Լուրեր

Այսօր բոլորս ականատես եղանք, որ ընդամենը մի խումբ կասկածելի դեմքեր էին փորձում պաշտպանել կարգալույծ եղածին․ Հովասափյան

23.10.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Փորձեմ հնարավորինս մատչելի ներկայացնել, թե իրականում ինչ է փորձում անել Նիկոլ Փաշինյանը Հայոց եկեղեցու հետ՝ փաստացի ստեղծելով հակաթոռություն։
Հայոց պատմության ամենահետաքրքիր և երբեմն ամենացավալի երևույթներից մեկը հակաթոռությունն է՝ հոգևոր աթոռի շուրջ ծավալվող պայքարը, որը շատ հաճախ վեր է ածվել ոչ թե հոգևոր հավատքի, այլ իշխանության վեճի։ Ընդգծեմ, որ երբ ասում ենք «հակաթոռություն», նկատի ունենք այն իրավիճակը, երբ նույն Կաթողիկոսական աթոռին միաժամանակ հավակնում են երկու հոգևորական՝ յուրաքանչյուրն իրեն համարելով օրինական առաջնորդ։ Այստեղ պետք է հստակ արձանագրել, որ այս երևույթը երբեք չի ծնվել զուտ եկեղեցական տարաձայնություններից․ այն եղել է քաղաքական ազդեցությունների և աշխարհիկ հավակնությունների ամենաազդեցիկ արտահայտություններից մեկը, ինչպես նաև աշխարհիկ իշխանությունների կողմից շահարկվող խաղաթուղթ։
 
Ինչպես հայտնի է, Հայոց եկեղեցին դարեր շարունակ եղել է ազգային ինքնության և պետականության հիմնական հենասյուներից մեկը։ Այդ իսկ պատճառով Կաթողիկոսի ընտրությունը միշտ էլ դուրս է եկել հոգևորի սահմաններից՝ դառնալով պետության համար առանցքային հարց։ Հենց այդ պատճառով էլ իշխանական տներն իրենց շահերն էին դնում առաջին պլան՝ փորձելով իրենց «սրտի թեկնածուին» նստեցնել հայրապետական աթոռին, այդպիսով վերահսկելով ոչ միայն եկեղեցու կառույցը, այլև ժողովրդի գիտակցությունն ու ինքնությունը։ Այդտեղ էլ ծնվել է այսպես կոչված հակաթոռությունը՝ որպես քաղաքական բախման հոգևոր շարունակություն։
Դեռևս յոթերորդ դարում Հայ եկեղեցու ներսում ծավալվեց առաջին հայտնի հակաթոռական շարժումը։ Երբ Կաթողիկոս ընտրվեց Քրիստոս Բ Պարթևը, նրա դեմ դուրս եկավ Խորեն Մամիկոնյանը՝ Սյունյաց տոհմի և պարսկական իշխանների աջակցությամբ։ Երկուսն էլ իրենց էին համարում օրինական Կաթողիկոս, և այդ հակադրությունը տարիներ շարունակ պառակտեց եկեղեցին։ Նմանատիպ դեպքեր շարունակվեցին նաև Բագրատունյաց թագավորության շրջանում, երբ նախարարական տները՝ յուրաքանչյուրը իր ազդեցությամբ, փորձում էին ունենալ սեփական հոգևոր առաջնորդ։
 
Ամենաբարդ հակաթոռական իրադրությունը ձևավորվեց Կիլիկյան Հայաստանի ժամանակաշրջանում, երբ հայկական պետականությունը տեղափոխվեց Կիլիկիա, և այնտեղ ստեղծվեց նոր Կաթողիկոսություն՝ Սիս նստավայրով։ Մինչդեռ Էջմիածնի հին աթոռը շարունակում էր իր գոյությունը։ Երկու կենտրոնների առկայությունը սկզբում ընկալվեց որպես հակաթոռություն, սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ նոր իրողություն՝ արտացոլելով եկեղեցու ճկունությունն ու ազգային դիմակայության կարողությունը։
Հակաթոռությունը, սակայն, միայն Ամենայն Հայոց Հայրապետի աթոռի շուրջ պայքար չէր։ Դա պայքար էր լեգիտիմության համար՝ ո՞վ է իրական առաջնորդը՝ նա, ով ընտրվել է կանոններով, թե նա, ով ունի ժողովրդի կամ արտաքին հովանավորների աջակցությունը։ Ըստ էության, այս երևույթը ցույց է տալիս, որ հայ քաղաքական մշակույթում հոգևորն ու աշխարհիկը երբեք լիովին չեն բաժանվել։ Հայրապետական աթոռի շուրջ պառակտումները պատմության ընթացքում միշտ եղել են իշխանական համակարգերի հայելին, որտեղ արտացոլվել են ժամանակի ներքին հակասությունները, շահերն ու գաղափարական ճակատագրերը։ Հակաթոռության յուրաքանչյուր դրվագ փաստացի եղել է փորձաքար՝ որոշելու, թե որտեղ է անցնում սահմանը հավատքի և իշխանության միջև։ Իսկ այդ սահմանը, ինչպես ցույց է տալիս պատմությունը, հայ իրականության մեջ երբեք հստակ չի եղել։
 
Այդ հարցը, փաստորեն, ոչ միայն անցյալի, այլև ներկայի խնդիր է։ Այն, ինչ ժամեր առաջ տեղի ունեցավ Հովհանավանքում, Նիկոլ Փաշինյանի վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ նախօրեին հնչեցրած թեզերի տրամաբանական շարունակությունն էր, երբ նա հայտարարում էր, թե «եկեղեցիները պետք է պետականացվեն»։ Ավելին՝ նա ամեն ինչ անում է, որ ի դեմս մի քանի վտարանդի քահանաների, որպես Ամենայն Հայոց Կաթողիկոսի հակակշիռ, ստեղծի իր «կաթողիկոսարանը»։
 
Հ.Գ. Այսօր բոլորս ականատես եղանք, որ ընդամենը մի խումբ կասկածելի դեմքեր էին փորձում պաշտպանել կարգալույծ եղածին՝ նրան իրենց «թևի տակ քաշելով»։ Սա ցույց է տալիս, որ այն թեզը, թե Փաշինյանը վստահ չէ՝ իր կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավը հասարակության լայն զանգվածների կողմից աջակցություն կստանա, ամբողջովին արդարացված է»։

← Վերադառնալ ցուցակին