Լուրեր

Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Գյումրում, ամբողջովին տեղավորվում է օրվա իշխանությունների ռեպրեսիվ գործողությունների տիրույթում․ Հովասափյան

20.10.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 
«Այն, ինչ այս պահին տեղի է ունենում Գյումրում, ամբողջովին տեղավորվում է օրվա իշխանությունների ռեպրեսիվ գործողությունների տիրույթում։ Տեղի ունեցող քաղաքական բեսպրեդելը վկայում է այն մասին, որ ցանկացած անձ, ում խոսքը, գործողությունները, հայտարարությունները, կարծիքի տարբերությունը և ընդհանրապես քաղաքական հայացքները չեն համապատասխանում իշխող վարչակազմի գաղափարներին, միանգամից համապատասխան «գործով» համարվում է նախ կասկածյալ, ապա ձերբակալվում և կալանավորվում։
Այս մեթոդը իշխանության համար նորություն չէ․ այն վաղուց ունի կիրառական պրակտիկա, հատկապես ՏԻՄ համակարգի հանդեպ, որը վերջին յոթ տարիների ընթացքում ամբողջովին ամլացվել է։
 
Գաղտնիք չէ, որ ՏԻՄ-երը իրավամբ համարվում են առաջնային մանդատ ունեցող ինքնուրույն սուբյեկտներ, որոնք ժողովրդից ստացած ուղիղ քվեով իրականացնում են կառավարում։ Իսկ Նիկոլի և իր վարչակազմի համար գործում է հետևյալ մոդելը՝ հնարավոր բոլոր միջոցներով պահել իշխանությունը, հետո էլ ցինիկաբար հայտարարել, թե իբր իրենք ունեն «ժողովրդի քվեն»։
Գյումրիում տեղի ունեցողին մենք ականատես ենք եղել ուղիղ երկու տարի առաջ Ալավերդիում, երբ «կարմիր բերետների» միջոցով նիստերի դահլիճի դուռը ջարդելով ավագանու նիստ անցկացրին և «քաղաքապետ ընտրեցին»՝ փաստացի ազատելով օրինական ընտրված համայնքապետին։ Մյուս մոդելը ապօրինի ձերբակալությունների սցենարն է, որին ականատես եղանք Վանաձորում, որտեղ Մամիկոն Ասլանյանը ստացել էր 15 մանդատ՝ ընտրողների 45 տոկոս քվեն (շատ կարևոր է ընդգծել, որ Ասլանյանը այդ ձայները ստացել էր 10 քաղաքական ուժերի միջև մրցապայքարի արդյունքում, որտեղ առկա էին նաև ՔՊ-ի սատելիտ ուժերը)։ Սակայն ընտրությունից օրեր անց՝ մի անհասկանալի և շինծու «գործի» շրջանակում, նա տարվեց կալանքի՝ անազատության մեջ անցկացնելով 2 տարի 7 ամիս։
 
Այսինքն՝ համատարած քաղաքական տեռորի պայմաններում օրվա իշխանությունը փորձում է մարդկանց համոզել, թե իրենք «ժողովրդավար» են, թե իրավապահ համակարգը չի «ուղղորդվում», և որ տեղի ունեցող ամեն ինչ բացառապես օրենքի տիրույթում է։ Իսկ սա այն դեպքում, երբ հենց գլխավոր կառավարիչը հրապարակավ արտահայտում է իր վերաբերմունքը տվյալ անձի (կամ անձանց) նկատմամբ՝ հստակ ցույց տալով իր կանխակալ մոտեցումը, որից հետո անմեղ հայացքով փորձում է չքմեղանալ։
 
Նմանօրինակ դրսևորումները, որոնց ականատես ենք այսօր, նախորդ դարի 30-ականներն են հիշեցնում։ Եվ երբ ցինիկաբար հայտարարում են՝ «էդ ո՞վ է ապրել 37 թվին, որ իմանա՝ ինչ է տեղի ունեցել», ուզում եմ ասել՝ 30-ականներին չենք ապրել, բայց քո սիրելի ԳլավԼիտից դուրս այլ աղբյուրների և հեղինակների՝ Պաստեռնակի, Սոլժենիցինի, Նաբոկովի հուշերն ու գործերն ենք մանրամասն ուսումնասիրել»։

← Վերադառնալ ցուցակին