր՝ Թուրքիայի հետ և այլն), որոնք նույն էֆեկտն ունեին՝ պարտվողական կամ կիսապարտվողական։
1918 թ․ Մուդրոսի զինադադարով արձանագրվեց, որ Օսմանյան կայսրությունը Առաջին համաշխարհայինում պարտվել է և ստիպված եղավ փաստացի կապիտուլյացիայի նման պայմանագիր ստորագրել՝ ընդունելով դաշնակիցների վերահսկողությունը։ Ընդամենը երկու տարի անց՝ 1920-ին, Սևրի պայմանագիրն էլ ավելի ծանր պարտվողական պայմաններ էր թելադրում, որը նախատեսում էր Օսմանյան կայսրության մասնատում։ Չնայած հետո Մուստաֆա Քեմալի շարժումն այդ պայմանագիրը չեղարկեց և փոխարինեց Լոզանի պայմանագրով (1923), փաստացի նույն իշխանությունը սկզբում մի քանի անգամ ստորագրեց պարտվողական փաստաթղթեր։
1918 թ. նոյեմբերին Ավստրո-Հունգարիան ստորագրեց զինադադար Իտալիայի հետ (Վիլա Ջուստիի զինադադար)։ Հաջորդ շաբաթների ընթացքում՝ որպես նույն պետական կառույց, ստիպված էր առանձին կապիտուլյացիաներ ստորագրել Սերբիայի, Ռումինիայի և այլոց հետ։ Միևնույն իշխանությունը՝ Վիեննայի կառավարությունը, մի քանի անգամ կապիտուլյացիա ստորագրեց տարբեր ճակատներում։
1919 թվականին Հունգարիայի խորհրդային հանրապետությունը (Բելա Կունի կոմունիստական իշխանությունը) պարտվեց և ստորագրեց զինադադար դաշնակիցների հետ։ Մեկ տարի անց՝ 1920-ին, Տրիանոնի պայմանագրով նոր իշխանության օրոք՝ արդեն պարտվողական հաշտություն։ Թեև առաջնորդը փոխվեց, բայց նույն պետական համակարգը շատ կարճ ժամանակում կրկին ստորագրեց կապիտուլյացիոն փաստաթղթեր։
1943 թ. սեպտեմբերին Մուսոլինիի իշխանությունը փաստացի պարտվեց, և Իտալիան ստորագրեց կապիտուլյացիա դաշնակիցների հետ, սակայն այդ պահին երկրի մի մասը անցավ Գերմանիայի վերահսկողության տակ, ստեղծվեց «Իտալական սոցիալական հանրապետություն» Մուսոլինիի գլխավորությամբ։ 1945 թ․ ապրիլին նույն ռեժիմը երկրորդ անգամ պարտվեց և նորից կապիտուլյացիա եղավ, այս անգամ վերջնական։ Այսինքն՝ Մուսոլինիի իշխանությունը երկու անգամ պարտվեց և ստորագրեց կապիտուլյացիայի փաստաթղթեր։
Վերը թվարկած դեպքերի ընդհանուր օրինաչափությունը հետևյալն է․ երբ պետությունը ռազմական կամ քաղաքականապես այնքան թույլ է, որ չի կարողանում իր պարտավորությունները պահել կամ նոր պատերազմից խուսափել, նույն իշխանությունը մի քանի անգամ է կանգնում կապիտուլյացիայի փաստաթուղթ ստորագրելու անհրաժեշտության առաջ։ Ասել է թե բանաձևը շատ պարզ է՝ հերթական կապիտուլյացիայից խուսափելու և նոր կապիտուլիացիոն փաստաթուղթ չստորագրելու համար պետք է փոխվի կապիտուլյանտ կառավարիչը»։