Լուրեր

Պատերազմը պարտվելուց հետո, բանակի արդիականացման ամենածանրակշիռ քայլը դա զինծառայության ժամկետի կրճատո՞ւմն է․ Սարոյան

22.10.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Երեկ հայտարարվեց, որ 2026թ. հունվարի 1-ից ժամկետային զինծառայությունը դառնում է 1,5 տարի: 
Այսպիսով` ստացվում է, պատերազմը պարտվելուց հետո, բանակի արդիականացման ամենածանրակշիռ քայլը  դա զինծառայության ժամկետի կրճատո՞ւմն է:
 
Ուրեմն` բանակի արդիականացումը ենթադրում է՝ զինծառայողի պատրաստվածության մակարդակի բարձրացում, որն ի դեպ 1,5 տարվա մեջ հնարավոր չէ, հաևորդը` սպառազինության և տեխնոլոգիական հագեցվածության բարձրացումն է, որն ըստ ռազմական ծախսերի չավելացման պայմաններում դժվար է անգամ պատկերացնելը, հաջորդը` կառավարման և մոբիլիզացիոն համակարգի կատարելագործումն է, բայց ոչ թե զինվորական թվային կազմի կամ պատրաստման ժամկետի նվազեցում։
Երբ ժամկետային զինծառայության ժամկետը կրճատվում է, անհրաժեշտություն է առաջանում պայմանագրային կազմի թվաքանակի ավելացում իրականացնել համալրվածությունը բալանսավորելու համար: Հակառակ պարագայում նորակոչիկների և զորացրվողների շրջանառությունը չի բավարարի թվակազմի համալրվածությունը:
Այսինքն՝ նման քայլը ավելի շատ խոսում է ոչ թե բարեփոխման, այլ թվաքանակի կրճատման և հասարակությանը մանիպուլացմամբ «հանգստացնելու» քաղաքական փորձի մասին, 
մոտավորապես՝ «տեսեք, մենք խաղաղության ճանապարհին ենք, դրա համար կրճատում ենք զինծառայությունը», կամ էլ կարող են վաղը մյուս օրը հայտարարել` «բա մեզ պե՞տք էր բանակը» և այլն:
 
Սակայն ռազմական առումով դա նշանակում է՝ պաշտպանունակության անկում, մարտունակ պահեստազորի թուլացում և երկարաժամկետ հեռանկարում՝ բանակի ինստիտուցիոնալ քայքայում։
Մի խոսքով՝ եթե չկան փոխհատուցող մեխանիզմներ (պայմանագրային ծառայություն, բարձր տեխնոլոգիական հզորություններ, զորահավաքային պատրաստվածություն), ապա ծառայության ժամկետի կրճատումը պարտված երկրի դեպքում ոչ թե արդիականացում է, այլ ինքնաքայքայման նշան»։

← Վերադառնալ ցուցակին