Լուրեր
Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ․ Աբրահամյան
13.09.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և Թուրքիայի հատուկ բանագնացի հանդիպման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը որոշակիություն չունեցող իմիտացիոն պրոցեսի մասին է:
Ակնհայտ է, որ Թուրքիան չի շտապում դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և ՀՀ-ի հետ փոխշահավետ գործակցություն ապահովելու հարցում:
Նույնիսկ այդքան քննարկված պայմանավորվածությունը` 3-րդ երկրների քաղաքացիների ու բեռնափոխադրումների համար սահմանը բացելու վերաբերյալ, 2 տարի է, որևէ արդյունքի չի բերում:
Դեռ չեմ խոսում այն մասին, որ թեև խոսվում է ՀՀ տարածքը ենթակառուցվածքային հանգույցի վերածելու մասին, սակայն նույն Թուրքիան, ակնհայտ ձգձգելով Գյումրի-Կարս երթուղու շահագործման վերականգման հնարավորությունների շուրջ համաձայնությունը, ռեգիոնալ բեռնափոխադրումների առումով նախընտրում է շրջանցել ՀՀ-ն` շարժը Կարս-Գյումրի-Երասխավան-Նախիջևան ուղղությամբ դիտարկելու փոխարեն նախընտրում է Կարս-Իգդիր-Նախիջևան նոր երթուղին, որ կառուցման մասին վերջերս հայտարարվեց:
Թուրքիային ու Ադրբեջանին ուժեղ և զարգացած Հայաստան պետք չէ, պետք է երկիր, ով կսպասարկի իրենց ռեգիոնալ շահերը և կունենա ընդամենը օգտագործվողի կարգավիճակ»: