Լուրեր
Սուտ #6. «Որեւէ գեներալ կամ նախկին պաշտոնյա ապօրինի չի հետապնդվում»
21.10.2025

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ ղեկավար կազմը մշտապես պնդում են, որ բոլոր քրեական գործերն իրականացվում են բացառապես իրավական դաշտում, առանց քաղաքական շարժառիթների։ «Հայաստանում այլեւս գոյություն չունի քաղաքական հետապնդում։ Ոչ ոք չի հետապնդվում իր անցյալի կամ քաղաքական պատկանելության համար»: (Ն.Փ., 2021թ. մարտ, ԱԺ ելույթ)
«Մենք ոչ մի գեներալի չենք հետապնդում նրա անցյալի համար: Եթե կա մեղք, քննությունը պիտի պարզի»: (Ն.Փ., 2022թ. սեպտեմբեր)
Հայաստանում 2018-ից սկսած տեսնում ենք թիրախավորված, ընտրովի եւ հստակ քաղաքական բնույթ ունեցող հետապնդումներ՝ հատկապես բանակի, Ազգային անվտանգության ծառայության եւ նախկին պետական համակարգի բարձրաստիճան դեմքերի նկատմամբ։ Միեւնույն արարքի համար որոշ անձինք ենթարկվում են քրեական հետապնդման, իսկ մյուսները՝ ոչ։ Ովքեր քննադատել են իշխանությանը կամ հանդես եկել պետականակենտրոն դիրքերից՝ հաճախ հետապնդվել են։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը սկզբում, աբսուրդի ժանրին հասնող, բենզինի գործով էր ենթարկվում պատասխանատվության, սակայն ի հեճուկս իշխանությունների՝ Սարգսյանն արդարացվեց, հետո Եռաբլուրը մեծացնողները սկսեցին Սարգսյանին մեղադրել Եռաբլուրի հողերի ապօրինի վաճառքի մեջ (այս պահին գործը դեռ ընթացքի մեջ է, չնայած նրան, որ վստահաբար այստեղ էլ նախագահը կարդարացվի)։ Երեւան քաղաքի զարգացման գործում իր մեծ ավանդն ունեցող Տարոն Մարգարյանին, ում կողմից իրականացված հարյուրավոր ծրագրեր ու աշխատանքներ ՔՊ-ականները տարբեր փուլերում վերագրեցին իրենց, կամ ընդհակառակը, արդեն իսկ կայացած ինստիտուտներ, տարիներ շարունակ գործող համագործակցություններ պարզապես քանդեցին, երկար ժամանակ նույնպես ենթարկվում է քաղաքական հետապնդման։
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ապօրինի գործի շրջանակներում 777 օր անցկացրեց անազատության մեջ (սկզբում՝ քրեակատարողական բաժանմունքում, հետո խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքի)։ Իշխանության անսանձությունը հասել է այն մակարդակին, որ Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, Արագածոտնի թեմի առաջնորդը, մի շարք հոգեւորականներ նույնպես անազատության մեջ են գտնվում։ Քաղբանտարկյալների շարքում է հայ մեծ բարերար Սամվել Կարապետյանն, ով կրում է «պատիժ» զուտ նրա համար, որ խոստացավ կանգնել եկեղեցու կողքին։ Քաղբանտարկյալի կարգավիճակում են նաեւ զոհված զինծառայողների ծնողներ, որոնց անգամ արգելվել է գնալ իրենց զոհված զավակների շիրիմներին։ Գեներալներ Մանվել Գրիգորյանը, Յուրի Խաչատուրովը, Մովսես Հակոբյանը, Սերյան Սարոյանը տարբեր փուլերում ենթարկվել են հրապարակային նվստացումների, քրեական հետապնդման սպառնալիքների։ Մարդիկ, անկախ իրենց ունեցած պաշտոնից, կարգավիճակից, եթե Նիկոլի ու իր իշխանության հասցեին ոչ հաճելի որեւէ թեզ են առաջ քաշում, շատ կարճ ժամանակահատվածում կա՛մ ձերբակալվում են, կա՛մ անհասկանալի պայմաններում մահանում։ «Խոսքի ազատության» դրոշակ թափահարող Նիկոլ Փաշինյանն այսօր յուրաքանչյուրին պատրաստ է զրկել ազատությունից՝ իրեն ու իր իշխանությանը քննադատական ու զրպարտող որեւէ խոսքի համար։
Փաշինյանի իշխանության օրոք դատարաններն ու իրավապահ համակարգը դարձել են ոչ թե քաղաքականությունից անկախ, այլ քաղաքականության գործիք։ Թիրախավորվել են մարդիկ ոչ թե ըստ արարքի, այլ ըստ անցյալի պատկանելության եւ ներկա դիրքորոշման։ Հայաստանում իրավական համակարգը գործել է քաղաքական պատվերներով, հատկապես՝ պետական բանակի, պետական անվտանգության եւ նախկին ղեկավար շրջանակների դեմ։ Սա հարված է ոչ միայն անհատների, այլեւ ամբողջ ինստիտուցիոնալ վստահությանը։
Եթե գեներալը դառնում է թիրախ ոչ թե պատերազմի ընթացքում, այլ խաղաղության հայտարարություններից հետո, երբ հոգեւորականները կանգնում են դատարանի առջեւ իրենց դիպուկ խոսքի համար, իսկ բարերաները դառնում են քաղբանտարկյալներ նրա համար, որ աջակցություն են հայտնում եկեղեցուն, դա խոսում է պետության հիվանդության մասին։ Ապօրինի հետապնդումները խլում են պետության արժանապատվությունը։
Շարունակելի
Տաթև ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ՀՀԿ խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
21.10.2025