Լուրեր
Որտե՞ղ են բուծվում այս ինքնահավան, անբարտավան ու անիմաստ տեսակները. Զաքարյան
21.09.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հետևում եմ ՖԲ գրառումներին: Մարդիկ տարբեր շարադրանքով, տարբեր հոգեվիճակով, ընկալումներով ու տրամադրությամբ, իրենց սրտի խոսքն են գրում՝ մաղթանքներով ու ցանկություններով: Հուսադրող է, երբ այս բարոյալքված իշխանության և ապատիկ հանրային իրավիճակում, մարդկանց միտքն ու համազգային իղձերը երբեմն համընկնում են:
Մեկ էլ այս ամենի կողքին հայտնվում են մի տեսակի «իսաններ», որոնք իրենց արևին մյուսներից ավելի խելացի ու ավելի իրավատեր են, ավելի հայրենասեր ու բանիմաց են: Սրանք այն տեսակն են, որ մյուսների՝ անկախության օրվա շնորհավորական խոսքը, մաղթանքը համարում են պաթոս, ճառ, կենաց և այլն:
Դե մարդ են, ինչ-կա, որ դա էլ իրենց կարծիքն է, կասեք դուք:
Դիտարկումս այն է, որ այս տեսակը, մյուսների խոսքը պաթոս, ճառ ու կենաց համարելուց անմիջապես հետո, մի այնպիսի տոնացունց ու հոգեճմլիկ կենացային ճառ, այնպիսի ճաճանչափայլ մաղթանք է հղում իր խոսքին «անհամբեր սպասող» հայ ժողովրդին (ժողովուրդը բնավ չգիտի նրանց գոյության մասին), որ մնում ես ապշած:
Որտե՞ղ են բուծվում այս ինքնահավան, անբարտավան ու անիմաստ տեսակները: Որտեղի՞ց է սրանց տրվում այն համոզմունքը, որ իբրև իրենք՝ իրենց սնամեջ ու ինքնանպատակ կյանքով վաստակել են մյուսների մասին քամահրական կամ խրատական կարծիք հայտնելու իրավունքը:
Որքանով հասկանում եմ, սա այն տեսակն է, ում թվում է, թե ամենախելացին, ամենասիրվածը, ամենաիրավասուն և միակ արժանին հենց ինքն է, որ կա:
Սա նաև այն տեսակն է, որոնք կարծում են թե «ոչ նախկին»-«ոչ ներկա» հիմարագույն թեզով իրենց վրա ուշադրություն են գրավելու և ավելի նախընտրելի են լինելու՝ դառնալով նոր (գուցե ավելի վատ փորձանք) երկրի համար:
Սա այն տեսակն է, որ իբրև ժողովրդի անունից են հանդես գալիս, բայց մասնավոր զրույցներում անվանարկում ու ձեռք են առնում այդ նույն ժողովրդին:
Սա այն տեսակն է, որ ուրիշներին աջ ու ձախ կոռուպցիայի ու թալանի մեջ է մեղադրում, բայց ինքն անձամբ բաց չի թողնում անաշխատ, հեշտ ու զարտուղի ճանապարհով փող կպցնելու որևէ տարբերակ: Իսկ պաշտոնի և իշխանության ձգտում է միայն մի բանի համար...
Սա այն տեսակն է, որը հեղինակն ու արարչագործն է տարատեսակ մուտիլովկաների, ինտրիգների, խառնակչությունների, կեղտոտ խաղերի ու բամբասանքների:
Սա այն տեսակն է, որին պետք է ճանաչել ու հեռու պահել պետական-հանրային կյանքից»: